Շուշիի ռեալական ուսումնարանի վերականգնման գաղափարը հղացվել էր դեռեւս 2001թ., երբ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվել էր տարածաշրջանում երբեւէ մեծ հեղինակություն վայելող այս կրթօջախի 120-ամյակը։ Մոտավոր հաշվարկներով, ուսումնարանի վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 800 000 ամերիկյան դոլար, որի հանգանակությունն սկսվել էր արդեն 2001թ.։
Օրերս Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախմբի համերգը ռեալականի բակումՙ նույն այս նպատակն էր հետապնդում։ Նվագախմբի գործադիր տնօրեն Ա. Արաբյանի խոսքերով, բարեգործական այդ ձեռնարկման նպատակն է ստեղծել կինոնկար, որը կցուցադրվի նաեւ Սփյուռքում։ Կինոնկարի ցուցադրմամբ կիրականացվի հանգանակություն, որից ստացված ամբողջ գումարը կփոխանցվի ռեալական ուսումնարանի հիմնադրամի հաշվին։
Հուլիսի 5-ի երեկոյան Շուշիում տեղի ունեցած համերգը, որն ուղեկցվեց լույսերի հրավառությամբ, թերեւս աննախադեպ էր Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումից հետո։ Համերգին ներկա էին ինչպես շուշեցիները, այնպես էլ ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից։
Նշենք, որ Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախումբը, Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության շրջանակներում համերգներով հանդես էր եկել նաեւ Ստեփանակերտի մշակույթի պալատում եւ Գանձասարի վանքի բակումՙ գեղագիտական մեծ հաճույք պատճառելով ունկնդիրներին։ Նվագախմբի ղեկավարը իր գոհունակությունը հայտնեց արցախցի հանդիսականների ջերմ ընդունելությունից։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ