Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ լուսանկարված երեխաներըՙ Գայանեն, Լուսինեն եւ Խորենը, ընտանիքով հարկադրաբար Հայաստանից հեռացած եւ ժամանակավորապես Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներն են։
2001 թ. փետրվարին, մոտ 10 տարվա ընդմիջումից հետո, կրկին եղա Մոսկվայում եւ հնարավորություն ունեի այցելելու հին բարեկամներիս, այդ թվում նախկին ուսանողուհուսՙ Վարդիթեր Գրիգորյանին։ Վերջինս Արմեն Ջիգարխանյանի մոլի երկրպագուներից է, որ ամեն տարի հոկտեմբերի 3-ին զանգում է արտիստին, բարեմաղթանքներ հղում, հրավիրում իրենց տունՙ խաշի։ Ցավոք, միշտ բազմազբաղ Ջիգարխանյանը հետաձգում էր այդ հանդիպումը, որի մասին Վարդիթերի 3 երեխաները երազում էին։
Որոշեցի ինքս զանգել։
Ի զարմանս ինձ, հեռախոսափողը վերցրեց սիրելի արտիստը։ Ջիգարխանյանը նշեց հանդիպման օրը, ժամը եւ բացատրեց իր թատրոնի տեղը։
Վերջապես եկավ բաղձալի հանդիպման օրը։ Բոլորս պատրաստվում էինք, իսկ երեխաները գիշերը քնել չկարողացան ուրախությունից։ Տեղ հասանք պայմանավորվածից 1 ժամ շուտ։ Քարտուղարուհին հայտնեց արտիստին մեր գալու մասին եւ քիչ անց ներս հրավիրեց միայն ինձ։ Բոլորս կարկամել էինք, բայց ես վստահեցրի, որ հանդիպման վերջում կխնդրեմ, այնուամենայնիվ, մի քանի րոպե տրամադրել երեխաներին։
Արմեն Ջիգարխանյանը, չնայած սպիտակ մազերին եւ բեղերին, բավական առույգ տեսք ուներ, հագել էր իր ավանդական վանդակավոր վերնաշապիկն առանց փողկապի, ձեռքին անբաժան թզբեհն էր։ Խոսում էր անբռնազբոս, ոգեւորված, հումորով, խոսքի մեջ անընդհատ օգտագործելով սիրելի դիմելաձեւըՙ «բալա ջան»-ը եւ «ֆլան-ֆստան»-ը։
Չէր սիրում, երբ իրեն ընդհատում էին եւ օգնության էր դիմում միայն այն ժամանակ, երբ լավ չէր հիշում պետք եղած հայերեն բառը։ Հարցազրույցի ավարտին ես հարցրեցի նրա կարծիքը մեր ազգի մասին։
¬ Հայ ազգը բարդ ազգ է, թե՛ լավ, թե՛ վատ կողմից։ Եթե ճիշտն ասեմ, կարող է դաժան թվալ, բայց մենք այն ենք, ինչին արժանի ենք։ Ես իմ թատերախմբով միշտ շրջագայում եմ, եւ վերջերս ենք վերադարձել Կրասնոդար, Ռոստով, Նովոռոսիյսկ կատարած ուղեւորությունից։ Չկա մի վայր, որ հայեր չլինեն, եւ նրանք չգան ինձ հետ հանդիպելու։ Հարմարվում են բոլոր պայմաններին։ Սիբիրում անգամ, 42 աստիճան ցրտին, բաց վերնաշապիկով են ման գալիս։
Հավաքելով ողջ համարձակությունս, ասացի, որ այդպիսի մի լավ ընտանիք քանի տարի երազում է իրեն հանդիպելու մասին եւ հիմա շատ վշտացած է, որ զրկվեց եւս մեկ հնարավորությունից։ Իմանալով, որ նրանք դրսում մեքենայի մեջ ինձ են սպասում, ասաց.
¬ Դե որ այդպես է, շուտ զանգիր եւ կանչիր։
Եվ հանդիպումը կայացավ։
ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ