1960-ականներից իտալական Ռավենա քաղաքում կազմակերպվող բիենալեները սկզբնական շրջանում ունեին տեղական նշանակություն։ Աստիճանաբար սահմաններն ընդարձակվեցինՙ ընդգրկելով միջազգային մասշտաբներ, եւ այժմ քանդակագործության ասպարեզի ամենախոշոր միջազգային մրցանակաբաշխությունն է համարվում։ Այս տարի, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բիենալեն մեկնարկեց ապրիլի 1-ից (մինչեւ սեպտեմբերի վերջ տեւողությամբ)։ Երկամյա պարբերությամբ անցկացվող մրցանակաբաշխության (վերջին 5 տարվա ընդմիջումով) 26 մրցանակները (բրոնզե քանդակային աշխատանքների համար) տեղաբաշխվում են ըստ 3 շերտերիՙ I, II, III մրցանակային տեղեր, 12 մրցանակային մեդալներՙ տարբեր անվանակարգերով եւ 11 խրախուսական մրցանակներ (բրոնզե մեդալներ)։
1990-ականներից սկսած Ռավենայի բիենալեներին պարբերաբար մասնակցում են նաեւ հայաստանցի քանդակագործներ (մինչ այդ մեր արվեստագետների մասնակցությունը պատահական բնույթ էր կրում)։ 1994 թ. Ռավենայի բիենալեի I պատվավոր մրցանակը շնորհվեց քանդակագործ Գարեգին Դավթյանինՙ «Քավության դռները» աշխատանքի համար։ Մրցանակաբաշխության բավականին նախանձախնդրության պայմաններում հայաստանցի քանդակագործին հաջողվեց հաղթել, որից հետո նա ընդգրկվեց միջազգային ժյուրիի կազմում։ Այս տարվա բիենալեում հայ քանդակագործների հաջողության մասին տեղեկացանք Գարեգին Դավթյանից։ Այս տարիներին հայ քանդակագործները ձեռնունայն չեն վերադարձել Ռավենայից։ Նվաճել են ինչպես I, II, III մրցանակային տեղեր, այնպես էլ արժանացել են տարբեր պարգեւների եւ մեդալների (Պապի, ռեգիոնալ նախարարության, միաբանության եւ այլն)։ 2003 թ. բիենալեին Հայաստանից մասնակցում էին 7 քանդակագործներ։ Շուրջ 500 աշխատանքներից լավագույնը ճանաչվեց Զարեհ Շահբազյանի (25 տարեկան) «Ժամանակային կրումլեխ» աշխատանքըՙ գրավելով մրցանակային առաջին տեղը։ Իսկ Սուրեն Մալխասյանցն արժանացավ խրախուսական մրցանակիՙ ստանալով բրոնզե մեդալՙ «Սիրո ճանապարհ» ստեղծագործության համար։
2003 թ. Ռավենայի XIV բիենալեն անցկացվում է «Դանթենՙ եվրոպացի» խորագրով։ Բիենալեների թեմաները սովորաբար առնչվում են դանթեական թեմաներին։ Պայմանավորված նրանով, որ կենտրոնըՙ Սան Ֆրանչեսկո եկեղեցին, Ռավենայում է, որտեղ կյանքի վերջին 6 տարիներն է անցկացրել վերածննդի մեծ բանաստեղծ Դանթե Ալիգիերին։ Հենց այստեղ էլ նա մահացել եւ այստեղ էլ թաղված է։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ