Ասաց Հայաստանի ԱԽ քարտուղարըՙ դիմավորելով վրաց գործընկերոջը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 10-ին երկօրյա այցով Երեւան ժամանեց Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն։ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում գործընկերոջը դիմավորեց ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։
Ինչպես լրագրողներին հայտնեց պրն. Ջափարիձեն, այցի ընթացքում երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, որ ներառում է ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների խնդիրները։
Ըստ Ջափարիձեի, տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես աբխազական խնդրի համատեքստում կարծարծվի նաեւ երկաթուղու ապաշրջափակման հարցը։ Նա ընդգծեց, որ Վրաստանը նույնպես, ինչպես եւ Հայաստանը, շահագրգռված է երկաթուղու բացմամբ։ Սակայն խնդիրը կարող է լուծվել միայն վրաց-աբխազական հակամարտության կարգավորման դեպքում, որի հիմնական պայմաններից մեկը փախստականների վերադարձն է։
Թեդո Ջափարիձեն նշեց, որ հանդիպմանը կքննարկվեն նաեւ տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ երկու երկրների համագործակցության հարցերը։ Վերջինիս հետ, ըստ նրա, Վրաստանը «տվյալ փուլում խնդիրներ ունի»։ Այն հարցին, թե ինչպես է Վրաստանը վերաբերվում Հայաստանի առաջարկությանը, որը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի հետ հարաբերություններում, Ջափարիձեն պատասխանեց, որ հարցը կարելի է քննարկել, «եթե Հայաստանը պատրաստ է դրական ազդակ հաղորդել»։
Տարածաշրջանային նշանակության հարցերի համատեղ քննարկման վերաբերյալ գործընկերոջ խոսքին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը արձագանքեց հումորով. «Քննարկելը խնդիր չէ, գլխավորը խնդիրների լուծում գտնելն է»։