«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


ԱՅՍՕՐ ԿՀԱՍՏԱՏՎԻ ԿԸՀ-Ի ՆՈՐ ԿԱԶՄԸ

Ի՞նչ են մտածում այդ մասին որոշ քաղաքական ուժեր

Այսօր կհաստատվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմը, կընտրվի նախագահ։ Այդ կապակցությամբ երեկ մենք փորձեցինք կապվել մեր քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ այն հիմնական հարցադրմամբ, թե ինչպիսին է վերաբերմունքը ԿԸՀ-ի, մասնավորապես հանձնաժողովի ձեւավորման սկզբունքի նկատմամբ։ Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկարեւորեցին այս հարցը, որոշ ուժերի հետ էլ ուղղակի չհաջողվեց կապվել։ Ինչեւէ, մեր հարցին պատասխանեցին ՀԺԱՄ, ՀՌԱԿ, «Ազգային միաբանության» եւ ՀՅԴ ներկայացուցիչները

Սեյրան Ավագյան (ՀԺԱՄ)- Ընտրական հանձնաժողովների ձեւավորման այս կարգը պարունակում է լուրջ սխալ, որը փաստվեց ընտրությունների ժամանակ։ Սխալ է, որ կուսակցություններն են ձեւավորում ընտրական հանձնաժողովները։ Ժամանակին ես կանխատեսել էի, որ դա լավ հետեւանքներ չի ունենալու, եւ, ցավոք, կանխատեսումն իրականացավ։ Պետք է այնպես անել, որ հաջորդ ընտրություններին ընտրական հանձնաժողովի անդամները լինեն քաղաքացիական ծառայողներ, կազմավորման պատասխանատվությունը կրի պետությունը, իսկ կուսակցություններն իրականացնեն վերահսկողություն։

Ռուբեն Միրզախանյան (ՀՌԱԿ)- Նոր ձեւավորվելիք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերաբերվում եմ ամբողջովին նույն ձեւով, ինչպես նախորդ ԿԸՀ-ին այն հաստատ համոզմամբ, որ նորը կշարունակի ամրապնդել ժողովրդավարական արժեքները նույն հաջողությամբ, ինչպես իր նախորդները։ Իսկ նախորդն իրապես բացառիկ լումա ունեցավ ընտրությունները փայլուն, անթերի, արդար եւ բոլորովին թափանցիկ անցկացնելու գործում, ինչն արժանացավ Եվրախորհրդի վեհաժողովի բարձր, արժանի գնահատականին։

Ալեքսան Կարապետյան («Ազգային միաբանություն»)- Մենք համարում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ողջ կազմը պետք է ձեւավորեն կուսակցությունները, այլ ոչ թե խորհրդարանական խմբակցությունների կողմից առաջադրվեն միայն 6 անդամ։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվելու դեպքում պետք է մտցնել այնպիսի դրույթ, համաձայն որի ԿԸՀ բոլոր անդամներն առաջադրվեն կուսակցության կողմից։

Գեղամ Մանուկյան (ՀՅԴ)- ԿԸՀ-ն ձեւավորվում է համաձայն ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթի։ Ընտրական օրենսգիրքն ամրագրում է, որ ԿԸՀ-ն ձեւավորվում է խորհրդարան ներկայացված խմբակցությունների մեկական եւ նախագահի կողմից նշանակվող 3 ներկայացուցչով։ Բնականաբար, դա օրինական կենտրոնական հանձնաժողով է։ Այլ հարց է, թե արդյոք պե՞տք է վերանայել այդ սկզբունքը։ Առայժմ մեր օրակարգում նման հարց դրված չէ։ Երբ նորից վերաքննարկման դրվի ամբողջ ընտրական օրենսգիրքը, իսկ դա կոալիցիոն կառավարության ծրագրերից մեկն է, այդ ժամանակ, շատ ավելի մանրակրկիտ քննելուց հետո մենք կարող ենք գնահատել, թե անհրաժե՞շտ է արդյոք փոխել այդ սկզբունքը։ Ինչ վերաբերում է նոր կազմին, ապա ԿԸՀ-ն փաստորեն ներկայացուցչական մարմին է դարձել եւ ոչ թե առանձին անհատներից բաղկացած։ Եվ բնականաբար, ամեն մի խմբակցության եւ նախագահի իրավունքն ու պարտականությունն է ներկայացնել թեկնածուներին, որոնք եւ ներկայացվել են։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4