«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ԵՐԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ

ՀՀ ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները կոպիտ կերպով խախտում են ՀՀ սահմանադրությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ։ Այս անգամ իրավապահ մարմինների աշխատակիցների թերացումների եւ օրինազանցությունների մասին ահազանգ են հնչեցնում փաստաբաններ Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները։ Թեեւ հրավիրված մամլո ասուլիսի թեման մի քանի կոնկրետ քրեական գործեր էին, Ռուբեն Ռշտունին նշում է, որ յուրաքանչյուր գործ, որով իրենք զբաղվում են, մամուլի ասուլիսի առարկա կարող է լինել։ «Գրեթե չի լինում քրեական գործ, որն առանց օրինախախտումների անցնի», ավելացնում է Նարինե Ռշտունին, մանավանդ երբ գործը լայն հնչեղություն է ստանում։

Օրինակը, որ նշում են Ռշտունիները, վերաբերում է հունիսի 25-ին Նուբարաշենում տեղի ունեցած սպանություններին (նրանք քրեական գործով կասկածյալներ Վաչագան Մանուկյանի եւ Դավիթ Մկրտչյանի պաշտպաններն են)։ Բողոքն ուղղված է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Աջափնյակ ու Դավիթաշեն համայնքների դատախազության աշխատակիցների ապօրինի գործողությունների դեմ։ Նշված կառույցների աշխատակիցները 2003թ. հուլիսի 2-ին, առանց որեւէ իրավական հիմքի, քաղաքացիական զգեստով, ներխուժել են Սամվել Գեւորգյանի տան բակը եւ կրակոցներ արձակելով ոստիկանության բաժին բերման ենթարկել Ռշտունիների պաշտպանյալներինՙ մինչ այդ տան դուռը բացելու պահանջ եւ չբացելու դեպքում դուռը ջարդելու սպառնալիքներ հնչեցնելով։ Այնուհետեւ Վաչագան Մանուկյանը եւ Դավիթ Մկրտչյանը մոտ 20 ժամ ապօրինի զրկվել են ազատությունիցՙ լինելով փաստացի ձերբակալվածների կարգավիճակում։ Չի արձանագրվել նրանցՙ անազատության մեջ գտնվելու փաստը, փաստաբաններին չի թույլատրվել մասնակցել քննչական գործողություններին։

Դատախազության աշխատակիցները Երեւանի քրեական վարչությունից հեռացել են հուլիսի 3-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում։ Հեռանալուց Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազ Ստեփանյանը հայտարարել է, որ Վաչագան Մանուկյանն ու Դավիթ Մկրտչյանը ձերբակալված չեն, սակայն ինքը չի կարող պատասխանել, թե ինչու նրանք չեն ազատվում։

Ձերբակալության արձանագրությունը կազմվել եւ պաշտպան է հրավիրվել միայն հուլիսի 3-ին, մոտավորապես ժամը 15-ին։

Ժամանակավոր պահման մեկուսարան տեղափոխվելուց հետո Վաչագան Մանուկյանն ու Դավիթ Մկրտչյանը ենթարկվել են գաղտնի տեսագրության, ինչը եւս անօրինական է։ Ապօրինությունների վրա այս դրվագն ընդհանրացնելով Ռուբեն Ռշտունին նշում է, որ «02» հեռուստահաղորդումը թույլ է տալիս մարդու իրավունքների կոպտագույն խախտում։

Փաստաբաններն անդրադառնում են նաեւ հունիսի 25-ին տեղի ունեցած սպանությունների նախապատմությանը, որը դեռեւս 2002 թ. նոյեմբերին է սկսվել։ Սպանությունների շարքը մինչ այսօր ձգվում է տիրող անպատժելիության մթնոլորտի պատճառով։

Քրեական այս գործով իրավապահների բոլոր խախտումները Ռուբեն Ռշտունու փաստաբանական գրասենյակն իր բողոքում ներկայացրել է ՀՀ նախագահին, հանրապետության գլխավոր դատախազին, Երեւանի դատախազին, հանրապետության ոստիկանապետին։ Ռուբեն Ռշտունին կարծիք է հայտնում, որ շատ դեպքերում բարձրաստիճան ղեկավարները տեղի ունեցածի իրական պատկերը չգիտեն, ու նրանց խաբում ենՙ այլ բան զեկուցելով։ Այդ է վկայում դատախազության աշխատակցի օրը տոնելիս, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունըՙ Նուբարաշենում եղել է փոխհրաձգություն երկու հանցագործ խմբավորումների միջեւ, մինչդեռ իրավիճակն այլ է եղել։

Ինչ վերաբերում է այնուհետեւ գործով տեղի ունեցած ձերբակալություններին, Ռուբեն Ռշտունու համոզմամբ, դա ընդամենը հանրապետության նախագահին զեկուցելու համար արվեց։ Իսկ թե ովքեր են խաբեությունների պատվիրատուն, Ռուբեն Ռշտունին չգիտի։

«Մենք պատրաստ ենք գործը հասցնել Ստրասբուրգի դատարան», նշում է Ռուբեն Ռշտունին եւ ավելացնում, որ իրավապահների ամենաթողության նման իրավիճակը Եվրադատարանի շեմին մեր երկրի համար խայտառակություն է լինելու։

Փաստաբանները մեր երկրում արդարադատությանն օգնելու գործում ակնկալում են նաեւ լրագրողների աջակցությունը։ Այդուհանդերձ, պահպանելով իրատեսությունը, դժվար է ակնկալել համակարգում հիմնարար, կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, քանի որ չկա դրանց համար ամենակարեւորըՙ համակարգի եւ երկրի պատասխանատուների կամքը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4