Նախորդ համարում «Ազգը», ելակետ ընդունելով թուրքական կենտրոնական թերթերի մտահոգություններն ու թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային կացությունը, կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կընդունի Հայոց ցեղասպանության բանաձեւը։ Ապավինելով ընթերցողների ներողամտությանը, ասենք, որ իրականում խոսքը ոչ թե բանաձեւիՙ Ներկայացուցիչների պալատի ընդունման, այլ Սենատում քվեարկության մասին էր։ Հոդվածը պատրաստելու պահին բանաձեւը դեռեւս քվեարկության չէր դրվել։ Բայց որ բանաձեւը Սենատի օրակարգում է, եւ դրա օգտին արտահայտվող սենատորներն ամեն կերպ ջանում են, որ դա քվեարկվի ԱՄՆ պետքարտուղարության բյուջեի օրինագծի հետ, ակնհայտ է։
Օրինագծի պարագան զգալի մեծացնում է Սենատում բանաձեւի հաստատման հավանականությունը։ Թերեւս այդ առումով պատահական չէր Ամերիկայի հրեական կոմիտեիՙ AJC-ի նամակն ինչպես Սենատին, այնպես էլ ի պաշտոնե Սենատի նախագահի տիտղոսը կրող ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին, որտեղ ընդգծվում է Հայոց ցեղասպանության բանաձեւի անհամատեղելիությունը պետքարտուղարության բյուջեի օրինագծի հետ եւ կոչ է արվում զերծ մնալ դրանց համատեղ քվեարկությունից։
Այդ մասին հուլիսի 10-ի համարում, կրկնելով փաստորեն թուրքական հանրային հեռուստատեսության համապատասխան հաղորդումը, տեղեկացնում է «Զաման» թերթը։ Նա միաժամանակ գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Իրաքում թուրք զինվորականների ձերբակալության առնչությամբ Չեյնիի հետ երեք հեռախոսազրույց է ունեցել եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում խնդրել է նրա աջակցությունը։ Ըստ «Զամանի», փոխնախագահ Չեյնին ընդառաջել է Էրդողանի խնդրանքին եւ սկսել նամակով կամ հեռախոսով զգուշացնել սենատորներին, որ բանաձեւի օգտին չքվեարկեն։ Թուրքիայի օգտին Սենատում լոբբիստական գործունեություն ծավալելու առումով Չեյնիին է միացել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցը։
Այս ամենի մասին նշելով հանդերձ, այնուամենայնիվ, «Զամանը» Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատումը միանգամայն հավանական է համարում եւ դա պատճառաբանում է Վաշինգտոնի համար Թուրքիային տհաճություն պատճառելու ռազմավարական գնի հարաբերակցությամբ։ Ըստ թուրքական թերթի, հարաբերակցությունը բանաձեւի օգտին է, քանի որ Բաղդադում Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո ռազմավարական այդ գնի արժեքը նկատելի նվազել է, իսկ դրան նպաստել են Իրաքի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումն ու Հյուսիսային Իրաքում թուրք զինվորականների ձերբակալության հետեւանքով երկու դաշնակից երկրների հարաբերություններում առաջացած խորը ճգնաժամը։
Համենայն դեպս, «Զամանի» գլխավորությամբ թուրքական թերթերի ու հանրային հեռուստատեսության ենթադրությամբ երեկ Սենատը քվեարկելու էր Հայոց ցեղասպանության բանաձեւը, ընդ որում ԱՄՆ պետքարտուղարության բյուջեի օրինագծի հետ եւ, ամենայն հավանականությամբ, հաստատելու։ Ի դեպ, Սենատում բանաձեւի ընդունման դեպքում դա կներկայացվի Ներկայացուցիչների պալատի վավերացմանը։ Քանի որ ԱՄՆ-ում օրենսդրական բարձրագույն մարմինը Կոնգրեսն էՙ կազմված Սենատից եւ Ներկայացուցիչների պալատից, ուստի վավերացումը փաստորեն համազոր է լինելու ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Թեեւ ճանաչումը Թուրքիայի վրա պաշտոնական որեւէ պարտավորություն չի դնում, սակայն Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի պահպանման հարցում ԱՄՆ-ի շահագրգռությունները ճշտելու առումով որոշակի ազդանշաններ կհաղորդի թուրքական իշխանություններին։ Ահա թե ինչու վերջիններս բանաձեւին մոտենում են թուրք-ամերիկյան ռազմավարական դաշինքի պահպանման տեսանկյունից, իսկ դա կրկնապատկում է նրանց մտահոգությունը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ