«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2003-07-10 | #131, 2003-07-11 | #132, 2003-07-12


ՆՇՎԵՑ ՀՀ ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱԿԸ

1923 թ. մարտի 13-ին Հայաստանի Կենտգործկոմի որոշումը ԿԳԿ-ին առընթեր ֆիզկուլտուրայի հանրապետական խորհուրդ ստեղծելու մասին, ոչ միայն պատմական էր, այլեւ շրջադարձային հայկական սպորտի զարգացման համար։ Պետական այդ կառույցի ստեղծումը հզոր ազդակ եղավ հանրապետությունում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման սկզբնավորման համար։

Այո, չես կարող երախտիքի, գնահատանքի խոսքեր չուղղել այն մարդկանց հասցեին, ովքեր երկրի համար դժվարին ժամանակահատվածում հոգ տարան սպորտի, մարդկանց առողջության մասին։ Տարիների ընթացքում 13 անգամ փոխվել է սպորտի պետական կառույցի ենթակառուցվածքը, սակայն կառույցը հավատարիմ է մնացել իր կոչմանը։

Անցած 80 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության 95 մարզիկներ մասնակցել են 14 օլիմպիական խաղերի 24 մարզաձեւերից։ Նրանցից 29-ը 15 մարզաձեւից նվաճել են 17 ոսկե, 14 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ։ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների կոչմանն են արժանացել 62 հայաստանցի եւ 41 սփյուռքահայ մարզիկներ։ Այս տարի ՀՀ նախագահի հունիսի 11-ի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե։

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ սպորտկոմիտեի հիմնադրման 80-ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ ու կառավարության անդամներ, մարզաշխարհի մեր փառապանծ մարզիկները, մարզաշխարհի բնագավառի մասնագետներ, լրագրողներ։ Հանդիսավոր արարողությունը սկսվեց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հայաստանցի մարզիկների փառահեղ ելույթների մասին պատմող ֆիլմի ցուցադրմամբ, որոնք, անկասկած, հաճելի հուշեր արթնացրին ներկաների հիշողություններում։ Այնուհետեւ ներկաներին ողջունեց ՀՀ սպորտկոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանըՙ ներկայացնելով պետական կառույցի անցած ուղին եւ հայ մարզիկների նվաճումները միջազգային մրցասպարեզներում։ Մարզաշխարհի ներկայացուցիչներին ողջույնի իր խոսքը հղեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով, որ մոտակա տարիներին երկու խնդիր ունենք լուծելու։ Առաջինը սպորտի մասսայականության բարձրացումն է, երկրորդըՙ Աթենքի օլիմպիական խաղերում հաջող ելույթներ ունենալը։ Հայաստանում օլիմպիական շարժման եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահը պարգեւատրեց «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ Վանիկ Զաքարյանին ու Միքայել Իսպիրյանին հանձնեց ֆիզկուլտուրայի եւ սպորտի ՀՀ վաստակավոր գործչի վկայականներ։ ՀՀ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրվեցին մարզաշխարհի մի խումբ աշխատակիցներ։ Տոնական միջոցառումը եզրափակվեց մշակութային ծրագրով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4