«Հովեր» երգչախումբը վերջերս հանդես եկավ Ստեփան Բաբաթորոսյանի երաժշտական նոր ներկայացման կատարումով, որն հիրավի գեղարվեստական հայտնություն էր։ Խմբերգային արվեստի երկրպագուներին երգչախումբը հիանալի ծանոթ է իր գեղարվեստական բարձր ճաշակով, ներդաշնակ անսամբլով, ազնիվ հնչեղությամբ։ Վարդան Այգեկցու «Առակների» հիման վրա գրված նոր, սինթետիկ ժանր ներկայացնող թատերական ¬ երաժշտական բեմադրության պրեմիերան անցավ մեծ հաջողությամբ, քանզի երգչախումբը դրսեւորեց ոչ միայն խմբերգային կոլեկտիվին վայել բարձր կատարողական հատկանիշներ, այլեւ ոչ սովորական թատերական հմտություն, արտահայտիչ խաղ, բեմական ռիթմի ու անսամբլի բարձր զգացողություն։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Սոնա Հովհաննիսյանը հմուտ ու զուսպ ժեստով ամբողջապես իրեն է ենթարկում կոլեկտիվին, որն արձագանքում է նրա ձեռքի յուրաքանչյուր, անգամ աննկատ շարժմանը։ Հմուտ ռեժիսորների օգնությամբ (Արթուր Մանուկյան եւ Միքայել Վաթինյան) ներկայացման բարդ ժանրը պրոֆեսիոնալ լուծում էր ստացել. ներդաշնակորեն միահյուսված էին երգն ու խաղըՙ զերծ ժամանակային երաժշտական վրիպումներից։ Ներկայացման ակնհայտ նվաճումներից էր նաեւ նկարիչ Իվանա Կրչադինացի աշխատանքըՙ զգեստներ, դիմակներ, բեմական ռեկվիզիտՙ ցուցադրված ժամանակակից ոճով, սակայն միջնադարյան թատրոնին հատուկ որոշ պայմանականությամբ եւ մեծ ճաշակով։
Ցավոք, գեղարվեստական այս հազվագյուտ երեւույթի բեմական դրսեւորման համար տրվել էր փոքր բեմՙ ընդամենը 100 տեղանոց դահլիճով, որտեղ չկարողացան տեղավորվել ներկայացումը դիտել ցանկացողներից շատերը։
ԶԱՌԱ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու