ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հուլիսի 7-ին «Երախտագիտություն» մեդալ է հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի (Կանադա) բաժանմունքի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանինՙ հանրապետության սոցիալական ոլորտի վերականգնման եւ զարգացման գործում ծանրակշիռ ավանդի համար։
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արկադի Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրին հիմնադրամի Տորոնտոյի բաժանմունքի կողմից Արցախում իրականացվող գործունեության համար, ինչի շնորհիվ միայն այս տարի գազատար խողովակներ են անցկացվել հանրապետության Մարտակերտի շրջանի 4 բնակավայրերում, ինչպես նաեւ շահագործման է հանձնվել գազամատակարարման ներքին համակարգը Վանք գյուղումՙ այդ բնակավայրի բոլոր տները միացնելով համակարգին։
Մկրտիչ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին իր աշխատանքի այդչափ բարձր գնահատականի համար, միաժամանակ հավաստելով այսուհետ եւս Արցախում սոցիալ-տնտեսական բնույթի տարբեր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։