Կիսով ապրված ժամանակՙ ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Բանաստեղծի աչքՙ ժամանակի մեջ խրված, անբավարար, կծու-հեգնական։ Սովորաբար կյանքին հպանցիկ վերաբերող, անփութորեն շրջանցող, բառաշխարհում բնակվող (կամ այդպես թվացող) բանաստեղծներն իրականում, իրենց կեսքուն-կեսարթուն կյանքով տեսնում են այն, ինչ շատերին անտեսանելի է։
Հովհաննես Գրիգորյանի «Կես ժամանակ» բանաստեղծությունների նոր ժողովածուն («Նոր դար», հրատ. 2002 թ.) մեր ժամանակների խրոնիկան է, ականատեսի հայացքՙ հայկական թատերական այս նոր բեմադրությանն ուղղված. ներկայացումՙ ազատությունների շնչով, որպես անկախության հետեւանք։ Իրեն բնորոշ կիսահեգնական երանգով, երբեմն ոչնչացնող ծաղրով, ավելի քան արհամարհական, ու նաեւ անփույթ-անտարբեր կեցվածքով։ Սարկազմով նկարագրվող երեւույթներՙ կյանքին իբրեւ խաղ, իբրեւ երազՙ սառը վերաբերմունքով։
«Հիմա ո՞վ ժամանակ ունի կամ տրամադրություն, որ պատմության հաստափոր գրքերը կարդա», ասում է բանաստեղծը, ու վաղ նախնադարից սկսած «ափի չափ նշխարաչափ Հայաստանի» պատմությունն անում։ «Ձեր ինչի՞ն է պետք հողը, ասել են, /արոտները ու դաշտերը ձեր ինչի՞ն են պետք, /չէ՞ որ դուք խելացի ու աշխատասեր մարդիկ եք, /ու կարող եք քարից հաց քամել, /եւ միրգՙ ժայռերից ու ծերպերից...», եւ այդպես մինչեւ այսօր։ Եղածը եղած է, ոչինչ չես փոխի։ Գարունը նորից կբացվի ու գարնանը նորից նախագահ կընտրենք եւ կհուսանք, որ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում։ Ներկա կգտնվենք բազմակուսակցական հոգեհանգստի, հետո նրանց շիրմաքարերին կայցելենք, իսկ մինչ այդ զբաղված ենք շատ ավելի լուրջ գործով.
«Վաճառվում է», գրված էր գործարանի պատին։ /«Վաճառվում են», գրված էր անտառի ծառերի, /ինչպես նաեւ /թփերի հատուկենտ սունկերի վրա։ /«Վաճառվում են», գրված էր գետերի ու լճերի, /ձորերի ու լեռների, /շների ու կատուների վրա... /«Վաճառվում են», աննկատ ու գաղտագողի տառերով /գրված էր կառավարության շենքի /ահռելի ցուցանակի վրա»։
Սակայն մենք տոկուն ենք (պատմությունը վկա) ու նաեւ դիմացկուն (հոգնած եզան պես) ու սահմանադրությամբ ընձեռած աշխատանքի, հանգստի, հիվանդության, ծերության իրավունքներից օգտվելու հարկ չկա էլ, որովհետեւ մեր փոխարեն ուրիշները դա կանեն, մանավանդ բանաստեղծը համոզված է, որ «օրվա իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի արեւը ծագի արեւելքից»։
Հովհ. Գրիգորյանի սարկազմը վերաբերում է մեր իրականության գրեթե բոլոր կողմերինՙ քաղաքական ուժերի սնանկությանը, կուսակցությունների ու քաղաքական գործիչների սուտ ժողովրդավարությանը, նորօրյա ազատություններին, հավատացյալներին ու աթեիստներին, աղանդավորներին եւ եկեղեցու հին ու նոր սպասավորներին։
Ամառային շոգ կիրակնօրյայից ավելի ձանձրալի քաղաքական էլիտայի ստեղծած գաղջ մթնոլորտում խեղդվում են ոչ միայն բանաստեղծները։ Հովհ. Գրիգորյանի բանաստեղծական միջավայրը փակ տարածություն է հիշեցնումՙ միջնադարյան կտտանքներով ու հրկիզումներով։ Կյանքի բեմին սեւազգեստ խեղկատակը չափագրել է փորձում շարժումների միստիկան։ Այստեղՙ «աշնանային ծառս լինող հղի զամբիկները» եւ «անփողկապ հանգուցյալը» խեղկատակային շուրջպար բռնածՙ կյանքի ու մահվան առեղծվածն են «վերծանում»։ Անտեսանելի խավարի արձագանքները թանձր լռության մեջ դժոխքի դարպասներին են մոտեցնում մութ հոգիներին («Նեռ»)։
Անբանաստեղծական իրականության մեջ ամեն ինչ խառնված ենՙ ժամանակ, բարքեր, դեմքեր ու դեպքեր։ Տարերային քաոսը մարդկային աշխարհը հասցնում է վերջին սահմանագծին։ Կյանքի աբսուրդըՙ կեղծիքը, երեսպաշտությունը, ժանգոտ ժպիտներն ու դեղնած սերերն ունայնության անդունդ են բացել, ու ժամանակի մակերեսներին լող են տալիս անկերպարանք «հիշողություններն անցյալի»։
Այս անշպար, մաշկազերծ իրականությունը բնավ հուսահատություն չի ծնում, որովհետեւ խիստ այժմեականությամբ բանաստեղծը փաստում է եղելությունները, սուր դիտողականությամբ եւ անկաշկանդ հեգնանքով վերաբերում դիակառքին հանձնված ժամանակին։ Ճոխ դահլիճներից վաղուց հեռացած հանդիսատեսային պարապ հրճվանքը վերափոխվել է մերկ հայհոյանքների, սառը հաշիվների ու հաշվեհարդարների, իսկ հուղարկավորությունը պետք է կատարել ըստ հարկի ու կարգի։
«Աշխարհը վերջանում է առանց ընդդիմության, հրապարակում բողոքի միտինգ էր, ընդամենը մի հրավիրատոմս կուսակցությանը։
...Մանր անձրեւ էր տեղում եւ աղոթում էին բոլորըՙ նախարարները, /ԱԺ պատգամավորները, /Բարձրաստիճան պաշտոնյաները, /Ինչպես նաեւ սովորական խաբեբաները»։
Այս տրագիկոմիկ սարկազմն աստիճանաբար, սակայն, անսքող տխրության է վերածվում, բանաստեղծական մենակությունը թախիծ է դառնումՙ հին ընկերների հուշերի կարոտով.
«Բացեցի առաջին էջերը, խունացած մակագրություններ ծանոթ ձեռագրով, /«Հարազատ ընկերոջս... սիրովՙ Հովհ. Գրիգորյան»... /Գոնե սրանք ջնջեիր... Մեղավոր ժպտաց. «Չէ, ասաց, այդպես ավելի լավ են վաճառվում...»։ /Յոթվերքից տարածվեցին ղողանջներն իրիկնամուտի, /եւ ես գնացի թափառելու փողոցներով, /ցատկոտելով գերեզմանաքարերի արանքում, /եւ բոլոր գերեզմանաքարերի վրա մակագրված էին. /«Հարազատ ընկերներիս... /սիրովՙ Հովհ. Գրիգորյան...»։
Երազանքների ծաղր հեգնական այս իրականությունից ծնված դրաման, հոգեբանական փլուզումը բանաստեղծական մենակության անել վիճակ է ենթադրում.
«Երբեմն անձրեւը տեւում է ավելի քան
(չափազանց երկար),
եւ ես ստիպված գրիչ եմ վերցնում
եւ գրում եմ խառնաձայն տողեր
այդ խոնավ միապաղաղության մեջ
ինչ-որ փոփոխություն մտցնելու
հուսահատ ճիգով»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ