Վերջին 14 տարիներին Մեծամորի ԱԷԿ-ը մերթ ընդ մերթ հայտնվում է լինել-չլինելու երկընտրանքի առջեւ։ Դրա գոյության հարցը քաղաքական նկատառումներով բարձրացվել է ԽՍՀՄ-ի փլուզման սկզբում, Չեռնոբիլի 1986 թ. աղետից հետո, Սպիտակի 1988 թ. երկրաշարժից հետո։ Արդեն մի քանի տարի 2004 թ.-ին այն փակելու անհրաժեշտության մասին նախանձելի համառությամբ պնդումներ է անում Եվրամիությունը, մտահոգություն արտահայտելով դրա աշխատանքի անվտանգության եւ սեյսմիկ գոտում գտնվելու կապակցությամբ։ ԵՄ թեթեւ ձեռքով ՀԱԷԿ-ից իբր բխող վտանգի մասին հայտարարություններ են հնչել Ադրբեջանից, Թուրքիայից եւ Վրաստանից։ Մեր հարեւանների երկյուղները հնարավոր կլիներ հասկանալ, եթե այդ ամենի հետեւում թաքնված չլիներ ինչ-որ այլ բան։ Բայց այդ մասինՙ ստորեւ։
Անվտանգության մասին։ 1980 թ.-ից շահագործվող Հայաստանի ԱԷԿ-ում տեղակայված է VVER-440 տիպի ռեակտոր, որը մշակվել ու փորձարկվել է բազմաթիվ ատոմակայաններում։ «Դա խորհրդային հուսալի կոնստրուկցիա է, որն ամբողջ աշխարհում գնահատվում է ամրության մեծ պաշարի եւ բարձր հուսալիության համար։ Հայաստանումՙ ինչպես բուն ԱԷԿ-ում, այնպես էլ դրանից դուրս, գոյություն ունեն կայանի անվտանգության ապահովմամբ ու զարգացմամբ զբաղվող բոլոր անհրաժեշտ կառույցները։ Վերջին 6¬7 տարում գործում էր ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ծրագիր, որը համաձայնեցված եւ մշակված է ռուսաստանյան եւ միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ում։ Ծրագրի իրականացումը հաջողությամբ ավարտված է։ Սկսվում է նոր ծրագրի գործողությունը», «Ազգի» թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Երեւանի պետհամալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, «Հայատոմ» ինստիտուտի նախկին տնօրեն, ՀՀ նախագահին առընթեր ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախկին գործադիր քարտուղար Աշոտ Հովսեփյանը։ Նրա խոսքերով, վթարների հավանականությունը զրոյին մոտեցնելու նպատակով կայանում մշտապես սարքավորումները փոխելու, նոր տեխնոլոգիաներն արմատավորելու եւ կադրերի որակավորումը բարձրացնելու աշխատանքներ են կատարվում։ «Օրեցօր անվտանգությունը մեծանում է։ Իհարկե, գոյություն ունեն նաեւ մարդկային եւ բնական գործոններ, որոնք, անկասկած, որոշակի վտանգ են պարունակում, սակայն ՀԱԷԿ-ի դեպքում վտանգը նվազագույն է։ Հայաստանի տարածքում ատոմակայանների կենտրոնացումն աշխարհում ամենափոքրն էՙ ընդամենը մեկ ԱԷԿ, մինչդեռ Փարիզի մոտակայքում գործում է ԱԷԿ-ների այնպիսի քանակություն, որ վտանգը մի քանի տասնյակ անգամ մեծ է», ասաց Հովսեփյանը։ Հայաստանի ԱԷԿ-ը Չեռնոբիլի ԱԷԿ-ից արմատապես տարբերվում է ինչպես կայանքի տեսակով, այնպես էլ նշանակությամբ։ Մեծամորի ԱԷԿ-ն ունի փոքր էներգաբեռնվածություն, շահագործման մեղմ պայմաններ եւ հուսալի պողպատե իրան։ Այն նախատեսված է բնակավայրերի մոտակայքում շահագործվելու եւ ամենահուսալի եղանակով էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Սա ջրով սառեցվող ԱԷԿ-ների հիմնական տեսակն է, որն ամբողջ աշխարհում կառուցվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, նշեց Հովսեփյանը։ Չեռնոբիլի RBMK-1000 տիպի կայանը նախատեսված էր ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության համար, այլեւ պլուտոնիում ստանալու նպատակով միջուկային վառելիքի վերամշակման համար։ Մեզ մոտ նման տեխնոլոգիա չկա, ընդգծեց Հովսեփյանը։
Էկոլոգիական վտանգ։ 30 տարի շարունակ հատուկ դիտարկումներ են կատարվում ինչպես կայանում, այնպես էլ դրա մոտակայքում եւ հեռավոր կետերում։ Բաց դիտարկումների տվյալները վկայում են, որ շրջակա միջավայրի վրա բուն ՀԱԷԿ-ի ազդեցությունը չնչին է։ Հայաստանի եւ բոլոր հարեւան երկրների տարածքում ֆոնի փոփոխությունը կարող է նկատելի լինել հենց այն ժամանակ, երբ ինչ-որ երկրում պատահի միջուկային միջադեպ կամ անցկացվեն միջուկային զենքի փորձարկումներ։ Տվյալ դեպքում այդ բոլոր փոփոխությունները փաստորեն միատեսակ են Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ մյուս երկրներում։ «Իհարկե, ֆոն կա, տարեցտարի այն փոխվում է։ Դրա փոփոխությունը հիմնականում պայմանավորված է միջուկային զենքի վերգետնյա եւ օդային փորձարկումներով եւ այլ տարածքներում տեղի ունեցած խոշոր վթարներով։ Հարյուրավոր տարիներ առաջ եղած բնական ֆոնի համեմատությամբ այն բարձր է մոտ 10¬15 տոկոսով։ Այնպես որ, բուն ՀԱԷԿ-ը փաստորեն ռադիոակտիվ ֆոն չի ստեղծում շրջակա տարածքում», ընդգծեց Աշոտ Հովսեփյանը։
Էներգետիկ անվտանգության մասին։ Հայաստանի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ անթույլատրելի է փակել երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսն արտադրող Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ չեն գտնվել համապատասխան այլընտրական էներգակարողություններ։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով, հարկավոր է ապահովել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը մինչեւ 2015 թ. կամ այն պահը, երբ հնարավոր կդառնա փոխարինել էներգիայի այլ աղբյուրներով եւ դադարեցնել դրա աշխատանքը, անընդունելի վնասներ չպատճառաելով ՀՀ տնտեսական, բնապահպանական, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության առումներով։ Սակայն, գոյություն ունե՞ն արդյոք նոր տեխնոլոգիաներ, որոնց կիրառությունը թույլ կտար լուծել այս խնդիրը։
«Այսօրվա դրությամբ իսկապես նոր ոչինչ չկա», պնդում է Աշոտ Հովսեփյանը։ Գոյություն ունի ավանդական երեք ընտրությունՙ հիդրոէներգետիկա, ջերմային եւ միջուկային էներգետիկա։ Հայաստանում հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը սահմանափակ է հանրապետության ջրասակավության պատճառով։ Արեգակնային էներգետիկան զարգացման նախնական փուլում է եւ չունի իր ենթակառույցը։ Բացի դրանից, էկոլոգիապես այն կարող է լինել ավելի կեղտոտ, քան ատոմայինը. հարկ կլինի ստվերել հսկայական տարածքներ, արտադրել կրեմնիումային թիթեղներ, օգտագործել վիթխարի քանակությամբ ակումուլյատորներ։ Ջերմային էներգետիկայի զարգացումը փոքր-ինչ դժվար է, քանի որ Հայաստանը չունի սեփական օրգանական վառելիք, իսկ ներկրման դեպքում երկիրը կախման մեջ կլինի դրա առաքման ուղիներից։ Տվյալ դեպքում առավել ձեռնտու է գազը, բայց այս դեպքում եւս մենք կախված կլինենք ուրիշ պետություններից գազի ներկրումից, ինչպես նաեւ դժվարություններ կունենանք անխափան մատակարարումների հարցում։ ԱԷԿ-ը պատահական գործոններից ամենաքիչ չափով կախված տարբերակն է։ Վառելիքն առաքվում է տարեկան մեկ անգամ։ Արդեն կարգավորված է օդային ճանապարհով դրա առաքումը։ Եթե երկաթգիծը բացվի, ապա առաքման ուղին էլ ավելի անվտանգ կդառնա, վստահ է Հովսեփյանը։
Երբ ԱԷԿ-ը հնանա, արդյոք հարկ կլինի՞ փակել եւ խաչ քաշել մեր ամբողջ էներգետիկայի վրա։ «Գիտությունն ու տեխնիկան զարգանում են։ Ապագայում հնարավոր են նոր հայտնագործություններ, բայց առ այսօր ամբողջ աշխարհը հիմնականում հույս է կապում ջերմամիջուկային սինթեզի հետ, երբ վառելիքը ջրում պարունակվող ջրածինն է։ Եթե տեխնիկական այդ խնդիրը լուծվի, ապա մարդկության համար էներգետիկայի հարցը իսպառ կվերանա։ Այդ տեխնոլոգիան ունեցող երկրները կդառնան էլեկտրաէներգիա արտադրողներ եւ առաքողներ, ապագայում իրենց պայմանները կթելադրեն չարտադրող պետություններին», ասաց Աշոտ Հովսեփյանը։ Հայաստանում, ընդգծեց նա, առկա են այդ ճյուղի զարգացման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը։ Հայ մասնագետները յուրացրել են միջուկային տեխնոլոգիան, ավելի ճիշտ էլեկտրաէներգիայի արտադրությանն առնչվող բլոկը։ Գործում է էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը, կառուցվում է նորը։ Ճիշտ է, Հայաստանը չունի ատոմային ռեակտորներ արտադրող գործարաններ, բայց մենք կապված ենք ռուսաստանյան համապատասխան արդյունաբերության հետ, շփումներ ունենք Գերմանիայի եւ Ֆրանսիայի արդյունաբերության հետ։ Ուստի, ունենալով կադրեր եւ անհրաժեշտ ենթակառույց, ցանկալի կլիներ սեփական տարածքում ունենալ այնպիսի արտադրություն, որն ապագայում կդառնա մի քանի պետությունների փաստական մենաշնորհը։
Հովսեփյանի խոսքերով, ջերմամիջուկային տեխնոլոգիայի զարգացումը տեսանելի է առաջիկա 50 տարում։ Ռազմավարական առումով Հայաստանին, իհարկե, ձեռնտու է ունենալ նոր ատոմակայան։ «Եթե ներկայիս ատոմային էներգետիկայով մենք «ձգենք» եւս 20 տարի, իսկ 6¬10 տարում կառուցենք նոր, առավել արդիական եւ անվտանգ ԱԷԿ, որը կգործի եւս 30¬40 տարի, ապա մենք կհասնենք հենց այն ժամանակաշրջանին, երբ ջերմամիջուկային սինթեզն արդեն կծառայի որպես էներգիայի աղբյուր։ Եվ որպես միջուկային էներգիա ունեցող երկիր, մենք կկարողանանք հավակնել մեզ մոտ ջերմամիջուկային կայանի կառուցմանը։ Իսկ դա նշանակում է, որ մենք կդառնանք էլեկտրաէներգիա արտադրող սակավաթիվ երկրներից մեկը։ Դա մեզ համար կարեւոր է եւ միանգամայն լուրջ հարց է։ Ուստի հարկավոր է արդեն այժմ մասնակցել ջերմամիջուկային տեխնոլոգիա ստեղծող բոլոր խոշոր նախագծերին», նշեց Հովսեփյանը։
Ի դեպ, ոչ այնքան վաղուցՙ 6 տարի առաջ, բանակցություններ էին սկսվել Հայաստանում երկրորդ ԱԷԿ կառուցելու վերաբերյալ։ Քանի որ այդ նախագծի իրականացումը կապված է շատ խոշոր կապիտալ ներդրումների հետ, ենթադրվում էին մի քանի շահագրգիռ երկրների, մասնավորապես Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներդրումները, հայտնեց Հովսեփյանը։ Ռուսաստանյան ատոմային էներգետիկան ուժգին հարվածներ կրեց, երբ առանձնացած պետություններում (ԳԴՀ, մերձբալթյան երկրներ, Ուկրաինա) կանգնեցվեցին ռուսական տիպի կայանները։ Ռուսաստանի համար ձեռնտու չէ կորցնել գործընկերներին, քանի որ ատոմային տեխնոլոգիան ունի կրիտիկական չափ. անհրաժեշտ են որոշակի թվով գործող կայաններ, որոնց հաշվին հնարավոր է պահպանել ամբողջ ճյուղը։ Ֆրանսիան եւ Գերմանիան նույնպես շահագրգռված են սեփական նվաճումների կիրառմամբ։ Ուստի ծրագրվում էր ստեղծել ռուսաստանյան տիպի նոր ԱԷԿ, որտեղ կօգտագործվեին ֆրանսիական ու գերմանական ավտոմատիկան եւ էլեկտրոնիկան։ 6 տարի առաջ նման իրավիճակ էր։ Հովսեփյանի խոսքերով, նախատեսվում էր նույնիսկ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի հանդիպումը տարբեր երկրների բանկատերերի եւ ատոմային էենրգետիկայի ներկայացուցիչների հետ։
Այսօր Հայաստանում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման որեւէ բանակցություն չի վարվում։ Այս կապակցությամբ բացասական պատասխաններ են ստացվել մի ամբողջ շարք պաշտոնական կառույցներից, այդ թվումՙ էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունից։
Մինչդեռ զրույցի ընթացքում «Հայատոմ» ինստիտուտի նախկին տնօրեն Աշոտ Հովսեփյանը ցանկություն հայտնեց. քանի որ ատոմային էներգետիկան ապահովում է պետության էներգետիկ անկախությունը եւ անվտանգության նկատառումներով պետք է գտնվի պետության առանձնահատուկ վերահսկողության տակ, ցանկալի կլիներ առանձնացնել ատոմային ճյուղը եւ ջերմամիջուկային սինթեզի զարգացման գիտական նախագծերին Հայաստանի մասնակցության խնդիր առաջադրել։ Մի ժամանակ մեզ մոտ գործում էր ատոմային էներգիայի կոմիտե, որի ենթակայության տակ էր ՀԱԷԿ-ը։ «Կայանն առհասարակ պետք է դուրս բերել էներգետիկայի նախարարության ենթակայությունից եւ ստեղծել թեկուզ փոքր, բայց ռազմավարական առումով շատ կարեւոր առանձին ճյուղ եւ դրան ուշադրություն դարձնել այնպես, ինչպես դարձնում ենք պաշտպանությանը, իմանալ դրա բոլոր խնդիրները եւ պահել հատուկ ռեժիմով», ասաց Հովսեփյանը։
Կարծում ենք, պաշտպանության ճյուղի հետ համեմատությունն այստեղ միանգամայն տեղին է նաեւ այլ պատճառներով։ Չէ որ էներգետիկան տնտեսության ողնաշարն է, իսկ տնտեսական կայուն զարգացումը պաշտպանական բոլոր կառույցների պահպանման ու զարգացման գլխավոր գրավականներից մեկն է։ Ավելին, կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ եթե չլիներ Մեծամորի ԱԷԿ-ը, ապա Երեւանի եւ շրջակայքի վրա ռումբեր չէին տեղա Ադրբեջանի հետ եղած ռազմական դիմակայության ընթացքում։ Կարո՞ղ ենք վստահ լինել, թե պատերազմ այլեւս երբեք չի լինի։
ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ