«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՍՏԱԾՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ

Ինքս ինձ երբեք չեմ համարել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության համախոհը, թեեւ գիտակցված կողմ եմ ազատական գաղափարին։ Այժմ ստիպված եմ խոստովանել, որ հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ կուսակցության զուսպ պահվածքն ու ընտրությունների արդյունքներին կուսակցության ղեկավարության տված սթափ գնահատականը թեեւ փոքր-ինչ տարօրինակ էին մեր քաղաքական դաշտի համար, բայց փաստը մնում է փաստ, որ կուսակցության հայտարարած ռազմավարական դրույթըՙ «Լինել միշտ հայ պետականության հավատարիմ զինակիցը», պարզապես դատարկ խոսքեր չեն։ Ավելին, կուսակցության վերաբերմունքը պետության նկատմամբ ասես թե խարսխված է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանըՙ պետությունը նվիրական հաստատություն է, որը կոչված է անհատի եւ հասարակության հոգեւոր կյանքի պահպանությանը, անվտանգությանը եւ զարգացմանը մեր հայրերի սրբազան ավանդության սկզբունքի վրա։

Վերջին տասը տարիների հայ քաղաքական կյանքում առկա է զարմանալի իրողություն, երբ իշխանամետ համարվող, բայց ԱԺ ընտրություններում 5 տոկոս արգելքը ցավալիորեն չհաղթահարած կուսակցության հեղինակությունը սրընթաց աճում է հասարակության մեջ։ Կարծիքս հիմնավոր է եւ ամենեւին աղերս չունի սոցիոլոգիական հարցումներ անցկացնող «հեռուստաաստղերի» մեթոդներին։ Հետընտրական քննարկումները քաղաքային եւ գյուղական բնակիչների շրջանում ցույց են տալիս, որ հասարակ ընտրողը շատ ցավով է ընդունել հայ ավանդական կուսակցություններից մեկի ԱԺ-ում չհայտնվելը։ Մինչ ընտրությունը ոչ մայրաքաղաքաբնակ ընտրողը համոզված էր, որ ՀՌԱԿ-ն ամեն դեպքում կհաղթահարի 5 տոկոսն իշխանության օգնությամբ։ Առավել եւս, որ կուսակցությունը վարում էր քաղաքակիրթ մեդոթներով քարոզչություն, ինչն ինքնավստահության դրսեւորում էր։ Այս համոզվածությունը գալիս էր ժողովրդական այն տրամաբանությունից, որ Ռուսաստանում եւ սփյուռքում հեղինակություն եւ հզոր ներուժ ունեցող քաղաքական կազմակերպությունը հասարակության եւ պետական հաստատությունների կողմից պահանջարկ կունենա։ Բայց կատարվեց զարմանալին եւ անսպասելին, ինչն էլ զարկ տվեց բնակչության շրջանում լայն քննարկումներին։ Այդ քննարկումներն էլ ավելի ակտիվացան, երբ կուսակցությունը հայտարարեց, որ իր ծրագրերը շարունակական են լինելու եւ նախընտրական խոստումներն իրականացվելու են, ինչպես վայել է լուրջ քաղաքական ուժին։ Մի՞թե սա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտում։ Պարզվում է, որ մենք էլ ունենք քաղաքական ուժ, որի սկզբունքներին անհարիր է «օբիժնիկի» ավանդական դարձած կեցվածքը։ Այլ հարց է, թե որքանով այս իրողությունը կգնահատեն մեր «քաղաքական մտքի տիտանները»։

Գաղտնիք չէ, որ հասարակական կարծիքը ճշգրիտ արտացոլվում է քաղաքականության առօրյա «խոհանոցային» քննարկումներում, երբ մարդիկ ամեն առիթով իրենց ափսոսանքն են հայտնում իրողության համար։ Այսօր արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ խոստովանում են, որ եթե նախապես իմանային, որ այդպիսի արդյունքներ են գրանցվելու, ապա իրենց ձայնն անպայման կտային Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը։ Թող վիրավորական չհնչի կուսակցության անդամների համար, բայց քաղաքացիների բարյացակամությունն այսօր հանիրավի չգնահատվածի կողմն է։ Մարդիկ պարզապես իրենց ափսոսանքն են հայտնում, միաժամանակ քննադատելով տարածքային ակումբների արհեստական աճը, ինչը մեկ անգամ եւս ապացուցեց, որ քանակը միշտ չէ, որ որակ է տալիս։ Չմոռանանք, որ հայ ավանդական կուսակցություններն իրենց կենսագրությամբ եւ հայապահպան անփոխարինելի առաքելությամբ արդեն իսկ մեր գիտակցության մեջ համարվում են ազգային արժեք, եւ յուրաքանչյուր ոք բարոյական իրավունք ունի քննադատելու այն գործիչներին, որոնց վստահված է ազգային արժեք համարվող ներուժի ճակատագիրը։

Ամենակարեւոր հարցը, որին պետք է պատասխանի ՀՌԱԿ ղեկավարությունը, այն է, թե ինչպես պետք է օգտագործվի ճակատագրի տված ոչ ժամանակավրեպ այս հնարավորությունը, երբ կուսակցության վարկանիշը կտրուկ աճ է ապրում։ Այն ավելի զգալի կդառնա այս տարվա աշնանը, երբ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կիրականացվեն նախապես ծրագրված եւ նոր համահայկական միջոցառումներ։ Պարզ է, որ մենք չունենք նախադեպը, երբ ԱԺ ընտրություններում 5 տոկոսանոց արգելքը չհաղթահարած կուսակցությունը շարունակում է բարձրացնել իր հեղինակությունը հասարակության մեջ եւ պարտադրված է լինելու ակտիվ պետականամետ եւ հայանպաստ քաղաքականություն վարել, նույնիսկ ավելի ակտիվ, քան անգամ ԱԺ-ում փափուկ բազկաթոռների տիրացած կուսակցություններից շատերը։ Հուսով եմ, որ վերջապես ԱԺ-ից դուրս կունենանք քաղաքական լուրջ դերակատարում ունեցող, բայց մեր «մենթալիտետին» դեռեւս անհասկանալի ոչ ընդդիմադիր կուսակցություն։

ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4