«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ԵՌՅԱԿԸ ԳՈՀ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ու հեռանկարների, Եվրամիության Եռյակի տարածաշրջան այցի գնահատման հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, պատվիրակության ղեկավար, Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերի եւ Հարավային Կովկասի երկրների գծով ԵՄ հատուկ բանագնաց, դեսպան Հեյկե Թալվիթիեի համատեղ մամլո ասուլիսը, որ կայացավ հուլիսի 10-ին Երեւանում։ Նրանք հայտնեցին, որ նախագահ Քոչարյանի եւ արտգործնախարար Օսկանյանի հետ Եռյակի հանդիպումներում քննարկվել են եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրությանը եւ մասնավորապես լոկալ հակամարտություններին առնչվող հարցեր։

Մարգերիտա Բոնիվերը եւ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեցին Եռյակի Հայաստան այցի արդյունքները։ «Մենք գոհ ենք այս այցից, մենք առաջընթաց արձանագրեցինք մի շարք հարցերում։ Ցավոք, որոշ խնդիրներ դեռ լուծված չեն, մասնավորապեսՙ ղարաբաղյան հակամարտությունը», հայտարարեց Մ. Բոնիվերը։ Ըստ նրա, ԵՄ-ն «վճռականորեն շահագրգռված է» Հարավային Կովկասի երկրների հետ ավելի սերտ փոխհարաբերությունների հաստատմամբ։ «Մենք վստահ ենք, որ միասին քայլ առ քայլ մենք կամրապնդենք մեր հարաբերությունները»։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր հեռանկարների առնչությամբ նա նշեց, որ Եվրամիության շահերը պարտավորեցնում են, որպեսզի այդ կազմակերպությանն անդամակցությունը իրականացվի ժողովրդավարական հիման վրա, եւ նման համապատասխանության առկայության պայմաններում այդ հարցում «ոչ ոքի համար բացառություններ չկան»։

Վարդան Օսկանյանը նշեց ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնման հնարավորությունները մի քանի տարի առաջ ստորագրված «Գործընկերության եւ համագործակցության մասին» պայմանագրի շրջանակում։

Մամլո ասուլիսում ներկայացվեց տարածաշրջանում ԵՄ նորանշանակ հատուկ բանագնաց, դեսպան Հեյկե Թալվիթիեն։ Վերջինս հայտարարեց, որ ինքը ստացել է հարցերի լայն շրջանակի մանդատ, եւ իր հիմնական առաքելությունը Հարավային Կովկասում տարածաշրջանի երեք երկրների հետ Եվրամիության հարաբերությունների խորացումն է։ Նա հայտնեց նաեւ, որ լիազորված է մասնակցել այս տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործընթացին։ Միեւնույն ժամանակ նա հայտարարեց. «Որոշումները պետք է բխեն տարածաշրջանի երկրներից, ԵԱՀԿ Մինսկի խումբը սոսկ կմասնակցի հակամարտության լուծմանը»։

Ղարաբաղի հարց

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին մենք պետք է ճիշտ մոտենանք, այսինքնՙ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի որոշման տեսանկյունից, եւ միայն այդ համատեքստում մենք կկարողանանք ճիշտ գնահատական տալ հակամարտության հետեւանքներին, ինչպիսին են տարածքները, փախստականները եւ անվտանգության խնդիրները»։ Հուլիսի 10-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով մի արտասահմանյան լրագրողի հարցին, թե արդյոք պատրա՞ստ է Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում վերադարձնել իր կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքները։

Ըստ նախարարի, ղարաբաղյան կարգավորման հարցի լուծումը տարածքներից սկսելը սխալ ձեւակերպում է եւ ցույց է տալիս հիշյալ հարցի էության ոչ ճիշտ ընկալումը։ Օսկանյանը նշեց, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրը ոչ թե պատճառ, այլ արդյունք է, որը կախված է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակից։ Ինչպես ընդգծեց նախարարը, այդ հարցը ծագել է, որովհետեւ Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով ճնշել ԼՂ ժողովրդի ինքնորոշման ձգտումը, իսկ ռազմական հակամարտության արդյունքում տեղի ունեցան «այդ զարգացումները»։ Ըստ Օսկանյանի, հարցը պետք է լուծվի «փաթեթային տարբերակի» ճանապարհով, որի մեջ մտնում են այդ բոլոր խնդիրները. «Մենք շեշտը պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վրա, մնացած բոլորը ածանցյալ են, եւ դրանք իրենց լուծումը կգտնեն այդ փաթեթի շրջանակում»։

Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարության առնչությամբ, թե Ադրբեջանը կվարի ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի բացակայության պարագայում, Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Հայաստանը միշտ էլ ջատագովն է եղել Ղարաբաղ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների, դա ամենաարդյունավետ գաղափարն է. եթե իսկապես առկա է հնարավորություն, որ Լեռնային Ղարաբաղը կարող է բանակցել Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը միայն ու միայն դա կողջունի»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4