«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


ՔԱՍԱԽԻ ԿԻՐՃՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԳՈՒՆԱՎՈՐ ԺԱՅՌԱՆԿԱՐՆԵՐ

Քասախ գետի կիրճում հնագետները հայտնաբերել են մի քարայրՙ գունավոր ժայռանկարներով։ Եթե հաստատվեն նախնական ենթադրությունները, հնարավոր է, որ հայտնագործությունը դառնա սենսացիոն Հայաստանի համար։

Մանրամասների մասին զրուցեցինք հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ։

¬ Պրն Գասպարյան, ինչպե՞ս եւ ե՞րբ հայտնաբերվեցին գունավոր ժայռանկարները։

¬ 2002 թ. մայիս-հունիս ամիսներին մեր արշավախումբը հետազոտական աշխատանքներ է կատարել Քասախ գետի միջին հոսանքումՙ ուսումնասիրելով կիրճի բոլոր հուշարձանները։ Հիմնական նպատակն էր Քասախի կիրճի սահմաններում փաստագրել հուշարձանների առկայությունը, խտությունը, դրանց փոխհարաբերության հարցերը։ Եվ այդ ընթացքում, բացի 100-ից ավելի հուշարձաններից, առանձնացել են մի քանի քարայրային տիպի հուշարձաններ, որոնք ունեն բացառիկ նշանակություն։ Դրանցից մեկն էլ այն քարայրն է, որտեղ պատերին, ճակատային մասերին եւ շրջակա լերկ բազալտե ժայռամակերեսներին հայտնաբերվել են 30-ից ավելի գունավոր ժայռանկարներ։ Սա Հայաստանի եւ Առաջավոր Ասիայի համար բացառիկ երեւույթ է։ Նման երեւույթի հետքեր մինչ այդ տարածաշրջանում հայտնաբերվել էին Թուրքիայում, այլ երկրներում, բայց ոչ համալիր նկարների ձեւով։ Իմ կարծիքով, այսպիսի բացահայտումն առաջինն է։

¬ Այսինքնՙ կարո՞ղ ենք ասել, որ ոչ միայն հայտնագործությունն է որոշակի առումով բացառիկ, այլեւ հայտնաբերված նյութի ծավալը։

¬ Այո, ե՛ւ ծավալը, ե՛ւ ընդգրկումը, ե՛ւ կատարման առանձնահատկությունները ցույց են տալիս, որ, նախնական գնահատմամբ, գործ ունենք մինչ այժմ տարածաշրջանում չփաստագրված երեւույթի հետ։ Եվրոպայի պատմության մասին յուրաքանչյուր դասագրքում գրված է, որ գունավոր ժայռանկարները հատուկ է միայն Եվրոպայի հարավային մասին (Իսպանիա, Ֆրանսիա, վերջին տարիներին նաեւՙ Իտալիա)։ Նման գունավոր նկարներ կան նաեւ միջերկրածովյան հատվածի աֆրիկյան մասում։ Այլ տեղերում դրանք գրեթե էթնոգրաֆիկ նյութ են, այսինքնՙ ոչ այնքան հին։

¬ Կոնկրետ ժայռանկարների վերաբերյալ ինչպիսի՞ տեղեկություն կա. ի՞նչն է արդեն գիտականորեն յուրացվել։

¬ Դեռ վաղ է որեւէ բան ասել։ Բայց, եղած դիտարկումների համաձայն, պատկերը հետեւյալն է։ Քարայրի ներսում բազալտե լավայի կոնտակտներում եղած տուֆից է ստացվել ներկանյութըՙ վառ կարմիր գույնով։ Ժայռանկարներն արված են այս նյութի միջոցով, կարմիրի տարբեր երանգներով։ Երկրորդ բացահայտումն այն է, որ առանձնանում են նկարների մի քանի խմբեր։ Նախ կան ծավալային պատկերներ, ինչն ավելի հատուկ է Եվրոպայի ուշ հին քարե դարի ժայռանկարի արվեստին, որը թվագրվում է մ. թ. ա. 12¬8-րդ հազարամյակներ։ Հետաքրքրական է, որ սրանք առանձնանում են նաեւ թեմատիկ առումովՙ խոշոր կենդանիների պատկերներ են, ինչը նույնպես զուգահեռներ ունի Եվրոպայի հետ։ Նկարների երկրորդ խումբը գծային տեխնիկայով է արված, որոնք հար եւ նման են մեր ժայռապատկերներին, միայն թե կատարված են ներկով։ Որոշ դեպքերում, անգամ թեմատիկ իմաստով տարբերություն գրեթե չկա։ Կարելի է ենթադրել, որ այս խումբն առաջինից ավելի ուշ է։ Երրորդ խումբը, այսպես ասենք, ժամանակակից նկարներից է։ Հուշարձանը վնասված, մասամբ ոչնչացված է, նկարների վրա յուղաներկով, նույն ներկով կատարված հին նկարների կրկնօրինակներով։ Եվ առանձնացված վերջին խումբը արաբատառ պարսկերեն գրված երկու հրաշալի արձանագրություններ են, կարդացվող, եւ, մեր կարծիքով, թվագրվող 1680-ական թթ.։ Արձանագրությունները նույնպես արված են ներկով եւ, որոշ մասնագետների կարծիքով, գեղեցիկ եւ գրագետ պարսկերենով։

¬ Ի՞նչ այլ առանձնահատկություններ կան հայտնաբերված ժայռանկարներում։

¬ Նկարներն արված են ժայռի անմատչելի վերին մասերում, միջին մասերում, ճակատային ժայռերի անկյուններում։ Այստեղ կա նաեւ դասավորության հարց, ուստի պետք է լուրջ մասնագիտական քննություն։ Դրա համար այս տարի ամերիկյան «Գֆոյլեր» հիմնադրամի եւ մեր ինստիտուտի միջեւ կնքված համատեղ պայմանագրի շրջանակներում հուլիսի 21-ին Հայաստան կժամանեն մասնագետներՙ կատարելու համապատասխան հետազոտություններ։ Համատեղ արշավախմբի նպատակը կլինի մանրամասն զննել այդ նկարները, չափագրել, լուսանկարել, պարզել օրինաչափությունները, կատարել հանքանյութի անալիզներ, դիրքային ուսումնասիրություն։ Կկատարվի նաեւ թեմատիկ ուսումնասիրությունՙ պարզելու, թե որքանով են այս նկարները նման Եվրոպայի նկարներին եւ Հայաստանի ժայռապատկերներին, ինչ տարբերություններ կան։ Հավանաբար կպեղենք քարայրըՙ պարզելու, թե կա՞ արդյոք այնտեղ մշակութային շերտ։ Հետագայում նաեւ կպահանջենք այդ ժայռանկարների պահպանությունը, որի առումով Ֆրանսիան ունի առաջատար փորձ։ Հայաստանից համատեղ արշավախմբին կմասնակցեն երիտասարդ մասնագետներ, որոնք հավանաբար հնարավորություն կստանան Ֆրանսիայում յուրացնելու անհրաժեշտ հմտություններըՙ հետագայում նման երեւույթները լուսաբանելու համար։

¬ Հնարավո՞ր է արդյոք, որ հայտնագործությունը լինի տեղական բնույթի, թե այդպիսիք էլի կարող են լինել այս տարածաշրջանում։

¬ Կարելի է ենթադրել, որ դա չի կարող հատուկ լինել միայն Քասախի կիրճին։

¬ «Կեղծ» ժայռանկար ասելիս արդյոք պե՞տք է հասկանալ, թե դրանք կեղծված են կամ ուղղակի ոչ այնքան հին։

¬ Հնարավոր է, որ ինչ-որ մեկն այդ նկարները գրքից վերցրած եւ կրկնօրինակած լինի պատերին։ Ասվածի հավանականությունը շատ փոքր է, բայց միջազգային պրակտիկայում այդպիսի դեպքեր եղել են։ Ուստի դրանից խուսափելու համար ֆրանսիացի մասնագետների օգնությամբ հուշարձանը մասնագիտական փորձաքննության կենթարկվի։

¬ Իսկ ի՞նչ տեղեկություններ ունեք ներկանյութի մասին, ինչպիսի՞ն է դրա բաղադրությունը եւ ինչպե՞ս է ստացվել։

¬ Կան նկարներ, որոնցից ներկը հեշտությամբ դուրս է գալիս։ Հին նկարների մի մասն անձրեւաջրերից մի քիչ լվացվել, վնասվել է, բայց ներկը հիմնականում դուրս չի գալիս։ Ընդ որումՙ երեւում է ներկի հաստ շերտ, այսինքնՙ նկարելիս նյութի հետ ինչ-որ այլ նյութ է խառնվել։ Ուսումնասիրության մեկ ուղղություն էլ կլինի ներկանյութի քիմիական բաղադրության բացահայտումը։

Ամեն դեպքում հարկ է սպասել մասնագետների կարծիքին։ Եվ եթե մեր ենթադրությունները հաստատվեն, դա կնշանակի, որ մենք բացում ենք մեր նյութական մշակույթի նորահայտ ու կարեւոր մի էջ եւս։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4