«.am» խմբագրության կարծիքով առայժմ նախընտրելի է լատինատառը....
Հանրապետության նախագահի president. am ինտերնետային էջում զետեղված նամականու բաժնի մասին մեր հրապարակմանը անմիջապես հետեւեց «.am» խմբագրության խմբագիր Լիանա Դոդոյանի պատասխանը, որում նա, ի զարմանս մեզ, շրջանցելով հարցի էությունը, քննադատում է նյութի հեղինակի համակարգչային գիտելիքները։ Այդ պատասխանը չենք հրապարակում, քանի որ գրեթե ամբողջությամբ կազմված է վիրավորանքներից։
Նախ խմբագրին տեղեկացնենք, որ «Ազգը» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես համահայկական տեղեկատվական դաշտի ձեւավորման ու զարգացման կարեւորագույն հարցերին։ Ենթադրում ենք, որ խմբագիր Դոդոյանը չի հետեւում վերոհիշյալ թեմայով մեր հրապարակումներին, այլապես կիմանար, որ քննադատվող նյութը ուղղակիորեն կապված էր նախորդների հետ («Ազգ», 12 հունիսի, 3 հուլիսի, 2003)։
Գուցե հենց հայերենի վատ իմացության պատճառով է նա նյութը ընկալել որպես «մակերեսային եւ ինքնանպատակ», միաժամանակ դժգոհելով, թե չենք տիրապետում խնդրո առարկային, մեզ նեղություն չենք տվել դիմելու մասնագետի, որ «կեղծ հայրենասիրությամբ ենք տառապում» եւ այլն։
Լսենք «Ազգի» ինտերնետային հանգույցի պատասխանատու Վալերի Մարկարյանի պարզաբանումներն այս մասին։
¬ Նախագահի նամականու հայերեն բաժնի նամակները մի՞թե հնարավոր չէ զետեղել մեսրոպատառ հայերենով։
¬ Անշուշտ, ինտերնետում մեսրոպատառ հայերենով աշխատելն ունի որոշ տեխնիկական դժվարություններ, որոնց հիմնական պատճառն այն է, որ համակարգչային հայերեն այբուբենը միջազգայնորեն առայժմ չի ճանաչվել։ Դրա համար էլ ինտերնետով հայերեն գրություններ ուղարկելու հմտություն ունեն սահմանափակ թվով մարդիկ։ Ահա թե ինչու, նամակների 90 տոկոսից ավելին գրվում է լատինատառ հայերենով։ Տեղեկատվական հանգույցներում մեսրոպատառ հայերենով գրությունների տեղադրումը, ըստ էության, անմիջականորեն կախված է տվյալ հանգույցի աշխատակազմի մասնագիտական հմտությունից եւ հարցի կարեւորության գիտակցումից։
Ցավալի փաստ է, որ պաշտոնական հանգույցի նամականու բաժնում լատինատառ հայերենով նամակներ են տեղադրվում։ Կարծում եմ, որ ոչ մեսրոպատառ գրություններն ընդհանրապես չպետք է տեղադրել պաշտոնական հանգույցներում կամ առնվազն դրանք պետք է դարձնել հայատառ։ Մենք չպետք է նպաստենք լատինատառ հայերենի ընդարձակմանը, հասկանալով, որ այդկերպ ստեղծում ենք զուգահեռաբար գործող 2 այբուբեններ։ Դրա վտանգն, ըստ իս, ինքնին հասկանալի է։
¬ Ի՞նչ միջոցառումներ են պետք այս խնդիրը վերջնականորեն լուծելու համար։
¬ Առաջին հերթին հայկական տեղեկատվական դաշտը ձեւավորող մասնագետները պետք է հրաժարվեն հանգույցներում լատինատառ հայերեն գրություններ տեղադրելուց, հասկանալով, որ դա միանգամայն անթույլատրելի է։ Իսկ ամենագլխավորըՙ հանրապետության նախագահին պետք է խնդրել անմիջական հսկողության տակ առնել այս խնդիրը, որովհետեւ այլեւս դժվար է ակնկալել, թե խնդիրը երբեւէ կլուծի «Հայպետստանդարտը»։
«ԱԶԳ»