«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՏՐՎԵԼ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

«Արմենտելը» բացառիկ իրավունքներ չունի տվյալների փոխանակման, այսինքնՙ ինտերնետ ծառայությունների մատուցման բնագավառում։ Այս եզրակացությանը կարելի է հանգելՙ ուսումնասիրելով այս ընկերությանը տրված թ. 60 լիցենզիայի բացառիկ եւ ոչ բացառիկ իրավունքների բաժինները։ Մինչդեռ անցնող ավելի քան 5 տարիների ընթացքում եւ մինչեւ այժմ, փաստորեն, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, «Արմենտելին» են բացառիկ իրավունքով վերագրվում այն ծառայությունները, որոնք նրան տրված են ոչ բացառիկ իրավունքով։

Այսպիսով, բացառիկ իրավունքով լիցենզիայի 5Ա բաժնի 1-ին կետով «Արմենտելին» են տրված համակցված հեռախոսացանցի հիմնական ծառայությունները, շարժական (բջջային) կապը, ոչ հիմնական հեռախոսային ծառայությունը (ծառայություն 800), ոչ հիմնական համարի հավաքումը (ծառայություն 900), հատուկ կապի ծառայությունները (հրշեջ, շտապ օգնություն եւ այլն), ինչպես նաեւ միջազգային ելքըՙ հաղորդման եւ տեղեկատվական ծառայությունների համար, ներքին կամ միջազգային որեւէ այլ հեռահաղորդակցության ծառայություն, որը կմատուցվի եւ ուղղակիորեն կմրցակցի 5Ա 1 բաժնում նշված ցանկացած ծառայության հետ։ Այս վերջին երկու դրույթներն առիթ են տալիս յուրովի մեկնաբանության։ Մինչդեռ այս դրույթների առկայությունն ամենեւին էլ չի նշանակում, որ տվյալների փոխանակման ծառայությունն «Արմենտելին» տրվել է բացառիկ իրավունքով։

Նախՙ ինչ վերաբերում է «միջազգային ելք» հասկացողությանը։ Այստեղ նշված չէ, թե կոնկրետ որ ծառայությունների մասին է խոսքը։ Սա թերեւս լիցենզիայի գլխավոր թերությունն է։ Սակայն կարելի է կողմնորոշվել նույն լիցենզիայի 5Ա 2 բաժնի «ե» կետով, որտեղ ոչ բացառիկ իրավունքով «Արմենտելին» տրված ծառայությունների թվում հստակ նշված էՙ «տվյալների փոխանցման ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված ինտերնետ ցանցի ծառայությունները, որոնք չեն ընդգրկվել 5Ա 1 «դ» բաժնում»։

Սրան լրացնում է լիցենզիայի «Բացառիկ իրավունքի դրույթներ» բաժնի հետեւյալ դրույթը. «Լիցենզավորվողին տրամադրվել է բացառիկ իրավունքՙ մատուցելու որոշակի ծառայություններ, բացառությամբ այլ կերպ նշվածի»։ Կարծես թե ամեն ինչ պարզ է դառնում։ «Այլ կերպՙ նշվածն» այս դեպքում առկա է։ Դա 5Ա 2 բաժնի «ե» կետում նշվածն է։ Այսինքնՙ որեւէ տեղ չկա գրված, որ տվյալների փոխանակման ծառայություններ իրականացնող ընկերությունների գործունեությունն «Արմենտելը» կամայականորեն կարող է դադարեցնել պարզապես կապն ընդհատելով։ Եվ, ի վերջո, անհասկանալի եւ անիմաստ կլիներ առանձին բաժնով «Արմենտելին» ոչ բացառիկ իրավունքով ծառայությունների տրամադրումը, եթե բոլոր ծառայությունները տրված լինեին բացառիկ իրավունքով։

Հաջորդ դրույթը, որը հաճախ են շահարկում ինչպես «Արմենտելը», այնպես էլ Հայաստանի կառավարությունը, բացառիկ իրավունքով տրված ներքին կամ միջազգային որեւէ այլ հեռահաղորդակցային ծառայությունն է, որը կմատուցվի ապագայում եւ ուղղակիորեն կմրցակցի 5Ա 1 բաժնում նշված ցանկացած ծառայության հետ։ Մասնագետները եւ ոլորտին քաջատեղյակ անձինք ընդգծում են այստեղ նշված «ուղղակիորեն» բառը։ Եթե այն նշված չլիներ, ապա ցանկացած բնույթի հեռահաղորդակցային ծառայություն կդառնար հեռախոսային ծառայության մրցակից։ Մինչդեռ ինտերնետ ծառայությունները չեն դիտարկվում որպես հեռախոսային ծառայություններին ուղղակիորեն մրցակցող ծառայություններ։ Դրանք հեռախոսահամարների միջոցով ձայնի փոխանցման համակցված ծառայություններ չեն։

Ինտերնետում փոխանակվում կամ տարանցվում են տվյալներ, իսկ մատուցվող ծառայություններն ունեն կոնկրետ հասցե եւ վճարում են նրանց։ Ինտերնետի բաժանորդը չի տեղայնացվում, այլ ապահովում է հասանելիություն ինտերնետի համակցման ցանկացած կետից։ Այսինքնՙ բաժանորդը կարող է օգտվել միջազգային ցանցին միացված ցանկացած երկրի կապի ծառայություններից եւ նրանց էլ վճարել։ Բնականաբար, դա չի կարող կոչվել Հայաստանի տարածքում տրամադրված հեռախոսային ծառայություն, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանի տարածքում «Արմենտելի» բացառիկ իրավունքները չեն խախտվում։ Ընդհակառակը, ինչպես նշեցինք վերեւում, «Արմենտելն» է խախտում մյուս ընկերություններիՙ իր իրավունքներին հավասար իրավունքները։ Իսկ թե ինչո՞ւ «Արմենտելն» ինքը չի առաջարկում իր ծառայություններն ինտերնետում եւ չի օգտվում բազմիցս ավելի մեծ ծավալի ծառայություններ տրամադրելու հնարավորությունից, բոլորովին այլ խնդիր է։ Երեւի ավելի նպատակահարմար է անազնիվ մրցակցությամբ եւ մյուսներին ճնշելով շահույթ ստանալ։ Սա գուցե «Արմենտելի» համար ընդունելի տարբերակ է։ Անընդունելին մեր կառավարության, տրանսպորտի եւ կապի նախարարության, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության խորհրդի տարիներ շարունակվող «անտեղյակ» կեցվածքն ու համապատասխան գործելակերպն է (կամ դրա բացակայությունը)։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4