«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


ԱԳԱՐԱԿԻ ՀՆԱՎԱՅՐԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Պեղումները կշարունակվեն դեռ երկար...

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում երկու տարի առաջ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի գիտաշխատողների հայտնաբերած վաղ բրոնզեդարյան քաղաք-տաճարի պեղումները մինչ օրս շարունակվում են ամերիկյան «Գֆոյլեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ։ Արշավախմբի ղեկավար, հնագետ Պավել Ավետիսյանի խոսքերով, մ.թ.ա. 4¬3 հազարամյակի հնություն ունեցող այս սրբավայրը եզակի է իր ծավալով եւ պահպանվածությամբ։ Քանիցս գրվել է, որ այսպիսի փաստ դեռեւս չէր արձանագրվել Հայկական լեռնաշխարհում եւ առհասարակ Հին Արեւելքում։ Սրբավայրը ձգվում է Ագարակ գյուղից մինչեւ Ոսկեհատ, զբաղեցնելով մոտավոր հաշվումներով 200 հա տարածք։ ՀՀ կառավարության որոշմամբ Ագարակը ստացել է պատմամշակութային արգելոց թանգարանի կարգավիճակ։

Ս. էջմիածնի մայր տաճարի օծման 1700-ամյակի առթիվ Օշականում տեղի ունեցած վերջին գիտաժողովում Պավել Ավետիսյանը հանդես եկավ «Սրբազան լանդշաֆտ»-ի նորահայտ փաստագրումներ Հայաստանում» զեկուցումով, առաջ քաշելով այն նոր հիմնադրույթը, որ Ագարակի քարակոփ հարթակները մոտ հազար տարով ավելի վաղ շրջանի են պատկանում եւ առատ նյութ են տալիս Կենտրոնական Անատոլիայի եւ Հայկական լեռնաշխարհի փոխառնչությունների ուսումնասիրման համար։ Հիրավի, այս հիմնադրույթի հաստատումը հայագետների համար կնշանակի նախաքրիստոնեական Հայաստանի ոչնչացված պատմության որոշ էջեր լրացնելու լայն հնարավորություն։

Վաղ բրոնզեդարյան միջին փուլումՙ Ք.ա. XXIX¬XXVI դդ., Ագարակը դեռեւս բնակեցված չի եղել։ Այդ մասին է վկայում շինարարական մնացորդներին հաջորդող անբնակ հզոր շերտի առկայությունը։ Բնակեցման փուլը, ըստ հայտնաբերված միջին բրոնզեդարյան գունազարդ խեցեղենի հատուկենտ նմուշների, ժամանակագրվում է մոտավորապես Ք.ա. XVIII¬XVI դդ.։ Գտնվել են զենքի եւ զարդերի նմուշներ, որոնք հանդիպում են նաեւ վաղ երկաթի դարում, ինչը թույլ է տալիս բնակեցման հաջորդ փուլը համարել Ք.ա. XV¬IX դդ.։ Հուշարձանի տարբեր հատվածներից գտած վան¬տոսպյան կարմրափայլ եւ սեւ փայլեցրած մակերեսով խեցանոթները, ինչպես նաեւ վան-տոսպյան կնիքով թաղման իրողությունը միանշանակ փաստում են, որ Ագարակի տարածքը հաջորդ դարերին նույնպես բնակեցված է եղել։ Հարթակի վաղ եւ ուշ միջնադարյան շինությունների տակ եղած պատերի մնացորդները, թաղումները եւ ժայռափոր հնձանները վերաբերում են հելլենիստական եւ անտիկ շրջաններին։ Այդ շրջանների խեցեղենի առատությունը եւ ժայռափոր հնձանների սփռվածությունը հնավայրի տարբեր հատվածներում վկայում են, որ հուշարձանն առավելագույն սահմանների է հասել հատկապես մ.թ.ա. IV¬III դարերում։

Ագարակի բնակեցման վերջին փուլը թվագրվում է Երեւանի խանության սահմաններում հատված եւ շրջանառված դրամներով։ Պավել Ավետիսյանի գնահատմամբ, հուշարձանախմբի հիմնական առանձնահատկությունն այն է, որ քարակոփ եւ ժայռափոր կերտվածքների համալիրների մեծ մասը շաղկապվում է վաղ-բրոնզեդարյան շրջանի հետ։ Շերտագրական դիտարկումների համաձայն, Ք.ա. III հազարամյակի առաջին քառորդում այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված հսկայական պաշտամունքային համալիր, ինչն ինքնին փաստում է, որ քարի մշակումն այստեղ բազմադարյան ավանդույթ է եղել։ Իսկ ժայռի հարթակի անսովոր փոսերը, ըստ նախնական ենթադրության, խոսում են տեղի բնակիչների աստղագիտական գիտելիքների մասին։

Հնագույն շրջանի ինքնատիպ քաղաքակրթություն մարմնավորող այս հուշարձանը իր եզակիությամբ առանձնանում է Փոքր Ասիայում հայտնաբերված խեթա-փռյուգիական հուշարձաններից, որոնց տարածքներում փաստագրված քարակոփ կերտվածքները գերազանցապես կրկնում են ագարակյաններին։

Հնավայրի պեղումները դեռ երկար կշարունակվենՙ արձանագրելով նոր փաստեր ու իրողություններ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4