«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 5-ամյակին նվիրված հանդիսություն։ Այն բացեց վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը։ Ըստ նրա, 5 տարի առաջ վճռաբեկ դատարանի նոր սկսվող գործունեությամբ Հայաստանում դատական համակարգիՙ սահմանադրությանը համապատասխանեցնելու սկիզբը դրվեց։

«Կյանքը ցույց տվեց, որ դատական բարեփոխումները վճռաբեկ դատարանի ստեղծմամբ սկսելով Հայաստանի ղեկավարության որոշումը ճիշտ էր։ Վճռաբեկ դատարանն ապահովեց սահուն անցումը երկաստիճան դատական համակարգից եռաստիճանին», նշեց Հենրիկ Դանիելյանը։

Վճռաբեկ դատարանի վերանայած գործերի քանակը, դատարանի նախագահի կարծիքով, վկայությունն է դատարանի նկատմամբ ազգաբնակչության ունեցած հավատի աճի։ «Պետական ոչ մի կառույց չի կարող իրեն առաջադրված խնդիրների լուծումը բավարար համարել, եթե չի շահել հասարակության վստահությունը։ Այդ առումով միայն օրենքների կիրառումը բավարար չէ։ Անհրաժեշտ են դատարանի գործունեության լայն հրապարակայնություն, թափանցիկություն, տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն»։ Հետաքրքրական է, որ այս խնդիրների ուղղությամբ, Հենրիկ Դանիելյանի կարծիքով, իրենք հասել են շոշափելի արդյունքների։

Հոբելյանի կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց «Գերմանական տեխնիկական համագործակցություն» կազմակերպության ներկայացուցիչ, Հեսենի երկրամասի արդարադատության փոխնախարար Վերներ Շուլցեն։ Վերջինս մաղթեց հաջողություններ, նշելով, որ Հայաստանի հետ 8 տարվա համագործակցությունը հիմնականում խորհրդատվական բնույթ է կրումՙ վերաբերելով նոր օրենքների ստեղծման խնդիրներին։ Պրն Շուլցեն ասաց, որ գերմանական կողմը խորհրդատվական գործունեություն իրականացնելիս ելնում է այն մոտեցումից, որ հայկական օրենքները հիմնականում եւ էապես պետք է ստեղծվեն Հայաստանում եւ հայերի կողմից։ «Ձեզանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ կարգավորումներ են ձեզ անհրաժեշտ», ասաց Վերներ Շուլցեն։ (Այս առումով հետաքրքրական է, որ գերմանացին ավելի լավ գիտի, թե մեզ համար ինչն է լավ, մինչդեռ մենք ինքներս նախընտրում ենք այլ կարգերի ներմուծում մեր իրականությունՙ առանց տեղայնացման-Ա. Հ.)։

Շնորհավորանքի խոսքեր ասաց նաեւ Վրաստանի Գերագույն դատարանի նախագահը։ Նա նշեց դատական ոլորտում Վրաստան-Հայաստան համագործակցության մասին եւ Հենրիկ Դանիելյանին նվիրեց վրաց հայտնի քանդակագործ Ջափարիձեի հեղինակած մի արձանիկ։

Այնուհետեւ հանրապետության նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը հրապարակեց նախագահի հրամանագրերն իրավագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների եւ բազմամյա վաստակի համար վճռաբեկ դատարանի դատավորներ Օլգա Հովհաննիսյանին եւ Մարգո Սիմոնյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրելու մասին։ Նախագահի շնորհակալագրերով պարգեւատրվեցին վճռաբեկ դատարանի ավագ խորհրդատուներ Արշավիր Արշակյանը եւ Արմեն Հարությունյանը։

Հանդիսության ավարտին հոբելյանի կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց նաեւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Թե ինչի համար ենք 5-ամյակ տոնում, քանի որ վճռաբեկ դատարանը իրավահաջորդն է գերագույն դատարանի, մտածեցի, միգուցե ավելի երիտասարդ երեւալը պրն Դանիելյանի համար ավելի հաճելի է», կատակեց նախագահը։ Եվ ավելացրեց. «Միգուցե կա այլ շարժառիթ։ Երբ 5 տարեկան ես ընդամենը, ապա սխալներդ կամ թերություններն աշխատանքում կարելի է բացատրել երիտասարդ տարիքով»։

Ռ. Քոչարյանը նշեց նաեւ, որ առջեւում դեռ հսկայածավալ աշխատանք կա դատաիրավական բարեփոխումների առումով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4