ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուտով «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք կբերի եվրոպական արտադրության եւս մեկ Ա-320 օդանավ։ Ընկերության մամլո կենտրոնի հաղորդմամբ, «Արմավիան» իր առաջին եւ միակ Ա-320-ը ձեռք է բերել դեռեւս 2002թ. հոկտեմբերին։ Անձնակազմերը, որոնք թռչում են այդ օդանավով, ներկայումս ութն են, իսկ օգոստոսին «էյրբասի» կենտրոնակայանում /Թուլուզ/ սպասվում է երկու հայկական անձնակազմերի ուսուցումը, որոնք կհամալրեն ընկերության թռիչքային անձնակազմը։
Մինչեւ այս տարվա մարտ ամիսը «Արմավիայի» անձնակազմերին ինքնուրույն թռիչքների իրականացման իրավունք տալիս էին «Էյրբաս» ընկերության կողմից կցված արտասահմանցի հրահանգիչ օդաչուները։ Մարտից հրահանգչական աշխատանքի իրավունք ստացավ «Արմավիայի» մեկ հրահանգիչ-օդաչու։ Թռիչքների աշխարհագրության եւ փոխադրումների ծավալների մեծացմանը զուգահեռ ընկերությունը ավելացնում է նաեւ Ա-320-ի հրահանգիչ-օդաչուների քանակը. հուլիսի յոթին Թուլուզում հրահանգչական աշխատանքի վկայական ստացան «Արմավիայի» եւս երեք օդաչուներ։
Ընկերության Ա-320 օդանավի կանոնավոր տեխնիկական սպասարկումը կատարվում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված գծային կայանում, իսկ արտադրողիՙ «Էյրբաս» ընկերության չափորոշիչներին համապատասխան պարբերական սպասարկումըՙ Նովոսիբիրսկում։