Որքան տեսանելի է հետաղետյան Գյումրիում վերջին տարիներին դպրոցաշինության ու բնակարանաշինության լայն ծավալումը, նույնքան ակնհայտ է այստեղ տակավին լուծման սպասող հսկայական խնդիրների առկայությունը տնտեսության, արդյունաբերության վերազարթոնքի ապահովման ուղղությամբ։ Իսկ առանց դրա, ինչպես այսօր երեւի բոլորն են սկսել ըմբռնել, պարզապես անհնար է պատկերացնել քաղաքի, մարզի իրական վերածնունդն ու զարգացումը։ Հետեւաբար նաեւՙ տարածաշրջանի արժանի մասնակցությունը մեր երկրի ընդհանուր զարգացմանը։
Այս տարվա փետրվարի 5-ին մարզ կատարած նախընտրական այցի ժամանակ ելույթ ունենալով Գյումրի քաղաքի ընտրողների առջեւ, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում կարեւորեց այստեղ արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը։ Դրան համահունչ էր պատահական թե ոչ պատահական զուգադիպությամբ հաջորդ օրն իսկ Գյումրիում կազմակերպված քննարկումըՙ մարզի գործարարների հետ ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի, պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանի եւ Շիրակի մարզպետ (այժմ արդեն նախկին) Ֆելիքս Փիրումյանի հանդիպման ժամանակ։ Չցանկանալով, որ մարզի տնտեսության զարգացման, այստեղ գործարարության ծավալման հեռանկարներին նվիրված այդ հանդիպման ընթացքում պետության ներկայացուցիչների արտահայտած սկզբունքային մոտեցումները, խնդրի հիմնավոր լուծմանը վերջապես մոտենալու հավաստիացումները հանկարծ մնան ընդամենը այն օրերի նախընտրական խոսակցություն, դրանց անդրադառնում ենք հիմա, ի հիշեցումն իրենց լիազորությունները պահպանած եւ հետեւաբարՙ սկսված քննարկումները շարունակել պատրաստվող իշխանությունների։
Իսկ այդ քննարկումներն ու խորհրդակցությունները կոչված են օգնելու հանրապետության ընդհանուր զարգացման համատեքստում Շիրակի տարածքային տնտեսական զարգացման ծրագրի ստեղծմանը, այդ զարգացման հիմնական ուղղությունները որոշելուն։ Ընդսմին հայեցակարգային առումով որպես ամենակարեւորն ու առաջնայինը նշվում է, որ մարզի նկատմամբ պիտի լինի առանձնահատուկ մոտեցում։ Դա, պետք է կարծել, թելադրված է մի կողմից տարածաշրջանում, հատկապես Գյումրի քաղաքում տիրող առանձնահատուկ իրավիճակով, մյուս կողմիցՙ տարածաշրջանի ռազմավարական նշանակությամբ եւ նրա ներուժի վերագործադրման, առկա սահմանափակումների հաղթահարման հարցում արտակարգ միջոցառումների անհրաժեշտությամբ։ Խոսքը վերաբերում է, նաեւ, մեկ կողմից (Թուրքիայի հետ սահմանով) ամբողջությամբ շրջափակվածությանը, տեղի պայմաններից բխողՙ ինքնարժեքի հետ կապված խնդիրներին, շուկաներ գտնելու դժվարություններին, մեծ ներդրումների համար գոտու գուցե որոշ ռիսկայնությանը եւ այլն։ Ամենակարճ հաշվարկն այստեղ տալիս է ներկայիս հետեւյալ մեկնարկային պատկերը։ 300 հազար բնակչությամբ մարզում գրանցված է 30 հազար գործազուրկ միայն Գյումրի քաղաքում։ Հանրապետության մոտավորապես մեկ տասներորդ մասը կազմող մարզը, ներառելով նախկին հզոր արդյունաբերական կենտրոն Գյումրին (եւ ոչ միայն), պետք է տար երկրի արդյունաբերության ընդհանուր արդյունքի գոնե 10 տոկոսը, մինչդեռ հանրապետական միջին մակարդակից 6¬7 անգամ հետ է մնում... Ուրեմն կա լուրջ խնդիր։ Իսկ որ դրա լուծման իրական նախադրյալներ եւս այստեղ կան, ցույց է տալիս թեկուզ, նախկին մարզպետի վկայությամբ, արդյունաբերական արտադրանքի անցյալ տարի արձանագրված... 50,4 տոկոս աճը։
Մարզի տնտեսական զարգացման ուղղություններն ուրվագծելու համար նախ մանրամասն վերլուծվելու, վեր են հանվելու այս տարածքի տնտեսական ներուժի բոլոր բնորոշ կողմերն ու առանձնահատկությունները, համեմատական առավելությունները, բոլոր գործոններըՙ սկսած մարդկային ու մասնագիտական ռեսուրսներից, տեխնոլոգիական բազայից, տրանսպորտային եւ այլ հարմարություններից մինչեւ օրենսդրական դաշտի խնդիրները։ Այս ամենի բազմակողմ ուսումնասիրությունն ու գնահատումը պետք է հանգեցնի այն համակարգված եւ նպատակային ծրագրի ստեղծմանը, որը կարող է այս մարզի տնտեսությունը ոտքի հանել ամենից արագ եւ ամենաարդյունավետ ուղիով, ինքնին ապահովելով նաեւ զբաղվածության հարցի լուծումը։
Գյումրի քաղաքի համար, բնականաբար, կարեւորագույնը արդյունաբերության ոլորտի զարգացումն է։ Այս ուղղությամբ նշվում են երեք խումբ հիմնախնդիրներ։ Դրանք փոքր եւ միջին բիզնեսի զարգացման (նաեւ որպես արհեստագործական ավանդույթներ ունեցող քաղաք), տարածքում գործող, ավելի շուտՙ չգործող արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես եւ հնարավոր նոր արտադրությունների խթանման խնդիրներն են։ Թվում էՙ նշվածներից ամենից բարդն ու հրատապն առայժմ խնդիրների երկրորդ խումբն է, որոնցով երկրի փոփոխված կառավարություններից ոչ մեկը մինչեւ այժմ լրջորեն չի զբաղվել։ Փոխարենը ակտիվ զբաղվել են... թալանող-յուրացնողները։ Քաղաքի, մարզի եղած ձեռնարկություններից, արդյունաբերական ճյուղերից հավանաբար ուշադրության կարժանանան նրանք, որոնց արտադրանքը կարող է մրցունակ համարվել եւ իր տեղն ունենալ շուկայում։ Նախարար Կ. Ճշմարիտյանի գնահատմամբ, այստեղ իր կենսունակությունն ավելի մեծ չափով ապացուցել է թեթեւ արդյունաբերությունը, որոշ չափովՙ նաեւ սննդարդյունաբերությունը։ Սակայն նշենք, որ Գյումրին նախքան երկրաշարժը նաեւ մեքենաշինության կարեւոր կենտրոն էր, որի տեսակարար կշիռը քաղաքի արդյունաբերության ճյուղային կառուցվածքում կազմում էր շուրջ 25 տոկոս։ Զարգացել եւ զարգանում էին հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, շինանյութերի, ժողսպառման ապրանքների արտադրությունը եւ այլն։ Առկա են այս ոլորտներում աշխատանքի փորձ ունեցող մեծ թվով ոչ միայն բանվորական ու միջին մասնագիտական կադրեր, այլեւ որակյալ կոնստրուկտորական, ինժեներատեխնիկական անձնակազմ, ժամանակակից բարձրակարգ մասնագետների պատրաստման բուհական բազա։ Քաղաքն ունի նաեւ իրենց արտադրանքով Հայաստանում ու նախկին ԽՍՀՄ տարածքում եզակի ձեռնարկություններ, ինչպես «Հայքարհատմեքենան», «Անալիտսարքը»։ Դրանցից առաջինի համար վերջերս ակտիվ ներդնող է գտնվել։ Իսկ «Անալիտսարքը», որը սուզանավերում, ատոմակայաններում եւ այլուր կիրառվող փոքրածավալ աղաչափերի, մածուցիկաչափերի ու այլ սարքերի արտադրությամբ ԽՍՀՄ-ում մենաշնորհային ձեռնարկություն էր, թվում էՙ այսօր էլ կարող է լուրջ հեռանկար խոստանալ, եթե ներկայումս ինքն իր յուղի մեջ տապակվելու փոխարեն համարժեք ուշադրության արժանանա։
Լուրջ խնդիրներ կան մարզի գյուղատնտեսության, սննդի վերամշակող արդյունաբերության զարգացման, տարածքի բավական խոստումնալից համարվող բնական պաշարների համալիր ուսումնասիրման ու արդյունահանման խթանման ուղղությամբ եւ այլն։
Ելնելով զարգացման որոշվելիք հիմնական ուղղություններից, պետությունը տարածաշրջանի նկատմամբ համապատասխան գործուն քաղաքականություն պիտի իրականացնիՙ լինելով պայմաններ ստեղծողի (նաեւ ներդնողներին շահագրգռողի) ու աջակցողի դերում։ Սա լինելու է ոչ սոսկ զարգացման գոտի, այլ, ըստ արտահայտված մտահղացման, երեւի զարգացման հատուկ գոտի...
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ