Հունիսի 30-ին Բեռլինում տեղի ունեցավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած «Ճգնաժամային տարածաշրջան Հարավային Կովկասը. հեռանկարներ եւ հնարավորություններ գերմանական եւ եվրոպական քաղաքականության համար» վերնագրով երկու մասից բաղկացած միջոցառումը։ Կազմակերպվածը վկայում է, որ Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ 1500 կմ երկարությամբ ձգվող, բնական պաշարներով, պատմական իրադարձություններով, մշակույթներով հարուստ այդ տարածաշրջանը, որ կազմում է Եվրոպայի եւ Ասիայի ավանդական սահմանի մի մասը, հյուսիսի ու հարավի, արեւելքի եւ արեւմուտքի տրանսպորտային ու հաղորդակցային կամուրջը, շարունակում է մնալ տարաբնույթ քննարկումների կիզակետում։ Ինչպես ձեւակերպում են միջոցառման հեղինակները, Հարավային Կովկասն այսօր միջազգային հանրության գիտակցության մեջ արյունոտ տարածաշրջանից փոխակերպվել է ճգնաժամայինի։ Անկայուն տարածաշրջան, արյունոտ էթնիկ բախումներ, երկրների պրկված հարաբերություններ, անբարենպաստ մթնոլորտ առաջադիմության համար։ Շատ գերտերություններ են հետաքրքրություն ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպՙ նկատի առնելով նրա ռազմավարական նշանակությունը, նավթը, գազը։ Ոչ միայն Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն են մրցակցում այստեղ ազդեցություն ունենալու համար, այլեւ ԱՄՆ-ն ու Եվրոպան։
Հակամարտության համալիր կառուցվածքները միահյուսված են։ Ազդեցության համար մրցակցող գերտերությունների հետաքրքրություններով, հնարավորություններով պայմանավորվածՙ առանձին դեպքերում հակամարտությունները կարող են սրվելՙ դրանով հանդերձ որոշակի պարզաբանումներ մտցնելով առկա խնդիրներում։ Առանձին դերակատարների հետաքրքրություններն ու հնարավորությունները վերլուծելը, տարաբնույթ վիճաբանությունների միջեւ գոյություն ունեցող փոխազդեցությունները ճանաչելն առաջին քայլն է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջոցով զարգացնելու դրական ներազդեցության ռազմավարությունը։
Էբերտ հիմնադրամի կազմակերպած մեկօրյա քննարկման առաջին մասը վերնագրվել է հետեւյալ կերպՙ «Մարտահրավերներ ու հեռանկարներ տարածաշրջանի համար. շրջանային համագործակցությունը եւ միջազգային կազմակերպությունների ազդեցությունը»։ «Ինքնավարություն, պետականություն, ֆեդերալ լուծումների երաշխիքներ տարածաշրջանի համար. ապագայի ու խաղաղության ըմբռնում» թեմայով զեկուցել է Ստոկհոլմից ժամանած «Cornell Caspian Consulting»-ի ներկայացուցիչ Սվանտե Է. Կորնելը։ Դրան հետեւած բանավեճին մասնակցել են «Public Forum Pro Azerbaijan»¬ի նախագահ, ԳՈՒԱՄ¬ի կոորդինատոր Էլդար Նամազովը, ՀՀ արտգործնախարարությունից Աշոտ Ոսկանյանը, Վրաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատար Մերաբ Անտաձեն, բանավեճը վարել է Թբիլիսիում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը ներկայացնող Վինֆրիիդ Շնայդեր¬Դետերսը։ Ընդմիջումից հետո սկսված հաջորդ բանավեճի նյութ է դարձել «Գերմանական եւ եվրոպական հետաքրքրությունները Կովկասում» թեման, որին մասնակցել են Բեռլինի արտաքին գերատեսչության Ռուսաստանի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի պատասխանատու Նորբերտ Բաասը, Բրյուսելի Եվրահանձնաժողովի արտաքին կապերի ներկայացուցիչ Կուրտ Յուուլը, Բունդեսթագի պատգամավորներ Ֆրիդբերգ Պֆլուգերը, Գերտ Վայսքիրշենը։ Բանավեճը վարել է նախկին պատգամավոր Դիտրիխ Շպեռլինգը։
Միջոցառման երկրորդ մասը կրել է «Միջազգային կազմակերպությունների հետաքրքրություններն ու հնարավորությունները, Կովկասի ռազմավարական նշանակությունը միջազգային համատեքստում» վերնագիրը։ Մասնակցել են ԵԱՀԿ¬ում ԳԴՀ դեսպան, նախկինումՙ մինչեւ 2002¬ը Վրաստանում ՄԱԿ¬ի հատուկ հանձնակատար Դիտեր Բոդենը, քաղաքական խորհրդատվական բաժնից Իվան Կոյեդջիկովը, ՆԱՏՕ¬ի պետքարտուղարության համակարգող Գյունթեր Ալթնբուրգը։ Բանավեճը վարել է Բեռլինի Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի ներկայացուցիչ Ուվե Հալբախը։ Վերջին բանավեճի թեման կրել է «Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ Միացյալ Նահանգներ. արտաքին ազդեցություններ» վերնագիրը։ Մասնակցել են Մոսկվայի Կարնեգի հիմնադրամի գիտափորձագիտական հաստատության նախագահ, Ռուսաստանի արտգործնախարարության համալսարանի (ՄԳԻՄՕ¬ի) պրոֆ. Ալեքսեյ Մալաշենկոն, Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետից Մուստաֆա Այդինը, Թեհրանի քաղաքական եւ միջազգային ուսմանց ինստիտուտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ահմեդ Սադհեգին։ Բանավեճը վարել է Բեռլինի Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի ներկայացուցիչ Յուրգեն Շմիդտը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա