«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2003-07-10 | #131, 2003-07-11 | #132, 2003-07-12


ՆՈՐԻՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅՍ ԱՆԳԱՄՙ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Երեկ Գյումրու կենտրոնական «Հաղթանակ» զբոսայգում ամենամարդաշատ ժամինՙ 14-15-ի սահմաններում մի խումբ ավտոմատավորների փոխհրաձգությունից, ի դեպ, Շիրակի մարզի դատախազությունից ընդամենը 100 մ հեռու, սպանվել է 2 մարդՙ Գյումրի-Երեւան ուղեւորատար երթուղին սպասարկող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Սերոբ Գրիգորյանը եւ 50-ամյա Ժիրայր Հակոբյանը։ Սերոբ Գրիգորյանի թիկնապահ Գոռ Ստեփանյանը վիրավոր է եւ գտնվում է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում։

Շիրակի մարզի Գյումրու ՆԳ վարչության պետ Խաչիկ Ասատրյանի հավաստմամբ, վիճաբանությունը ծագել է կենցաղային հողի վրա։ Փոխհրաձգության նախորդ օրը եղել է վիճաբանություն։

Տվյալներն առայժմ կցկտուր ենՙ իրավապահների արդեն ավանդական լռության պատճառով։

Սպանությունից հետո հանրապետության մի քանի մայրուղիներ իրավապահների կողմից ենթարկվում են խիստ ստուգումների։ Ականատես վարորդների հավաստմամբ, Երեւան-Գյումրի եւ Արմավիր-Երեւան մայրուղիների մի քանի կետերում ավտոմատներով զինված իրավապահները ստուգում էին բոլոր մեքենաները։

Մայրաքաղաքում վերջին ամսին ակտիվացած քրեական գործողությունները տեղափոխվում են հանրապետության երկրորդ քաղաքՙ Գյումրի, որտեղ նախորդ գիշեր, ռուսական զորակայանի մոտ հրաձգություններից 2 մարդ էր սպանվել։ Հույս ունենանք, որ իրավապահների օպերատիվ եւ խստացված աշխատանքը կընդհատի սպանությունների ալիքը։ Անհասկանալի զուգադիպությամբ դատախազության աշխատակցի օրվա եւ վճռաբեկ դատարանի հոբելյաններին հնչեցված կտրուկ գնահատականներին հաջորդում են նոր սպանություններ։ Մնում է հուսալ, որ նրանք, ում կամքով կարող է վերջ դրվել ամենաթողությանը, չեն բավարարվի միայն բարձրագոչ հայտարարություններով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4