ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեւանի թիվ 5 շուկայի (Կոմիտասի պողոտա) հարեւանութամբ գտնվող կրպակներից մեկում հուլիսի 13-ին մթերքների փորձաքննություն իրականացնելիս «Անասնաբուժական սպասարկման կենտրոն» ՊՓԲԸ-ի մասնագետները հայտնաբերել են սիբիրախտով վարակված մսեղիք։ Ինչպես Երեւանի քաղաքապետարանում հուլիսի 14-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտնեց Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արմեն Ղազարյանը, նշված միսը բերվել է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից։ Համաձայն անասնաբուժական-սանիտարական փորձաքննության կանոնների, մսեղիքը ոչնչացվել է։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հաղորդագրության, դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան բաժինները, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկըՙ շուկայի շրջանում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։