Տրանսպորտային միջոցների 2003 թ.-ի տարեկան տեխնիկական զննությունը մոտենում է ավարտին։ Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ.-ի հունիսի 13-ի թիվ 834Ն որոշման հանրապետությունում դա անցկացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը։
Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները (ավտոմոբիլները, մոտոցիկլետները, կցորդները) տեխնիկական զննության են ենթարկվում տարեկան մեկ անգամ։
Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու համար պետավտոտեսչություն պետք է ներկայացնել տրանսպորտային միջոցը եւ հետեւյալ փաստաթղթերը.
1. տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը, 2. տիրոջ անձնագիրը, 3. վարորդական վկայականը, 4. նախորդ տարվա տեխնիկական զննության կտրոնը, 5. բժշկական տեղեկանքը (փսիխո), 6. լիազորագիր (եթե ավտոմոբիլը չի պատկանում զննության ներկայացնող անձին), 7. հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանքը, 8. բնապահպանական վճարի մուծման անդորրագիրը, 9. տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար գանձվող պետական տուրքի մուծման անդորրագիրը։
Այլ պետություններում մշտապես գրանցված եւ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր հաշվառված տրանսպորտային միջոցների տերերը (լիազորված անձինք) տեխնիկական զննության ժամանակ նույնպես ներկայացնում են վերոհիշյալ փաստաթղթերը, բացառությամբ 4-րդ եւ 7-րդ կետերում նշվածների։
Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցները համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը։
Այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործվում են գրանցման վայրից դուրս հանրապետության այլ տարածքներում ու քաղաքներում, կարող են տեխնիկական զննության ներկայացվել իրենց գտնվելու տարածքի պետավտոտեսչությունում։
Անսարք վիճակում գտնվող տրանսպորտային միջոցների տերերը պարտավոր են ներկայացնել պետավտոտեսչությանըՙ գրավոր դիմում եւ հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ տեղեկանք։
Լիազորագրերով «վաճառված» (վարվող) ավտոմոբիլների տեխնիկական զննության հետ կապված վճարումները պետք է կատարվեն գրանցման վկայագրում նշված տիրոջ անվամբ։
Ի գիտություն հայտնում ենք նաեւ, որ տրանսպորտային միջոցների խոտանումը կատարվում է անվճար։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն