Չի բացառվում, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունի Հայոց ցեղասպանության բանաձեւը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Հյուսիսային Իրաքում 11 թուրք զինվորականների ձերբակալությանը, կարծիք էր հայտնել, որ դա շփոթահար է արել պաշտոնական Անկարային։ Սա պատահական չէր եւ թերեւս պայմանավորված էր Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունը վերանայելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին ենթադրություններով, որոնք լուրջ մտավախություն էին պատճառում թուրքական քաղաքական շրջանակներին։
Համենայն դեպս, ԱՄՆ-ն մինչեւ այսօր սառն անտարբերությամբ էր վերաբերվել հետպատերազմյան Իրաքում համագործակցելու Թուրքիայի պահանջին։ Թուրք զինվորականների ձերբակալությունը ցույց տվեց, որ խնդիրը ոչ միայն համագործակցության, այլեւ Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության անընդունելիությունն է։ Սա նշանակում է, որ ամերիկացիները համագործակցության առումով Քրդստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիին եւ Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջալալ Թալաբանիին գերադասում են Թուրքիայի ղեկավարներից։ Դեռ ավելին, նրանք PKK-ի իրավաժառանգորդ KADEK-ի հետ համաձայնության են գալիս, որ համագործակցեն։
Ահա թե ինչու թուրքական «Ենի շաֆաք» թերթը հուլիսի 9-ի համարում թուրք զինվորականների ձերբակալությունը վերագրում է KADEK-ի հետ ԱՄՆ-ի գաղտնի պայմանավորվածությանը, ըստ որի, ամերիկացիները Թուրքիայի տարածքում գործունեություն չծավալելու պայմանով քրդական այս կազմակերպության ջոկատներին անվտանգության երաշխիք են տվել, եւ երբ թուրքական օպերատիվ հատուկ ջոկատը կազմակերպության ղեկավարներից Ջեմիլ Բայըքին առեւանգելու փորձ է կատարել, քրդերն իսկույն դիմել են ամերիկացիների միջամտությանը, իսկ դրան հետեւել է թուրք զինվորականներին ձերբակալելու գնդապետ Մեյվիլի հրամանը։
«Ենի շաֆաքը» տեղեկացնում է, որ KADEK-ի հետ բանակցությունները հենց գնդապետ Մեյվիլն է վարել։ Թուրքական հանրային հեռուստատեսությունն էլ տեղեկացրեց Հյուսիսային Իրաքում թուրք զինվորականների ձերբակալության հարցը քննարկելու նպատակով ստեղծված թուրք-ամերիկյան հանձնաժողովի աշխատանքների ձախողման մասին, ընդ որում, հենց նույն գնդապետի պատճառով։ Հուլիսի 8-ին հանձնաժողովի Քիրքուքում գումարված նիստում թուրքական կողմը տեսնելով, որ ամերիկացիներին գլխավորում է Մեյվիլը, հեռացել է դահլիճից։ Թուրքերին միաժամանակ զայրույթ է պատճառել ամերիկացիների կազմում բարձրաստիճան սպաների բացակայությունը։
Այս կերպ, ամերիկյան պատվիրակությունը մեծապես կազմված է եղել կրտսեր սպաներից։ Թեեւ ձախողմանը հետեւել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսի հուլիսի 9-ի անակնկալ այցը Թուրքիա, որի ընթացքում թուրք-ամերիկյան հանձնաժողովի աշխատանքները Քիրքուքի փոխարեն Անկարայում վերսկսելու որոշում է ընդունվել, բայց եւ այնպես դա թուրքական իշխանություններին նոր մտավախություն է պատճառում։ Հուլիսի 9-ին «Սաբահն» այդ առումով գրում է. «Անկարայի կուլիսների հետեւում հոռետեսական սցենարների մասին են խոսում։ Համաձայն դրանց, թուրք-ամերիկյան հանձնաժողովի աշխատանքների ավարտին ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, պահանջելով թուրքական զորքերի դուրսբերումն Իրաքի հյուսիսից։ Միաժամանակ չի բացառվում, որ թուրքական տնտեսության աշխուժացման համար նախատեսված 1 մլրդ դոլար ֆինանսական օգնության տրամադրումը կամ դրա փոխարեն 8,5 մլրդ դոլար վարկի հատկացումը միանգամայն սառեցվի։
Նույն թերթը միաժամանակ մտավախությամբ է արձագանքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանության բանաձեւին, ընդգծելով, որ Անկարայում տիրող կարծիքի համաձայն Սպիտակ տան աջակցությունը վայելող բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է։ Այդ բանաձեւին նույն օրվա համարում զգալի տեղ է հատկացնում նաեւ «Զամանը», նշելով, որ դա առնվազն հուլիսի 10-ին քվեարկության կդրվի։ Հատկանշական է, որ այդ թերթը բանաձեւի օգտին արտահայտվող սենատորների թվում, բացի Հիլարի Քլինթոնից, նշում է նաեւ 2004 թ. ԱՄՆ նախագահության այնպիսի թեկնածուներին, ինչպիսիք են Ջո Լիբերմանը, Ջոն Քերրին եւ Ջոն Էդուարդսը։
Վերոհիշյալ երկու թերթերն էլ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը թուրք-ամերիկյան հարաբերությունների համար ճգնաժամի նոր աղբյուր են համարում։ Քանի որ Հյուսիսային Իրաքում թուրքական օպերատիվ հատուկ ջոկատի 11 սպաների ձերբակալությամբ հարաբերություններն արդեն հայտնվել են «խորը ճգնաժամում», հետեւաբար բանաձեւի ընդունումը որքան էլ մտավախության նոր աղբյուր լինի, Հյուսիսային Իրաքի շուրջ ծավալվող թուրք-ամերիկյան հակասությունները մեկ այլ հարթություն կփոխադրի։ Թերեւս դրանով էլ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու հնարավորություն կստանա։ Ինչպե՞ս։ Իրաքի հետ կապված ամերիկյան ծրագրերին այնպիսի անվերապահ աջակցությամբ, ինչպիսին մինչ թուրք զինվորականների ձերբակալությունը Սիրիայի եւ Իրանի հարցում ԱՄՆ-ին ցուցաբերում էին թուրքական իշխանությունները։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ