Կարծիքներ Գյումրիից
Որքան էլ, շատերիս տպավորությամբ, մեր երկրի քաղաքական դաշտում սկսեն ցավալիորեն գերիշխել խմբակային շահախնդրությունները, որոշ թվով «գործիչների» անձնական հավակնությունները եւ այդ ամենի հիմքի վրա արձանագրվող անցողիկ «հաղթանակները», կան հիմնարար խնդիրներ, որոնք այսպես թե այնպես վերարծարծվելու են, քանի դեռ լուծում չեն ստացել։ Թե սահմանադրական փոփոխությունների նախագիծը մայիսյան հանրաքվեով հիմնականում ինչու չանցավՙ հայտնի է եւ այդ մասին շատ է խոսվել։ Իսկ թե ինչու քվեարկություններ կազմակերպելու ու ամփոփելու արդեն պատկառելի փորձ ունեցող իշխանական մեքենան այս անգամ «թույլ տվեց», որ չանցնի, այս մասին կարելի է տարբեր դատողություններ անել։ Օրինակ, որ իշխանությունն այդ փոփոխությունների համար շատ էլ «դեմ չէր ընկնում» եւ հին սահմանադրության պայմաններում էլ իրեն վատ չէր զգում։ Կամ, դիցուք, որ ոչ մեկի առանձին շահերին էապես չկպչող այս «զոհաբերությունը» մեր եւ հատկապես եվրոպական հանրության աչքին ժողովրդավարության թոզ փչելու մարտավարական քայլ էրՙ անցկացված ընտրությունների ու դրանց արդյունքների հարցում եւս հավատ հաստատելուն ուղղված։
Ինչեւէ, եթե սահմանադրական բարեփոխումների խնդիրը մեզանում իրոք հասունացել է, ապա հարցն այժմ այն է, թե որն է լինելու հաջորդ քայլը, ինչ պիտի արվի այսուհետեւ եւ ինչպես։ Մասնավորապես հուլիսի 5-ին հանրապետության ղեկավարությունը հայտնել է սկսած գործընթացը շարունակելու իր մտադրությունը։ Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներից ակներեւաբար բավական հիասթափված հասարակությունը։ Խնդրո առարկայի վերաբերյալ փորձեցինք իմանալ Գյումրիում գործող մտավորականներից մի քանիսի կարծիքները։ Ստորեւՙ մտքեր նրանց պատասխաններից։
Արա Սարգսյան, բանաստեղծ-Ներկայացված սահմանադրական փոփոխություններին ե՛ւ ժողովուրդը ծանոթ չէր, ե՛ւ դրանց մի մասը չէր բխում ժողովրդի շահերից։ Ուստի, կարծում եմ, հիմա պիտի խորհել, վերամշակել, ներկայացնել ժողովրդի քննարկմանը, հետո միայն դնել հանրաքվեի։ Ամենակարեւորըՙ հանրությունը ժամանակ պիտի ունենա լավ ծանոթանալու, քննարկելու, հանուրով ստեղծելու կշռադատված, ընդունելի եւ մնայուն փաստաթուղթ։ Ի վերջո, սա այն փաստաթուղթը չէ, որ պիտի անընդհատ փոխվի-փոփոխվի։ Թե չէ ժողովրդի ճակատագրի հետ են խաղում։
Սարգիս Պետրոսյան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր¬Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրությունը սահմանադրություն է, եւ տվյալ դեպքում այնքան էլ նշանակություն չունիՙ հին սահմանադրությունը կմնա՞ր, թե՞ նորը կանցներ։ Առավել կարեւորն այստեղ այն է, որ երկրի հիմնական օրենքն, իրոք, գործի։ Այ, սրան է, որ պիտի հասնենք։ Աշխարհում երեւի այնպիսի երկիր գոյություն չունի, որ վատ սահմանադրություն ու օրենքներ ունենա։ Սակայն ամենալավ օրենքն էլ ոչինչ չարժե, եթե չի գործում։
Պարզապես մեր սահմանադրությունը վատ է գործում։
Հայկ Հարոյան, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ-Հենց հանրաքվեի կազմակերպման ձեւը, ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելը ճիշտ չէր։ Հանրաքվեն առանձին պետք է անցկացվեր։ Սահմանադրությունն իր կարեւորությամբ ինչ-որ տեղ նաեւ հիմնարար ազգային ծրագիր է։ Ուրեմն նրա շատ հոդվածներ պետք է ամրագրել մեր ազգային առանձնահատկությունների, հոգեբանության, ավանդույթների հիման վրա, եւ ոչ թե պատճենենք եվրոպականը կամ մեկ ուրիշը։ Իսկ ներկայացվող նախագիծը պետք է քննարկվի լրջորեն, ոչ ձեւականորեն, ներգրավելով բանիմաց մասնագետների, մտավորականների։ Մի խոսքով, պետք է լինի կառուցողական քննարկում։ Պետք է լինի իրոք ազգային սահմանադրություն։
Հովիկ Կարապետյան, գրահրատարակիչ¬Նախ անպայման պետք է ներկայացվեն այլընտրանքային նախագծեր, եւ թող հասարակության տարբեր շերտերը կարողանան իրենց գնահատականը տալ։ Որովհետեւ չինովնիկը, նույն այդ իրավաբան չինովնիկն այս կամ այն կարեւոր երեւույթին մի հայացքով ու տեսանկյունից է նայում, գործազուրկ մասնագետը, մյուսըՙ այլ։ Յուրաքանչյուր աշխատանքային հանրույթ, հասարակական կազմակերպություն, տարբեր տարիքի ու զբաղմունքի յուրաքանչյուր քաղաքացի պիտի հնարավորություն ունենա իր կարծիքը արտահայտելու։ Մարդը պետք է հանրաքվեի գնաՙ տող առ տող ընթերցած քվեարկության դրված փաստաթուղթը։ Վերջինս նախապես պիտի հրատարակվիՙ պարզ նշումներով, ընդգծումներով, թե որն ինչպես է փոխվում եւ անվճար տարածվի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում։ Հետո այդ ամենը պիտի ակտիվորեն լուսաբանվի, մեկնաբանվի ԶԼՄ-ներով, այլ միջոցներով։ Իմ կարծիքով, ներկայացվող փաստաթուղթը նաեւ պիտի համապատասխանեցվի մեր ներկա իրականությանըՙ գոնե առաջիկա 10 տարիների համար։
Համլետ Հովհաննիսյան, լրագրող¬Ես զարմանում եմ, որ հանրապետությունում մոտ կես միլիոն մարդ սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել։ Դա առնվազն թյուրիմացություն է, որովհետեւ ինչպե՞ս կարելի է քվեարկել մի բանի օգտին, որին ծանոթ չես։ Ակնհայտորեն դրանք այն մարդիկ են, ովքեր կողմ են քվեարկել իշխանամետ կուսակցություններին... Հանրաքվեի համար պատեհ ժամանակ չէր ընտրվել այն առումով, որ նախապատրաստական աշխատանքները շատ վաղ էին կազմակերպել։ Փաստորեն փորձ արվեց սահմանադրական փոփոխությունները հընթացս անցկացնել, ինչը սկզբից եւեթ պարզ էր, որ դատապարտված է։ Ֆինանսապես էլ տուժեցինք, որովհետեւ մեր փողերն էին, որ գնացին։
Հիմնական նախագծի խնդիրն ինչ-որ ձեւով նորից առաջ պիտի բերվի։ Ի վերջո, կան Եվրախորհրդի պահանջները, հետոՙ կյանքն առաջ է գնացել։ Հարկ է, որ ամեն ինչ օրինավոր, տեղը տեղին կազմակերպվի։ Եվ, վերջին հաշվով, սահմանադրությունը պիտի քաղաքական շահարկման, առճակատման առարկա չլինի, քաղաքական պատեհապաշտությանը չծառայի, այլՙ երկրին ձեռնտու մայր օրենք ստեղծվի։ Առանձին հանրաքվեով։ Եվ եթե հանրաքվե էՙ հանրությունը պիտի գիտենա եւ իմանաՙ ինչու «այո» ասի եւ ոչ թե քվեարկի սրա-նրա թելադրանքով։ Օրենքի տրամաբանությունը դա պիտի լինիՙ այս երկրին, ժողովրդին ձեռնտու է, թե՞ ձեռնտու չէ։ Թե չէ աբսուրդ էր...
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ