Այս կարծիքին են հայ լրագրողները
Շատ լրագրողներ կան, որոնց համար զրպարտությունն ու սուտը սեփական ճշմարտության նման մի բան են։ Բայց նաեւ այն վտանգը կա, որ հենց այդ իրողությունը դրոշ դարձնելով պետական օրինաստեղծ կառույցը կարող է ընկնել ծայրահեղությունների մեջՙ ընդունելով խոսքի ազատության իրավունքի անթույլատրելի սահմանափակումներ։ Դա առավել վտանգավոր է դեռեւս չկայացած դատաիրավական համակարգով, չկայացած ժողովրդավարությամբ այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։
Մանավանդ եթե զրպարտություն ու վիրավորանք ասված հասկացությունների իրավական սահմանումները դյուրաբեկ են, հստակ սահմանագծումներ չունեն նաեւ մեր օրենսգրքում։
«Հոդված 19» միջազգային հասարակական կազմակերպությունը ճանաչված իրավապաշտպան կառույց է ողջ աշխարհում եւ տարբեր երկրներում լայնածավալ խորհրդատվական գործունեություն է ծավալել։ Այս կազմակերպության կողմից զրպարտության նորմերի իրավական վերլուծությունները հենվում են եվրոպական իրավագիտության սկզբունքների վրա։
Համեմատական իրավագիտության կենտրոնը երեկ լրագրողների հավաք էր կազմակերպելՙ ծանոթացնելու նրանց ազատ խոսքի եւ լրագրողի հեղինակության պաշտպանության վերաբերյալ «Հոդված 19»-ի եվրասկզբունքներին։ Եվրադատարանն, օրինակ, պահանջում է, որ պետական իշխանությունները խոսքի ազատության ցանկացած սահմանափակում ձեռնարկելիս պետք է ղեկավարվեն երկու հիմնարար դրույթներովՙ երեւույթը քննարկեն նեղ մեկնաբանության ցանկապատի ներսում փոխհատուցման չափը սահմանելիս եւ պահպանեն համաչափության սկզբունքը։
Առաջին սկզբունքը կոչված է լրագրողին ապահովագրելու կամայական մեկնաբանություններից եւ պահանջում է հստակ սահմանել պատճառված վնասի չափորոշիչը։ Նույնիսկ փոքր-ինչ չափազանցված խոսքը կարող է դիտվել իբրեւ վնասակար, սադրիչ հայտարարություն։ Համեմատական իրավագիտության կենտրոնի տնօրենը նկատեց, որ հատկապես մեր իրականության մեջ իշխանավորները հակված են հնարավորինս լայն մեկնաբանությունների։
Օգոստոսի 11-ից կիրարկվող ՀՀ քրեական նոր օրենսգրքի 318-րդ հոդվածը իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար լրագրողի համար անհամեմատ ավելի խիստ պատժաչափեր է սահմանում, քան հասարակ քաղաքացու։ ԶԼՄ-ների միջոցներով պաշտոնյային վիրավորելըՙ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքովՙ 1-3 ամիս ժամկետով։
Հավաքի մասնակից տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ մասն անբնական համարեց լրագրողի հանդեպ կալանքի կամ ազատազրկման կիրառումը։ Իհարկե, հասկանալի է, որ իշխանությունները շահագրգռված են արհեստականորեն քրեականացնել որոշ իրողություններՙ դրանք վերահսկելու առավել շատ հնարավորություններ իրենց համար ապահովելու։ Մինչդեռ ծանր պատժատեսակների հավանականությունն ու սպառնալիքը աննպաստ ազդեցություն կունենան խոսքի ազատության վրաՙ լրագրողին գցելով մյուս ծայրահեղության մեջ։ Զրպարտության ու վիրավորանքի վերաբերյալ եվրոպական իրավական նորմերը նույնպես հավաստում են, որ զրպարտանքը պետք է ապաքրեականացվի եւ փոխարինվի քաղաքացիական նորմերով։ Այն երկրները, ուր դեռ կիրառվում են քրեական նորմեր, աստիճանաբար պետք է անցնեն այդ սկզբունքին։ Այսինքնՙ իշխանությունները պիտի ավելի հանդուրժող լինեն իրենց ուղղված քննադատության հանդեպ։ Օրենքը հստակ պաշտպանվածության հովանի չպետք է դառնա նրանց համար։ Իսկ լրագրողը, նույնիսկ ամենափորձված ու պրոֆեսիոնալ, կարող է վրիպումներ ու թերություններ թույլ տալ, բայց նա պետք է պաշտպանված լինի։ Եթե նա մեղավոր էլ է, ապա պետք է կիրառվի միայն վարչական պատասխանատվություն։ Իսկ նյութական փոխհատուցումը պատճառված վնասին համարժեք պիտի լինի։
Լրագրողի պաշտպանության կարեւոր լծակ կարող է դառնալ հասարակական արձագանքը։ Եթե հոդվածը աղմուկ է առաջացրել, բայց ինչ-որ կտրվածքով համընկնում է հասարակության շահերին, լրագրողը նույնիսկ կարող է հասնել արդարացման։ Հակառակ դեպքում, դաժան պատիժները կարող են բացասական ներգործությունների դաշտ ստեղծել ընդհանրապես լրագրողական համայնքի վրաՙ իբրեւ մռայլ նախադեպ ու նախազգուշացում։
Մի քանի ամիս առաջ «Արդշինբանկը» հայց էր հարուցել «Առավոտ» օրաթերթի դեմ, իբրեւ վնասուց հատուցում պահանջելով 37 հազար դոլար։ Եթե կողմերը փոխհամաձայնության չգային, եւ «Առավոտը» նույնիսկ հնարավորություն ունենար վճարելու այդ գումարը, ապա հետո, հենց ինքը, հավանաբար որոշակի սահմանափակումների դիմելու հարկադրանքին կգնար։
Այնուամենայնիվ, անկախ Եվրոպա մտնելու մեր համառ մտադրություններից, հակառակ եվրոպական սկզբունքների, քրեական նոր օրենսգիրքն արդեն իսկ բովանդակում է լրագրողական աշխարհի համար անընդունելի դրույթներ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ