«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2003-07-08 | #129, 2003-07-09 | #130, 2003-07-10


«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾԱՐՔԻՆ ՀԱՆԿԱՐԾ ԷՐՆԵԿ ՉՏԱՆՔ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պարզվում է, նույնիսկ այդքան աղմուկ բարձրացրած «Արմենտելի» գործարքը սարսափելի չի թվում մենաշնորհ ենթադրող այլ գործարքների կողքին։ Խոսքը դարձյալ «Զվարթնոց», այժմ «Արմենիա» միջազգային օդանավակայանի գործարքի մասին է, որն արդեն 1,5 տարի պատուհաս է դարձել հայաստանցիներիս գլխին։ Սակայն առջեւում դեռ 28,5 տարի ունենք... Դժվար է ասելՙ ի՞նչ կլինի այդքան ժամանակ հետո։ Սակայն այսօր արդեն փակուղում ենք հայտնվելՙ միամտության դեպքում իշխանությունների անհեռատեսության, իսկ իրատես լինելուՙ պատեհապաշտության պատճառով։ Պատահական չէ, որ գործարքի պայմանագրի մանրամասները շատ քչերին են հայտնի, նույնիսկ կառավարության ներկայացուցիչներին, էլ ուր մնաց հասարակությանը։ Այսօր, սակայն, այդ պայմանագրով է ավիացիայի ոլորտում եղանակ ստեղծվում կամ էլ պարտադրվում։ Արգենտինահայ սեփականատերերին տրված սակագնային քաղաքականությունը վարելու բացառիկ իրավունքն արդեն բերել է օդանավակայանում սպասարկման գների կտրուկ աճի, սակայն սպասարկման որակի կտրուկ անկման պայմաններում։ Հասարակ ուղեւորներս շատ ճիգեր պետք է գործադրենք նվաստացուցիչ վերաբերմունքը չնկատելու եւ հիասթափություն չապրելու համար։ Սակայն ոչ թե օդանավակայանից, այլՙ պետական պատասխանատուներից։

Վերջերս «Արմենիան» հերթական անգամ բարձրացրեց ավիատոմսերի գները, նաեւ ավիավառելիքի, որի տոննան շուրջ 100 դոլարով բարձր է միջազգային շուկայում հաստատված սակագներից։ Որպես հետեւանք Հայաստանը կդադարի տարանցիկ երկիր լինելուց։

«Արմենիան» այսօր հերթական անակնկալն է մատուցում։ Օդանավակայանի հետ գործ ունեցող բոլոր կազմակերպություններին նոր պայմանագրեր կնքելու առաջարկ է արվում, սակայն մի քանի անգամ ավելի բարձր սակագներով։ Բնական է, շատ կազմակերպություններ պարտադրված են հարմարվել մոնոպոլիստի պայմաններին, սակայն Հայաստանըՙ ի դեմս «Արմենիա» միջազգային օդանավակայանի, դադարում է շահավետ գործընկեր լինել։

Ակնհայտ է, որ օդանավակայանի սեփականատերերի նպատակը հնարավորինս շատ գումար աշխատելն է, մնացածը կարեւոր չէ։ Անցյալ տարի վազքուղու վերանորոգման համար ներկայացվող 5,5 մլն դոլարի, ինչպես նաեւ այս տարի ՎԻՊ-ի վերանորոգման համար 2 մլն 800 հազար դոլարի ներդրումն իրականությանը համապատասխանել չի կարող։ Անզեն աչքով նույնիսկ երեւում է, որ նշվող գումարը, մեղմ ասած, չափազանցված է։ Հավանաբար նույն տարբերակով է իրականացվելու խոստացված 150 մլն դոլարի ներդրումը, որն, ի դեպ, Էռնեկյանի հետ կապված օրերս աղմուկի ֆոնին հատկապես համոզիչ է հնչում։

Ի դեպ, Էռնեկյանի անվան շուրջ բարձրացված աղմուկի մասին։ Մեր կառավարությունն այսօր ջայլամային քաղաքականություն է վարումՙ ընդունելով այնպիսի կեցվածք, թե Էռնեկյանի գործը մեզ չի վերաբերում։ Արգենտինան հեռու է մեր երկրից, բայց վտանգը շատ մոտ է։

Հայտնի է, որ մի քանի տասնյակ օդանավակայանների սեփականատեր Էդուարդո Էռնեկյանն օրենքի հետ խնդիրներ ունի եւ հավանական է, որ մոտ ապագայում միջազգային հետախուզման մեջ հայտնվի։ Էռնեկյանի ակտիվների սառեցման դեպքում ինչպե՞ս է դասավորվելու «Զվարթնոցի» ճակատագիրը։ Եթե պարզվի, որ Արգենտինայի նախորդ նախագահ Կառլոս Մենեմի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքները կասկածելի են... «Արմենիա» միջազգային օդանավակայանի, այսինքնՙ Էդուարդո Էռնեկյանի ստացած շահույթը փաստորեն կուղղվի նրա պարտքերի մարմանը, այսինքնՙ Արգենտինայի պետբյուջե։ Իսկ մենք 28,5 տարի ոչինչ չենք կարողանա անել, եթե, իհարկե, հանկարծ չորոշենք, որ չենք պատրաստվում հարգել միջազգային իրավունքը։ Ու դարձյալ մեկուսացման վտանգի առջեւ հայտնվենք։ Սա, ի դեպ, կարծես սովորական է դառնում մեր երկրի համար։ Մի կողմ թողնելով այլ բնագավառներում առկա խնդիրները, Եվրոպայի առջեւ ստանձնած մեր պարտավորությունների առումով նշենք, որ ավիացիայի ոլորտում բազմաթիվ միջազգային օրենքներ ենք խախտում։ Բավական է միայն ասել, որ առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ IKAO-ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպության) անդամ Հայաստանն ավիացիայի ոլորտում մենաշնորհ թույլատրելու իրավունք չունի, այլ պարտավոր է ազատ մրցակցային դաշտ ապահովել։

Միայն ավիացիայի բնագավառում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը լուրջ հարված է Հայաստանի վարկինՙ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Ի՞նչ կլինի օդանավակայանի դեպքումՙ դժվար է ասել, սակայն ապագան արդեն գորշ գույներով է երեւում։ Ակամա հիշում ես իշխանությունների խանդավառությունը գործարքը կատարելիս եւ այդ խանդավառությամբ հասարակությանը վարակելու ցանկությունը։ Այս անգամ էլ հոռետես թվացողները, պարզվեց, ընդամենն իրատես են։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4