ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արդարություն» դաշինքի 14 թեկնածուներիՙ ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի քննարկման կապակցությամբ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանն իրենց գնահատականը ներկայացրեցին դաշինքի ներկայացուցիչներՙ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը, Սահմանադրական դատարանում դաշինքի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը (ներկայումս նորընտիր ԿԸՀ-ի անդամ)ՙ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում այսօր կայացած մամլո ասուլիսում։
Արտակ Զեյնալյանի կարծիքով, ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասն իրենց հայտնի էր հենց սկզբից։ Նրա խոսքերով, ՍԴ-ն միայն հաշվարկել է այն, թե գրանցված խախտումները որքանով կարող էին փոխել ընտրությունների արդյունքը։ Ըստ Ա. Զեյնալյանի, անտեսվել են քարոզչության ընթացքում կատարված խախտումները, անդրադարձ չի կատարվել նաեւ ֆինանսական միջոցների հայթայթման աղբյուրներին։
Ֆելիքս Խաչատրյանը փաստեց, որ պատգամավորական մեկ մանդատը միջին հաշվով ստացել է 12.000 ձայն, անդրադարձավ ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին, տեղամասերում ընտրողների ոչ հավասարաչափ տեղաբաշխմանը, ինչպես նաեւ քվեաթերթիկների հետ կապված աղավաղումներին։
Արշակ Սադոյանն անդրադառնալով ընտրախախտումներին, ներկայացնելով անկախ մոնիտորինգի տվյալներըՙ ընտրարշավի ընթացքում ծախսած միջոցների մասին, կոչ արեց ներկաներին անցկացնել «լրագրողական հետաքննություն»։
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ «Արդարության» ներկայացուցիչները նշեցին, որ դաշինքը պատրաստվում է հնարավորինս շուտ, նախատեսված ժամկետներում դիմել Եվրադատարանՙ բողոքարկելով ՀՀ ՍԴ-ի որոշումը։