Վերջերս Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը լույս ընծայեց Գրիգոր Զոհրապի երկերի ժողովածուի 4-րդ հատորըՙ հնարավորինս ամբողջացնելով նրա գրական ժառանգությունը։ Ներկայացվող հոդվածը ժողովածուի հրատարակչական աշխատանքների անմիջական մասնակցի վերաբերմունքն է ավելի զգայական տեսանկյունիցՙ իբրեւ նորովի ընթերցում։ Գրականագետներն իրենց խոսքն արտահայտելու հնարավորություն կունենան, անշուշտ։
Բոլորովին թարմ է հայ մեծանուն Գրիգոր Զոհրապի երկերի ժողովածուի վերջինՙ Դ հատորի լույսընծայումը։ Գործի, որի շատ ավելի վաղ նախաձեռնողն էր բանասիրության դոկտոր Ալբերտ Շարուրյանը, փաստական սկիզբը կնքվեց 2000 թ. վերջերին ու վավերացավ 2001 թ. լույս տեսած անդրանիկ հատորով։
Ժառանգակիր զավակի կամ պարզապես հայ մեծերին նորովի անդրադառնալու երախտագետի արժանապատվությամբՙ այս աշխատանքը լավագույնս իրագործվեց Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, ուր, ի դեմս Ե. Օտյանի, Մ. Կյուրճյանի, Վ. Շուշանյանի, Ս. Բյուրատի (շարքը կարելի է երկարել թե՛ կատարվածի թվարկումով, թե՛ հետագայում ավանդույթը շարունակելով), արդեն օրինաչափ է դարձելՙ անդրադառնալ եւ բարձր մակարդակով ընթերցողին ներկայացնել մշտապես արդիական, մշտապես սպասված հայ դասականների անտիպ կամ պարզապես թերթոնների ձեւով տասնյակ տարիներ առաջ տպագրված գործերը։
Մեծատաղանդ գրողի արտաքին շուքին ու շռայլ հոգուն արժանի այս հրատարակությունն աչքի է ընկնում ինչպես բարձրաճաշակ ձեւավորման, տպագրական որակի մակարդակով, այնպես էլ (եւ որ ամենակարեւորն է) կազմողի, խմբագրի ու խմբագրական ողջ կազմի բարձր պրոֆեսիոնալիզմով ու գործի հանդեպ նախանձախնդիր ջանադրությամբ։
Քառահատորն, անկասկած, գրականագետների եւ բանասերների քննության վաղուց սպասված նյութն է, սակայն այլ է հոդվածիս մղումն ու նպատակը։ Քննարկումը թողնենք մասնագետներին ու անդրադառնանք զգացողությանը։
Խոնարհ ծառաս այս հատորների շատ համեստ մասնակիցն է, տեքստի ընդամենը համակարգչային մուտքագրողը։ Սակայն, յուրաքանչյուր գործն ունի ինչպես մոտեցման, այնպես էլ ընկալման ու կատարման իր առանձնահատկությունը։
Զոհրապիՙ այդ զորեղ կաղնու, որի թողած հսկա ժառանգության չնչին նշխարներն էի վայելել դեռ դպրոցահասակ տարիներիս, այժմ յուրատեսակ հաղորդակիցը դարձա, կազմվող ժողովածուի առաջին ընթերցողներից մեկըՙ Ա. Շարուրյանից հետո... Հայորդու հուզումս, որ ինքնին բնական է, գումարվել էր ստեղծագործողիՙ իմ առանձնահատուկ ընկալմանն ու հույզերին։ Սրա մեջ հաղորդության պահ կար...
Հայ նորավեպի անհերքելի վարպետը նաեւ հրաշալի հոգեբան էՙ խոսքի դիմանկարիչ, արձակագիրՙ բանաստեղծական շնչով, լեզվագետ ու քննախոս։ Նամականի, օրագրություն, ընծայագրերՙ ահա այն ներանձնականն ու նաեւ ամենահետաքրքրականը, որ մշտապես յուրովի է բացում ցանկացած հեղինակի էության բոլոր շերտերը։
Հնարավոր չէ կարդալ Զոհրապ մտածողին, ծանոթանալ նրա առաջավոր գաղափարներին առավել խորությամբ ու վերստին ծանր չապրել այն մեծ կորուստը, որ կռահում էր հեռատես, սեփական խոսքի ուժն ու թափը գիտակցող, ազգային առաքինությամբ ու ազնվածին կեցվածքով բնորոշ գրողըՙ դատապարտված իր անկեղծ վստահությանը հանդեպ թուրք բեյերի ու հատկապես Թալեաթի։ Իր օրագրություններում ու նամակներում այս երեւույթի ենթատեքստն առավել հստակ է դառնում, մանավանդ ողբերգական վախճանին քաջածանոթ ընթերցողի համար։
Զոհրապի ստեղծագործական կամ գիտաքննական ընդգրկման ոլորտներն անպարփակելի են, մտքի թռիչքն ու խոսքի հնարանքները բազմազան, նրա գրականության նկատմամբ հետաքրքրությունը անսպառ է, եւ ներկայացված ժողովածուն էլ վստահաբար կունենա հրապարակախոսական ու քննախոսական արձագանքները։
Մեծ գրողը, որ եւ ակտիվ քաղաքական գործիչ էր, հրապարակախոս, փաստաբան, սուր դիտողականությամբ գրաքննիչ, նաեւ պառլամենտական ակտիվ ճառասաց էր։ Նրա ելույթների եւ ճառերի անտիպ հարուստ նյութը հրապարակման ճանապարհին է։ Հուսանքՙ իրագործումը կգա լրացնելու գրողի կենսագրական հարուստ էջերի կողքին դեռեւս առկա պակասը, որ կրկնակի լույսով կամբողջացնի հեղինակի կերպարը։
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ