Երեւանում ռուսերեն լույս է տեսել Փարիզում ապրող սփյուռքահայ ճանաչված գրող Մովսես Պչաքճյանի «Լուսավոր աչքերով օտարականը» վեպը, որի կապակցությամբ «Ազգ» թերթի միջոցով հեղինակն իր շնորհակալությունն է հայտնում Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանին, Ստելլա Սանամյանին (Սանկտ Պետերբուրգ), Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանին, գրող Մերուժան Տեր¬Գուլանյանին։
Գիրքը լույս է տեսել Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի նախաձեռնությամբ, Մարգարիտա Յախոնտովայի եւ Մարիաննա Մխիթարյանի թարգմանությամբ։ Թարգմանությունը կատարված է հայերեն հրատարակությունից, որը Երեւանում իրականացվել է 10 տարի առաջ։
Մովսես Պչաքճյանը ծնվել է Հալեպում, այնուհետեւ տեղափոխվել Բեյրութ, 1976 թվականից ապրում է Փարիզում։ Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ 1970-ական թվականներից սկսած հաճախակի է այցելել Հայաստան, հանդիպել հայրենի պետական գործիչների ու մտավորականների հետ, այդ ամենն արտացոլելով իր հրապարակումներում։ Երեւանում, հեղինակի ներկայությամբ տեղի է ունեցել նրա «Անկարելի կարելին» պիեսի բեմադրությունը (ռեժիսորՙ Արթուր Էլբակյան)։
Վ. Ս.