ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Երեւանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը երկրում եվրոպական կառույցների մի նոր հավելում է, որոնք մեծ նշանակություն ունեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրոպական ինտեգրացման համար», հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 8-ին գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը կարեւորեց գրասենյակի բացումը նաեւ Հայաստանումՙ քաղաքացիական հասարակության ձեւավորման տեսանկյունից։
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Քաղաքական գործերի գլխավոր տնօրինության Քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության բաժնի տնօրեն Մարկ Շոուելը եւ Եվրոպայի խորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն։ Վերջինս մասնավորապես նշեց, որ սա Եվրախորհրդի բացած քսանմեկերորդ տեղեկատվական գրասենյակն է, որի նպատակն է իրազեկել հանրությանը ԵԽ-ի գործունեության, նվաճումների ու խնդիրների մասին, հասանելի դարձնել կազմակերպության փաստաթղթերը, մանրամասն բացատրություններ տրամադրել ընդունված ստանդարտների վերաբերյալ։