«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հասմիկի ճակատագիրը կորոշի դատարանը

«Երեխան մորը կորցնելով է որբանում», մեզանում ընդունված այս ասացվածքը, պարզվում է, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը եւ ավելի լավ է, որ ամուսնալուծված ընտանիքում երեխայի խնամքը ստանձնի հայրը։ Առաջին հարցը, թերեւս, որ ծագում է այս դեպքում, մոր բարոյական կերպարին է վերաբերում, սակայն խնդիրն ավելի լուրջ կարող է լինել...

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը սկսեց Նշան Գրիգորյանի հայցի քննությունը, որով քաղաքացին դատարանին խնդրում է իրեն ճանաչել 8-ամյա դստերՙ Հասմիկի խնամակալը։ Փաստարկները, որ բերում է հայցվոր կողմը, Հասմիկի ապագայի, նրա հոգեվիճակի վերաբերյալ անհանգստությամբ են հիմնավորված։ Որ իր նախկին կինըՙ Գայանե Սարգսյանն աղանդավորական ինչ-որ հավաքների է մասնակցում, Նշանն իմացել է 1999 թվականին։

Այդ ընթացքում հայրը տեսակցում էր Հասմիկին, ուներ նրա հետ շփվելու հնարավորություն։ Այնուհետեւ երեխան կամաց-կամաց սկսեց հեռանալ հորից, արդեն երկու տարի Հասմիկը հրաժարվում է տեսնել նրան։ Նշանի պնդմամբ, պատճառը վախն է։ «Ես քեզ չեմ ուզում տեսնել, դու սատանա ես», մոտավորապես այս բառերն է կրկնում աղջնակն ամեն անգամ, երբ հայրը նրան տեսնելու, հետը զրուցելու փորձեր է անում, քանի որ ամեն անգամ հորը տեսնելուց հետո Հասմիկին քացախաջրով հոգնա են անումՙ չար ոգիներից նրա մարմինն ազատելու համար։

Հասմիկն այժմ ապրում է Գաջագործների 2 փողոցի 16 բնակարանում։ Ինչ պատկեր է այդ բնակարանի դռներից ներսՙ դժվար է ասել, քանի որ «կողմնակի անձանց մուտքն այստեղ արգելվում է»։ Նշան Գրիգորյանի խոսքով, այստեղ ապրողները շատ են, եւ նրանց բոլորին համախմբողը «հավատքն» է։ Ինչ պայմաններ են բնակարանում, երեխայի հայրը դժվարանում է ասել, բայց գիտի, որ Հասմիկը, ինչպես եւ այդտեղ ապրող բոլորը, քնում են հատակին։

Երեկվա դատական նիստի ժամանակ դատարանը լսեց հայցվոր կողմին, այնուհետեւ դատը հետաձգեց մինչեւ հուլիսի 21-ը։ Պատասխանող կողմըՙ Գայանե Սարգսյանը, նախ ասաց, որ իրեն վատ է զգում եւ բացատրություններ տալ ի վիճակի չէ, այնուհետեւ խնդրեց դատը հետաձգել մինչեւ ինքը փաստաբան կվարձի։ Այսպիսով, դատարանը երեխայի ճակատագիրը կորոշի 10 օր հետո միայն։

Դատավարության դահլիճը լի էր մարդկանցով, ովքեր մտահոգված են փոքրիկ Հասմիկի ճակատագրով։ Նրանց հետ զրուցելիս հետեւյալ պատկերը ստացվեց։ Տեղի ունեցածի մասին մեզ պատմեցին Հասմիկի հարազատները, Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները, որոնք ամիսներ շարունակ արդեն զբաղվում են այս խնդրով։ Գայանե Սարգսյանի քրոջՙ Էվելինայի պատմելովՙ իր քույրն աշխատել է ՆԳՆ պոլիկլինիկայում որպես ատամնաբույժ։ Ամեն ինչ սկսվել է Գայանեի եւ նույն պոլիկլինիկայի արդեն նախկին նյարդաբույժ Սոնա Ֆահրադյանի միջեւ մտերիմ հարաբերություններ հաստատելուց հետո։ Սոնան, հավանաբար, մասնագիտական կարողությունները գործի դնելով, սկսել է ներազդել Գայանեի գիտակցության վրա։ «Դժվարանում են ասելՙ ինչպես է այդ կինը ներազդում մարդկանց վրա, աղանդ է թե արգելված հիպնոսի տեսակ, ասում է Էվելինան, բայց նա ընտրում է նրանց, ում ձեռքից հնարավոր է խլել բնակարանը»։ Սոնա Ֆահրադյանը համոզել է Գայանեին, թե նրա տան նկուղում գտնվում է դժոխքը, եւ այդ բնակարանը վաճառել է անհրաժեշտ։ Այժմ Գայանեն ունի այդ նպատակը, սակայն տանն ապրում են նաեւ Էվելինան, մյուս ազգականները։

Ե՛վ Գայանեի քույրը, ե՛ւ մյուս ազգականները պնդում էին, որ մոր ձեռքերում երեխայի ապագան վտանգված է եւ կարծում են, որ հայրը պետք է դառնա Հասմիկի խնամակալը, իրենք էլ պատրաստ են օգնել նրան։

Դատական նիստից հետո զանգահարեցինք դպրոց։ Մուշեղ Իշխանի անվան կրթահամալիրի ուսուցչական անձնակազմը եւս երրորդ դասարանցի Հասմիկի հոգեվիճակի հետ կապված անհանգստությունն է հայտնում։

Նրանք, ովքեր շփվում են Հասմիկի հետ, վերջին ժամանակահատվածում պնդում են, որ երեխան նման չէ իր տարեկիցներին եւ հոգեբանական ծանր վիճակում է։ Նա անընդմեջ լարված, վախեցած է եւ կարծում է, որ «Սոնա տատիկն իրեն անընդհատ հետեւում է»։ Հասմիկի հարազատների պատմելով, Սոնան ինքն իրեն տիրամայր է անվանում, այդպես են նրան դիմում նաեւ աղանդի բոլոր անդամները։

Դժվար է ասել, նյարդաբույժն ինքը նյարդերի հետ կապված խնդիրներ ունի՞, թե՞ խարդախության եւ խաբեության մեջ է մասնագիտացել, սակայն պարզվում է, որ այս կնոջից տուժած շատ մարդիկ նրա դեմ գործ են հարուցել։ Սակայն բոլոր գործերը կարճվել են կաշառքի տարբերակը կիրառելու պատճառով։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4