«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ

Հուլիսի 16-ին կայանալիք 10 հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի չեմպիոնների լիգայի 2003/04 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլը։ Ինչպես հայտնի է, այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հյուրընկալելու է Իսլանդիայի ուժեղագույն ակումբինՙ Ռեյկյավիկի համանուն թիմին։ Հարկ է խոստովանել, որ վիճակահանության հարցում «Փյունիկի» բախտը բերել է։ Հնարավոր 10 մրցակիցներից ամենաթույլը թերեւս «Ռեյկյավիկն» է։ Ի դեպ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան էլ գոհ է վիճակահանության արդյունքներից։ Հիշեցնենք, որ բարեհաջող ելքի դեպքում, երկրորդ փուլում «Փյունիկին» հարկ կլինի ուժերը չափել Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ։

Իսլանդիայի առաջնությունում հանդես են գալիս 10 թիմեր։ «Ռեյկյավիկը» 9 խաղից հետո տոնել է 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի, 3-ում պարտվել է. խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 10-11։ Թիմը 14 միավորով 3-րդ տեղում է, սակայն մրցակիցներից մեկ խաղ ավելի է անցկացրել։ Վերջին շրջանում «Ռեյկյավիկն» անկայուն ելույթներ է ունենում։ 5 տուրից հետո Իսլանդիայի չեմպիոնը գլխավորում էր աղյուսակը, սակայն երկու անընդմեջ պարտությունները «Ֆիլկիրից» (1-2) եւ «Վալյուրից» (1-2), որոնցից վերջինըՙ սեփական հարկի տակ, սասանեցին առաջատարի դիրքերը։ 8-րդ տուրում «Ռեյկյավիկը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (0-0) խաղաց ԻԲՎ-ի հետ, իսկ հաջորդ խաղում վերջապես կարողացավ հաղթելՙ սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնելով «Հաֆնարֆյուրդուրին»։ Անշուշտ, «Փյունիկն» ի վիճակի է հաղթահարելու առաջին փուլի արգելքը, ինչպես դա պատահեց անցյալ տարի, երբ ՀՀ չեմպիոնը վստահ հաղթանակներ տոնեց Ֆինլանդիայի «Տամպերեի» հետ։ Ակումբի ղեկավարության ձեռնարկած քայլերը թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ, կարծում ենք, դրական արդյունքի կհանգեցնեն։ Համենայն դեպս, առաջնության վերջին հանդիպումներում արգենտինացի լեգեոներներն իրենց վատ չեն դրսեւորում եւ աստիճանաբար մերվում են կոլեկտիվին։ Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ արգենտինացի ֆուտբոլիստները ֆիզիկական լավ տվյալներով են օժտված եւ կարող են հավասար պայքար մղել սովորաբար բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով իսլանդացիների հետ։ Ճիշտ է, միայն ֆիզիկական տվյալները չեն կարեւորվում։ Կարծում ենք, իսլանդացիների հետ խաղում վճռորոշ է լինելու ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստվածությունը։

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջիկա խաղին նախապատրաստվելու նպատակով հուլիսի 13-ին նախատեսված «Փյունիկ»¬«Կոտայք» առաջնության հանդիպումը կկայանա երկու օր շուտՙ վաղը։ Այդ հանդիպումը կլինի վերջին փորձամրցումն իսլանդացիների հետ վճռորոշ խաղից հետո։ Բացառված չէ, որ կոտայքցիների հետ խաղում Միխայ Ստոյկիցան մարտավարական որոշ տարբերակներ փորձարկի։ Իսլանդացիների հետ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Ռեյկյավիկումՙ հուլիսի 23-ին։ Այդ խաղին լավագույնս նախապատրաստվելու համար «Փյունիկը» հուլիսի 17-ին կմեկնի Ֆրանսիա, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Հենց Ֆրանսիայից էլ թիմը կժամանի Ռեյկյավիկ։

«Փյունիկ»¬«Ռեյկյավիկ» հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում։ Անկասկած, «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, ինչպես դա եղավ անցյալ տարվա «Փյունիկի» եվրագավաթների հանդիպումներում։ Մնում է հուսալ, որ այս անգամ էլ Հայաստանի չեմպիոնի մեկնարկը հաջող կլինի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4