«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2003-07-16 | #135, 2003-07-17 | #136, 2003-07-18


ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԸ, ԱՅԼՙ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

Այն էլ Հայոց ցեղասպանության հարցում միայն

Հուլիսի 15-ի հաղորդագրությամբ «Նոյյան տապանը» տեղեկացրել էր ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ստորագրած համատեղ հայտարարության մասին, որտեղ կողմերը ափսոսանք են հայտնել Իրաքի հյուսիսում ամերիկյան դեսանտայինների կողմից թուրքական օպերատիվ հատուկ ջոկատի 11 սպաների ձերբակալության առնչությամբ։ Միաժամանակ նրանք պարտավորվել են համակարգել գործողությունները եւ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է նման միջադեպերից խուսափելու համար։

Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին քրդաբնակ Սուլեյմանիե ավանում տեղի ունեցած ձերբակալության այս միջադեպն աննախադեպ սրել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Քանի որ պաշտոնական Անկարան լրջորեն անհանգստացել է, թե Վաշինգտոնը կասկածի տակ է դնում թուրք-ամերիկյան ռազմավարական դաշինքի նպատակահարմարությունը, ուստի համատեղ հայտարարության ստորագրումը որպես ձեռքբերում պիտի գրանցվեր նրա ակտիվում։ Հատկապես այն դեպքում, երբ ստորագրման նախօրյակին նախագահ Ջորջ Բուշը եւ Ամերիկայի հրեական կոմիտեն, համանուն այլ կառույցների հետ, ընդառաջելով Թուրքիային, նպաստել էին ԱՄՆ Սենատի օրակարգից Հայոց ցեղասպանության բանաձեւի դուրսբերմանը։ Ընդառաջվել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին պաշտոնական այցով Վաշինգտոնում հյուրընկալելու Անկարայի խնդրանքը։

Հարկ է սակայն նշել, որ պահանջների կամ խնդրանքի ընդառաջումը միշտ չէ, որ հանգեցնում է հարաբերությունների սրման պատճառների վերացմանը։ Նույնը վերաբերում է նաեւ համատեղ հայտարարության ստորագրմանը։ Այլապես ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը պաշտոնական նամակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չէր դիմի։ Այս մասին հուլիսի 17-ի առավոտյան տեղեկացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունըՙ առանց անդրադառնալու նամակի բովանդակությանը։

Հատկանշական է, որ Ռամսֆելդի նամակը Բուշի անունից է ուղարկվել։ Նկատի ունենալով Էրդողանի զբաղեցրած պաշտոնը, առաջին հայացքից թվում է, թե այստեղ արտառոց ոչինչ չկա։ Սակայն հանձին Ահմեդ Նեջդեթ Սեզերի, Թուրքիան եւս նախագահ ունի։ Այլ կերպ, ԱՄՆ նախագահը պաշտպանության նախարարի միջոցով Թուրքիայի վարչապետին դիմելու փոխարեն, նամակն ուղղակիորեն կարող էր Սեզերին հասցեագրել։ Հետեւաբար նամակի հասցեագրման պարագան անհասկանալի է։ Անհասկանալի են նաեւ Ռամսֆելդի նամակին թուրքական թերթերի տրամագծորեն հակադիր մոտեցումները։ Եթե դրանց մի մասը նշում է, որ Հյուսիսային Իրաքում թուրք սպաները ձերբակալվել են առանց Պենտագոնի իրազեկության, ինչը ստիպել է Ռամսֆելդին ընդունել սխալն ու ներողություն խնդրել, մյուսները գրում են. «Դեռ մեր գլխին այնքա՜ն պարկ կհագցնեն»։

Ինչպես հայտնի է, ամերիկացի դեսանտայինները, ձերբակալելով թուրք սպաներին, ձեռքերը շղթայել եւ նրանց գլխին պարկ էին հագցրել։ Այս թերթերը, դրա օրինակով պարկի մասին գրելիս, ակնարկում են Թուրքիային։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ Ռամսֆելդն իր նամակում, վերջիններիս տվյալներով, միջադեպի առնչությամբ ոչ թե ներողություն է խնդրել, այլ դրա պատասխանատվությունը բարդել թուրքական կողմի վրա, ընդգծելով. «Թուրք զինվորականները, ինչպես Քիրքուքի կառավարչի, այնպես էլ Հյուսիսային Իրաքի մյուս քուրդ առաջնորդների դեմ մահափորձ էին պատրաստում եւ զինում էին թուրքմեններին։ Այդ իսկ պատճառով էլ մենք ձերբակալեցինք նրանց»։

Այս տողերով Ռամսֆելդը թուրքերին ակամա խոստովանում է, որ Վաշինգտոնն իրազեկ է եղել թուրք սպաների ձերբակալությանը, եւ ձերբակալությունն անմիջականորեն կատարվել է Պենտագոնի հրամանով։ Հարցը, սակայն, սոսկ խոստովանությունը չէ, այլ Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական զորամիավորումների գործունեությունն անմիջականորեն վերահսկելու, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական ամեն մի նախաձեռնություն անհապաղ կասեցնելու ԱՄՆ-ի վճռականության մասին հերթական նախազգուշացումը։ Սա նշանակում է, որ ամերիկացիներն, անկախ թուրքերի հետ ստորագրած համատեղ հայտարարությունից, միջադեպերից խուսափելու միջոց դիտում են Թուրքիայի ինքնագործունեության բացառումը։

Բացառման պայմաններում վերոհիշյալ խոստովանությունը դառնում է յուրահատուկ նախազգուշացում, իսկ դա Թուրքիային կանգնեցնում է երկընտրանքի առջեւ։ Կամ նա պետք է համակերպվի Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի քրդական ծրագրերին, կամ էլ հակադրվի դրանց։ Համակերպվելու դեպքում նա ակամա նախադեպ է ստեղծում Թուրքիայի քրդերի համար։ Իսկ հակադրվելու պարագայում սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի հետ ռազմական եւ ռազմավարական դաշինքը։ Այլ կերպ, երկու դեպքում էլ Թուրքիայի ազգային շահերը հակասում են ԱՄՆ-ի շահերին։ Թերեւս նրանց տեսակետներն են համընկնում, սակայն դա էլ Հայոց ցեղասպանության հարցում է միայն։

Այս ամենն առանձնակի նշանակություն է հաղորդում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի Վաշինգտոն կատարելիք այցին։ Համենայն դեպս, թուրքական հանրային հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի հետ նրա հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններին, քուրդ զինվորականների ձերբակալությանը, Հյուսիսային Իրաքի քրդերին, հետպատերազմյան Իրաքի վերակառուցմանը, տարածաշրջանի քաղաքական զարգացումներին, Կիպրոսին եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն առնչվող խնդիրներն են։ Մնում է սպասել արդյունքներին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4