Թուրքական «Զաման» թերթի վկայությամբ հուլիսի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը բուժզննման նպատակով ժամանել է Անկարա։ Նրա բուժզննումն իրականացվում է «Գյուլհանեի» հոսպիտալում։ Մինչ Անկարա ուղեւորվելը, նա Բաքվում ընդունել է պաշտոնական այցով այնտեղ գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախագահ Աբդուլքադիր Աքսուին։ Ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ եղբայրական Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերության կատարելության աստիճանի են հասել։
Մինչդեռ, ինչպես երեկ գրել էր «Ազգը»ՙ վկայակոչելով Բաքվի «525» թերթի հաղորդած տվյալները, սպասվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժամաներ Բաքու։ Եվ եթե իրականություն է Բաքվի ԱՆՍ հեռուստաալիքի ուղիղ եթերում Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւի հաղորդածն այն մասին, որ Հեյդար Ալիեւին Անկարայում տեսել է «առույգ եւ շատ լավ տրամադրության» մեջ, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահը ճիշտ այս օրերին է ծրագրել Անկարայում իր «պլանային հսկիչ հետազոտությունը», որպեսզի խուսափի նախագահ Պուտինի հետ հանդիպելուց։ Այդ հանդիպումը, ինչպես հայտնել են MPA գործակալությանն Ադրբեջանի արտգործնախարարությունում, տեղի կունենա հուլիսի վերջին տասնօրյակին եւ կլինի աշխատանքային։