«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Ի հակադրումն Հայոց ցեղասպանության թանգարանի

«Թրքիշ դեյլի նյուզ» օրաթերթի մայիսի 3-ի համարում լույս տեսած Այլա Գանիօղլուի հոդվածից տեղեկանում ենք, որ Թուրքիայի միակ ընդդիմադիրՙ Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի ներկայացուցիչ, այժմ թոշակի անցած նախկին դեսպան եւ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Շուքրու Էլեքդաղն առաջարկել է Վաշինգտոնում բացել «Անատոլիական մշակույթի եւ քաղաքակրթության թանգարան»։ Նա նշել է, որ քանի դեռ իրավական առումով Թուրքիային չի թույլատրվում խոչընդոտել «Հայոց ցեղասպանության թանգարանի» բացմանը, ապա ամենաճիշտ ձեւը Վաշինգտոնի աչքի ընկնող մի թաղամասում «մեր երկրի պատմությունը, մշակույթն ու քաղաքակրթությունը ներկայացնող թանգարանի բացումը պիտի լինիՙ չեզոքացնելու համար հայկականի բացասական ազդեցությունը»։

Բացատրելով թերթի լրագրողին խորհրդարանի նիստերից մեկում հնչեցրած իր առաջարկի էությունը, նա ավելացրել է, որ նման թանգարանը կնպաստի աշխարհին ցույց տալու թուրքերի «ավանդական հանդուրժողականությունը»։ «Այնտեղ ցուցանմուշներ կլինեն քրիստոնյաների եւ ինկվիզիցիայի բռնատիրությունից Օսմանյան կայսրությունում ապաստան գտած հրեաների, ինչպես նաեւ մահմեդականների, քրիստոնյաների եւ հրեաների համերաշխ ու համատեղ գոյության մասին։ Հիշատակություն կլինի սուֆի բանաստեղծ Յունուս Էմրեյի մասին, որը կայսրությունում ապրող 72 ազգություններին միեւնույն ձեւով էր վերաբերվում, եւ սուֆի փիլիսոփա Ջելալուդդին Ռումիի մարդկայնության մասին, որն ասում էր. «Եկեք, եկեք... ով էլ լինեք... կարեւոր չէ»։

«Հայերը փորձում են քրիստոնյաների աջակցությունը սիրաշահել մահմեդականների եւ քրիստոնյաների ընդհարումներն առաջնահերթ դարձնելով, մինչդեռ հենց իրենքՙ հայերը բյուզանդական բռնատիրությունից հետո ազատություն, վստահություն եւ բարեկեցություն են վայելել Օսմանյան կայսրությունում, որտեղ նրանք կազմակերպված համայնք էին «միլլեթ» անվան տակ։ Նրանց պատրիարքը իրենց հոգեւոր առաջնորդն էր։ Նրանց կարելի էր տեսնել կառավարական բարձրագույն պաշտոններումՙ նախարար, դեսպան, կառավարիչ, դատավոր եւ այլն։ Օսմանյան կայսրության վերջին շրջանում Գաբրիել Նորատունկյանն արտգործնախարար էր, Ակոբ Փաշանՙ գանձապետարանի պատասխանատու նախարար», այնուհետեւ ասել է Էլեքդաղըՙ հույս հայտնելով, որ գրանտների միջոցով հնարավոր կլինի բացել թանգարանը, բայց «Թուրքիայում մի հիմնադրամ պետք է ստեղծել այդ ծրագիրը խորհրդարանի աջակցությամբ գլուխ բերելու համար»։

«Հարցումներն ու գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ հույների, կիպրացիների եւ հայերի տարած քարոզչական աշխատանքի հետեւանքով ամերիկացիները նախապաշարված վերաբերմունք ունեն ընդդեմ թուրքերի, հակառակ որ Մ. Նահանգներն ու Թուրքիան դաշնակիցներն են ավելի քան 50 տարի», եզրակացրել է նա։

Հատկանշական է, որ թերթն այդ համարում վերոհիշյալ հոդվածից անմիջապես հետո տեղադրել է մի «ուղղում», որտեղ նշված է. «Թրքիշ դեյլի նյուզի» ապրիլի 27-ի համարում տպագրված Էլեքդաղի հարցազրույցում առաջին հարցին տված նրա պատասխանի մեջ «ցեղասպանություն» բառը պետք է լինի «կոտորածներ»։ Ներողություն ենք հայցում։ Պատահարը որպես «ցեղասպանություն» ներկայացնելու փորձեր են արվում, որը կապ չունի այդ հասկացության հետ, քանի որ Օսմանյան կայսրությունը երբեք չի մտադրվել, ծրագրել կամ որոշում ընդունել հայերին սիստեմատիկ կերպով կոտորելու կամ բնաջնջելու»։

Ինչպես ասում ենՙ մեկնաբանություններն ավելորդ են։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4