«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՍՐԱՀ ԲԱՑԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԸ ՄԵՐԺՎԵՑ

«Հանդուրժողականության թանգարանը» չհանդուրժեց....

Էլեկտրոնային փոստով ստացված հաղորդագրությունից տեղեկացանք, որ Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում», ուր կան հրեական Հոլոքոսթը, ինչպես նաեւ Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները պատկերող ցուցասրահներ, Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահ բացելու հայերի խնդրանքը մերժվել է։ Այս մասին երեկ հայտարարել է հրեական համայնքի ռաբբի Աբրահամ Կուպերը։

Հիշեցնենք, որ նշված թանգարանում Հայոց ցեղասպանության մասին ցուցադրություն կազմակերպելու պահանջով այս տարվա ապրիլին հայկական համայնքի մի խումբ անդամներ տասնօրյա հացադուլ էին հայտարարել։ Հայ համայնքն ակնկալում էր, որ 1993 թվականից գործող այս թանգարանում, ուր բացի Հայոց ցեղասպանության մասին պատմող 15 րոպե տեւողությամբ ֆիլմից, որեւէ այլ ցուցանմուշ չկար, իրենց արդարացի պահանջով հուլիսի մեկից կբացվեր առանձին ցուցասրահ։ Չէ՞ որ Սիմոն Վիզենտալի հիմնած թանգարանը նվիրված է ոչ թե Հոլոքոսթի պատմությանը, այլ մարդկության հանդուրժողականությանը։

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահ բացելու հայերի խնդրանքը մերժելու կապակցությամբ հայ համայնքի ավելի քան 30 անդամներ երեքշաբթի դիմել են թանգարանինՙ պահանջելով վերադարձնել այդ նպատակի համար իրենց տրամադրած գումարը։

Մ. Նահանգների ՀՅԴ Հայդատի հանձնախմբի արեւմտյան բաժնի տնօրեն Արտաշես Քացախյանը հայտնել է, որ իրենց կազմակերպությունը մեղադրում է թանգարանի ղեկավարներին նման անազնիվ որոշում կայացնելու համար։ Իրենք դատապարտում են մարդկության դեմ գործած առաջին ցեղասպանությանը նվիրված ցուցասրահի բացման մերժումը։

Ռաբբի Կուպերն ասել է, որ Հայդատ հանձնախումբը» ձգտում է քաղաքական ուշադրության արժանացնել այս հարցըՙ օգտագործելով հայ համայնքի երիտասարդներին, ինչը, նրա գնահատմամբ, հուզական մոտեցում է։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4