«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆԸ ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Այս տարին հոբելյանական է գրական աշխարհի համար։ Հանդիսավորապես ոգեկոչվում է հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարու ծննդյան 100-ամյակը։ Գուրգեն Մահարու աշխարհայացքն ու կյանքի, աշխարհի վերաբերյալ բարոյական կողմնորոշումները սերտորեն աղերսվում են վանեցի այն գերդաստանին եւ Վանի այն ժամանակվա հասարակական միջավայրին, որում անցել են նրա մանկության եւ պատանեկության օրերը։

Ապագա գրողի հայրըՙ Գրիգոր Աճեմյանը, ժամանակին հիմնավոր կրթություն ստացած, զարգացած ու բարեկիրթ անձնավորություն էր։ Նա սովորել էր Վանի «Կեդրոնական» վարժարանում։ Ուսուցիչներից նրա կյանքում ամենաազդեցիկը եղել էր հռչակավոր Մկրտիչ Փորթուգալյանը։ Հենց «Կեդրոնական» վարժարանի 12 շրջանավարտները (որոնց թվում են Մ. Ավետիսյանը, Գր. Օտյանը, Ղ. Խանջյանը, Գար. Բաղեշցյանը, Ռ. Շատվորյանը, Գր. Աճեմյանը, Եղ. Բոնտակճյանը, Մ. Պարութճյանը, Գ. Նաթանյանը, Գր. Պեոզիկյանը, Գր. Թերլեմեզյանը, բժ. Գալուստ Ասլանյանը) 1885 թ. աշնանը հիմք դրեցին Արմենական կուսակցության կազմավորմանը։

Վերոնշյալ 12 շրջանավարտներն իրենց հավաքներն անցկացնում էին Մկրտիչ եւ Գրիգորիս Ավետիսյան ( Թերլեմեզյան) եղբայրներին պատկանող հորենական հնձանում, որը հայտնի էր «Խսրի տուն» անունով։ Ահա՛ հենց այդ անշուք օրրանում սկզբնավորվեց հայ անդրանիկ քաղաքական կուսակցությունը։

Գրիգոր Աճեմյանը, ինչպես մյուս արմենական առաջնորդները, ոգեւորված եւ խանդավառված էր հայրենի Վանը եւ ողջ Հայաստան աշխարհը շենացնելու եւ հզորացնելու, նոր սերնդին հայրենասիրությամբ դաստիարակելու գաղափարներով։

Բոլորովին էլ պատահական չէ, որ հայոց ազգային կուսակցությունը ծնունդ առավ Վանում, քանզի հասարակական-քաղաքական մթնոլորտը լիովին հասունացած էր դրա համար։ Հետագա տարիներին Գր. Աճեմյանը բավական ակտիվ մասնակցություն ունեցավ կուսակցության մասնաճյուղերն ամրապնդելու եւ ընդլայնելու գործին։ Նա հիմնականում զբաղված էր կրթական-լուսավորչական ոլորտում։

Գր. Աճեմյանը բնությունից օժտված էր շրջապատը, մարդկանց ու երկիրը ճանաչելու նրբին ունակություններով, խորին իմաստնությամբ եւ հեռատեսությամբ։

1896 թ. Վանի հունիսյան ինքնապաշտպանության եւ մանավանդ դեպի Պարսկաստան նահանջի ընթացքում արմենականները ծանր կորուստներ ունեցան։ Զոհվեցին Արմենական կուսակցության լավագույն գործիչները։ XX դարասկզբին արմենականներն ուշքի գալով ստացած ծանր հարվածներից, աստիճանաբար վերակազմավորեցին կուսակցության կառույցները եւ նորից ասպարեզի վրա եղած լուրջ ուժերից մեկը դարձան։ Այս գործում, ի թիվս այլոց, անուրանալի է Գր. Աճեմյանի դերը։

Պատմական վավերագրերը հայտնում են, որ 1902 թ. արմենականների Վանի Կեդրոնական մարմնի վարչության կազմում են ընդգրկված եղել Ռ. Հովնանյանը, Ղ. Խանջյանը, Գր. Աճեմյանը, Ռ. Շատվորյանը, Հ. Կաքավյանը, Արմ. Տեր-Պողոսյանը եւ ուրիշներ։ Սույն անհատներն արմենականներին հատուկ խոհեմությամբ եւ գաղտնապահությամբ վարեցին կազմակերպչական գործը։

Գրիգոր Աճեմյանը միջկուսակցական պայքարի թոհուբոհի մեջ սպանվեց եղբայրասպան գնդակով, խոր հետք թողնելով տակավին երեխա Գուրգենի սրտում ։ Հոր գործունեության դասերից շատ բան յուրացրեց եւ իմաստավորեց որդինՙ խորհրդահայ անվանի արձակագիր ու բանաստեղծ Գուրգեն Մահարին։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4