«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ

«Ազգի» թղթակցի խնդրանքով ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւիՙ Ղարաբաղի «անջատողականների» հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը, նշել է, որ դա առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանում այսօր տիրող ներքաղաքական իրավիճակով։ Ավելի կոնկրետ մեկնաբանությամբՙ Վ. Աթանեսյանը նկատի ունի նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանի Հանրապետության գործող իշխանությունների մտահոգությունը հավանական իշխանափոխության հեռանկարից, ինչը նպատակ ունի հավասարակշռել ծայրահեղ ազգայնական քարոզչությունը։ Հատկապես «Ենի մուսավաթ» կուսակցության եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի քաղաքական հակակշռությունը լուրջ մտահոգության առիթ է։

Արցախցի խորհրդարանականի տեսակետով, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության շեշտադրումը ԼՂ ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսելու մասով, մանավանդ առանց հայաստանյան կողմի մասնակցության, մի փորձ է ղարաբաղյան բանակցությունների մեթոդոլոգիան ենթարկել տրանսֆորմացիայի։ Այսինքնՙ ամեն ինչ իբր կանխորոշված է, եւ ըստ Վիլայաթ Գուլիեւի տրամաբանությանՙ ապահովվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս հարթության վրա բանակցությունները պիտի տարվեն, Վ. Գուլիեւի արտահայտությամբ, Ադրբեջանի քաղաքացիների հետ, իսկ դա նշանակում է սոսկ ԼՂ հայ բնակչության որոշակի անվտանգության կամ քաղաքացիական իրավունքների երաշխիքներ տալու հարցերի քննարկում։

ԼՂՀ իշխանությունների համար անընդունելի համարելով նման մեթոդոլոգիայով բանակցությունների սկսումը, Վ. Աթանեսյանը հատկանշեց, որ հարկ է հաշվի առնել 1994 թ. մայիսին Բիշքեկում կազմված արձանագրության արդյունք հանդիսացող քաղաքական իրողությունները, որոնք գոյություն ունեն այսօր։ Դա առաջին հերթին ԼՂՀ-ի դե ֆակտո գոյությունն է։ Եթե Ադրբեջանն այս հարթության վրա է դիտարկում բանակցությունները, ապա դա միայն ողջունելի է։ Այլ հարց է, որ քննարկվող խնդիրների համակարգը կարելի է ճշտել։ Այս տեսանկյունից Վ. Աթանեսյանը հույժ անձնական տեսակետ արտահայտեցՙ գտնելով, որ Վիլայաթ Գուլիեւի հայտարարության տրամաբանությունը նաեւ հուշում է, որ Ադրբեջանը գրեթե միանշանակորեն ընդունում է, որ առանց Ղարաբաղի ժողովրդի կամքի հիմնախնդիրը կարգավորել անհնար է։

Արցախցի խորհրդարանականի կարծիքով, եթե Ադրբեջանում ներքաղաքական զարգացումները առաջիկայում չբերեն իշխանափոխության, ապա ներկայումս իշխող կուսակցությունը կարող է աստիճանաբար ավելի իրատեսական դիրքորոշման հանգել։ Միեւնույն ժամանակ, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն անհաջողությամբ ավարտվեն կամ պարզապես առաջընթաց չարձանագրվի, ապա դա էլ իր հերթին կարող է տեղիք տալ նոր իշխանափոխության։ Այս առումով, ըստ Վ. Աթանեսյանի, Ադրբեջանը ներքաղաքական կայունություն ապահովելու խնդիր ունի։ Այս կարծիքը դիտարկելով անկախ Ադրբեջանի 10-ամյա պատմության ֆոնի վրա, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ իշխանափոխությանը սովորաբար հետեւում է քաղաքացիական դիմակայությունը, ինչը Ադրբեջանի նման պետության համար հղի է նոր պետական կազմավորումների ի հայտ գալու վտանգով։ Այս անհանգստությունը շոշափելիորեն առկա է, որովհետեւ Ադրբեջանի որոշ շրջաններ այսօր էլ անհանգիստ են։ Ոչ ոք չի մոռացել 1993-94 թթ. հռչակված Թալիշ-Մուղանյան Հանրապետությունը կամ, ասենք, լեզգիների հիմնախնդիրը։ Առկա իրողությունների գնահատմամբՙ Վ. Աթանեսյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունն առավել շատ վնասում է Ադրբեջանին, քան ԼՂՀ-ին կամ ՀՀ-ին։ Ու եթե նախագահական ընտրություններում իշխանության գլուխ չկանգնեն ծայրահեղ ազգայնական ուժերը, ապա կարելի է հուսալ, որ ադրբեջանական կողմի ընկալումներում իրատեսական մոտեցումներն ավելի շատ կլինեն։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4