«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


17-ԱՄՅԱ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՍՈՒՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ

Կարեն Հակոբյանը 17 տարեկան է, ծնվել է Երեւանում։ Ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, աշակերտել է Արմեն Բաբախանյանին։ 2000 թ. ընդունվել է Կոմիտասի անվան երաժշտանոցի Էդ. Միրզոյանի ստեղծագործական դասարանը։ Մեկ տարուց հետոՙ 16 տարեկանում, հաղթելով դաշնակահարների մրցույթումՙ լրիվ կրթաթոշակով փոխադրվել է Յութահի ԱՄՆ երաժշտանոցը։ Այժմ Սոլթ Լեյք Սիթի համալսարանում հետեւում է դաշնամուրի եւ ստեղծագործության դասընթացներին։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթներիՙ արժանանալով բարձր գնահատանքի։ Իր ստեղծագործությունները կատարվել են Գերմանիայի մի շարք քաղաքներում։

Եվ ահա, կարճ ժամանակամիջոցում Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի, մասնավորապես Վաչե Սեմերճյանի եւ Հարութ Երեցյանի շնորհիվ հաջողվեց հանրությանը ներկայացնել հայ շնորհաշատ պատանուն։

Մայիսի 28-ին «Brand Library» սրահում կայացած Կարեն Հակոբյանի ելույթն աննախադեպ հաջողությամբ անցավ։ Նվագացանկը կազմված էր տարբեր ժանրի ստեղծագործություններից, որոնցից յուրաքանչյուրում պատանին դրսեւորեց երաժշտական մտքի հասունություն եւ կատարողական հմուտ վարպետություն։

Հայտագիրը սկսեց Լիստի ոչ այնքան հայտնի ստեղծագործությամբ, որին հաջորդեց Բեթհովենի «Jempest» սոնատը։

Պրոկոֆեւի դժվարամատչ թիվ 6 սոնատը կատարելիս պատանի երաժիշտը ցուցաբերեց անհատականություն, ուժ, տոկունություն, արագություն եւ թեթեւություն։ Երկրորդ բաժնում նույն վարպետությամբ կատարեց Խաչատրյանի, Ռախմանինովի, Առնո Բաբաջանյանի, Լիստի հանրածանոթ երկերը։ Համերգը եզրափակվեց Ֆ. Լիստի N2 «Հունգարական ռապսոդիա»¬ով։ Կարեն Հակոբյանը գերազանցեց ինքն իրեն կատարողական եւ տեխնիկական վարպետությամբ։ Ապա եւ հայտագրից դուրս Շոպենի «Էտյուդը» հնչեց բանաստեղծական զգայուն քնարականությամբ։

Կարեն Հակոբյանի այս ելույթի մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի «Նոր օր» շաբաթաթերթը եւ ապա հավելում. «Ո՞վ պէտք է հետաքրքրուի մեր «իրաւ» արուեստագէտներով, որոնք մեր ազգին պատիւը բարձր կը պահեն։ Միթէ իրաւունք ունի՞նք վշտանալու, երես դարձնելու, եթէ օր մը իյնան օտարներու գիրկը, ազգութիւնն ալ անտեսելով...

Լաւ մտածենք ու նուազ ժամանակ, նիւթական ծախսենք աժան, անցողիկ բաներու։ Նիւթական աշխարհը չի մնար, բայց հոգիի հարստութիւնը ոչ ոք կրնայ քանդել։ Գիտնանք գնահատել մեր արժէքները»։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4