«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք օրեր առաջ Մարսելի (Ֆրանսիա) Բուշ-դյու-Ռոն նահանգի մարզային խորհրդի պատվիրակության այցին, որի կազմում էր Սրբոց թարգմանչաց մայր եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» մշակույթի կենտրոնի տնօրեն, համանուն երգչախմբի եւ Նիսի «Սայաթ-Նովա» երգչախմբի ղեկավար Խաչիկ Ելմազյանը։ Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը։
¬ Պրն Ելմազյան, քանի՞ տարի է, որ գործում է մշակույթի կենտրոնը եւ ի՞նչ միջոցառումներ է իրականացնում։
¬ Մշակույթի կենտրոնը հիմնվել է 25 տարի առաջ։ Այն ժամանակ, երբ ես Գերմանիայից տեղափոխվեցի Մարսել, դեռ նոր էին ավարտել կենտրոնի շինարարությունը եւ այդ կենտրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնն ինձ հանձնվեց։ «Սահակ-Մեսրոպ» կենտրոնում հաճախակի տեղի են ունենում բանախոսություններ, երգահանդեսներ, ցուցահանդեսներ, ժողովրդական հավաքույթներ, համերգներ եւ ճաշկերույթներ։
¬ Շա՞տ են Մարսելում մշակութային կենտրոնները։
¬ Մարսելում եւ իր շրջանների մեջ բազմաթիվ կազմակերպություններ կան, բայց անկեղծորեն նշեմ, որ ամենածանոթ եւ հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկը «Սահակ-Մեսրոպն» է։
¬ Իսկ ինչպիսի՞ն է ժողովրդի վերաբերմունքը մշակույթի հանդեպ։
¬ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ որոշ զանգվածն է միայն հետաքրքրվում մշակույթով, երաժշտությամբ, նկարչությամբ, քանդակագործությամբ եւ այլն։ Սա ցավով եմ նշում։ Բայց շատ էլ պետք չէ դժգոհել, որովհետեւ նոր սերունդը հոգ չէ, որ հայերեն չգիտե, բայց ավելի կապված է իր արմատներին, քան այն երկու սերունդները, որոնք բազմաթիվ ու բազմաբնույթ զրկանքներ կրելով, մեծ դժվարությամբ եկան ու հաստատվեցին Ֆրանսիայում եւ նրանց գլխավոր մտահոգությունը եղավ նախՙ ապրուստն ապահովել եւ նոր միայն նվիրվել զանազան մշակութային, կրթական կամ ազգային ու եկեղեցական ծառայություններին։ Գաղութում կան շատ հարուստ, շռայլ կյանքով ապրող հայեր, որոնք, սակայն, ցավոք սրտի, հեռու են մնում ազգային ու մշակութային զանազան ձեռնարկներից։
¬ Իսկ ի՞նչն է պատճառը։
¬ Ես կարծում եմ, որ հեռու մնացողները լավ չեն ընտելացել մեր մշակույթի արմատներին, չեն ճանաչել ու գործածել այն։ Եվ այստեղ է, որ մենքՙ բոլոր պատասխանատուներս, ղեկավարներս, որոշ պատասխանատվություն ու մեղքի բաժին ունենք։ Միգուցե ժամանակին լավ ու մատչելի ձեւով չենք ներկայացրել մեր ազգային մշակույթի ոգեղեն գանձերը։
¬ Մարսելում եւ իր շրջաններում որքա՞ն է այսօր հայկական համայնքի թիվը։
¬ 80¬90 հազարի է հասնում, որոնցից միայն 10¬12 հազարն է ակտիվ մասնակցում մշակութային ձեռնարկներին եւ կենտրոնի աշխատանքներին։
¬ Պրն Ելմազյան, այժմ խոսենք ձեր ղեկավարած երգչախմբերի մասին։
¬ Մարսելի Սրբոց թարգմանչաց մայր եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը, որը 57 անդամ ունի, միայն պատարագներ ու հոգեւոր երգեր չի կատարում։ Ճիշտ է, մեր երգացանկում մեծ տեղ ունեն Եկմալյանի քառաձայն պատարագը եւ Կոմիտասի պատարագը։ Կոմիտասի հինգ սաներից մեկիՙ Վարդան Սարգսյանի կողմից այդ պատարագը վերագործիքավորվել է խառը երգչախմբի համար, հաշվի առնելով, որ սփյուռքում միայն արական ձայներով երգչախմբեր գտնելն անհնարին է, ու մշակվել է չորս ձայների համար։ Սակայն մեր երգչախմբի հիմնական խնդիրներից մեկը հայ ժողովրդական ու դասական երգի ու երաժշտության տարածումն է։
¬ Ներկայացրեք նաեւ Նիսի «Սայաթ-Նովա» երգչախումբը։
¬ Իր 38 անդամներով 10 տարիներ ի վեր «Սայաթ-Նովա» երգչախումբը բացի հոգեւորից, կատարում է նաեւ հայրենի երգահանների ստեղծագործություններ ու հրաշալի ընդունելություն է ունենում ոչ միայն հայ, այլեւ ֆրանսիացի հանդիսականների կողմից, ու արժանանում հոտընկայս ծափերի։
¬ Ֆրանսիական կառավարությունն աջակցո՞ւմ է երգչախմբին։
¬ Միանշանակ, այո։ Տարեկան կազմակերպվող 10¬12 համերգներից գրեթե բոլորն իրականացնում են ֆրանսիական կազմակերպությունները, որի համար շատ երախտապարտ ենք։
¬ Առաջիկայում ի՞նչ համերգային ծրագրեր ունեք։
¬ Ֆրանսիական կառավարությունը հուլիսի 12-ին երգչախմբին կրկին հրավիրել է մասնակցելու միջազգային երգչախմբային արվեստի փառատոնին։ Իսկ հուլիսի 19-ին Սեն Ռաֆայելի քաղաքապետի հատուկ հրավերով երգչախմբերը համերգներով հանդես կգան Սեն Ռաֆայելի մայր տաճարում։ Այս համերգներով քաղաքապետը ցանկանում է ֆրանսիացիներին, իր քաղաքի բնակիչներին ծանոթացնել հայ երաժշտության գոհարներին։ Թե «Սահակ-Մեսրոպ» եւ թե Նիսի «Սայաթ-Նովա» երգչախմբերն արդեն մի քանի տասնամյակ է ինչ զբաղված են հայ երգն ու երաժշտությունը Ֆրանսիայում տարածելու առաքելությամբ։
¬ Պրն Ելմազյան, Մարսելի հայկական դպրոցներն ի՞նչ վիճակում են։
¬ Մարսելում կա ամենօրյա համազգային դպրոց նաեւ գործող 9 հայկական եկեղեցիներին կից կան մեկօրյա կամ երկօրյա դպրոցներ։ Անհամեմատելի է, իհարկե, Պոլսի վարժարանների հետ (խոսքս կրթական մակարդակին է վերաբերում)։ Սակայն, փառք պիտի տանք Տիրոջը, որ գեթ մեկ կամ երկօրյա վարժարաններ կան, որտեղ մատաղ սերնդին կարողանում ենք կրթել Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի ոգով, եւ մշակույթի մաքրամաքուր ակունքներից սնած դաստիարակությամբ։
¬ Հայկական դպրոցներում աշակերտների թիվն աճո՞ւմ է, թե՞ նվազում։
¬ Անկեղծորեն նշում եմ, որ օր-օրի աճում է Համազգայինի դպրոցի աշակերտների թիվն ու բարձրանում ուսման մակարդակը։
¬ Ինչո՞վ է պայմանավորված դա։
¬ Պարզապես այստեղ որեւէ կուսակցական պատկանելություն այլեւս չկա եւ ինչպես դուք եք ասում Հայաստանումՙ մի բուռ ժողովուրդ ենք, ուրեմն զերծ մնանք կուսակցական խաղերից ու մի բռունցք դառնանք հանուն հայ մշակույթի, հայ դպրոցի, հայ եկեղեցու ու հավատի, միանանք սիրով ու հոգով, մի մեծ ուժ դառնանք աշխարհով մեկ։
Հարցազրույցը եւ լուսանկարներըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ