Հանրագիտարանի շենքը վաճառված
Հայաստանի կառավարության 2003 թ. հունվարի 9-ի թիվ 6-ն որոշումով «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությանն է վաճառվել Երեւանի Թումանյան 17 հասցեում գտնվող շենքը (2401 քմ), որտեղ 1971 թ.-ից գործում է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը։ Վերջինիս 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հատկացվել 600 քմ տարածք։
Հարկ կա՞ արդյոք հանրագիտարանային արժեքների կարեւորության մասին վերստին իրազեկելու մեր հասարակությանը կամ կառավարության այն անդամներին, ովքեր ընդունել են սույն որոշումը։ Թերեւսՙ այո։ Որովհետեւ մեր մշակութային արժեքների գիտակցման եւ արժեւորման զգացումը հասարակության մեջ եւ մասնավորապես իշխանական վերին ատյաններում հետզհետե նվազում է։ Ամեն ինչ նյութեղենացնելու ծայրահեղ գործնապաշտ այս նկրտումները թերեւս իրեն հարգող որեւէ հանրության համար ընդունելի չեն կարող լինել։
Ինչպե՞ս են ընդունում այս փաստը հանրագիտարանի, ղեկավարությունը եւ աշխատակիցները։ Որոշմանը նախորդող իրադարձությունների (շենքն այստեղ սոսկ կառույցի դեր չունի. այն խորհրդանշում է մշակույթի դեմ իրականացվող վտանգավոր «հաղթարշավը») մասին զրուցեցինք գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի, տեղակալներ Հենրիկ Խաչատրյանի, Արամ Սարգսյանի, արվեստի եւ ճարտարապետության բաժնի վարիչ Վալիդա Մելքումյանի հետ։
Շենքը վաճառքի նախընթաց շրջանում
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը ԽՍՀՄ փլուզումից հետո տարբեր կարգավիճակային փոփոխությունների է ենթարկվել։ Նախ պետական ձեռնարկությունՙ սեփական ունեցվածքի իրավունքով, որին փոխարինել է մի այլ կարգավիճակՙ պետական փակ բաժնետիրական ընկերություն, որը ժառանգության կարգով ստացել է ունեցվածքը, նաեւ շենքը։ Այդ ընթացքում խմբագրության աշխատակազմը մերժել է սեփականաշնորհման գործընթացներին մասնակցել, որովհետեւ դեմ է եղել ազգային արժեքների սեփականաշնորհմանը, գտնելով, որ դրանք պիտի լինեն պետական մենաշնորհ։ ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 28-ի թիվ 800-ն որոշմամբ, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» ՊՓԲԸ-ն վերակազմավորվել է «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության։ Նույն որոշմամբ շենքը հանձնվել է հրատարակչությանը անհատույց օգտագործման իրավունքովՙ նպատակին համապատասխան օգտագործելու պայմանով։ Բայց եւ՛ խմբագրության, եւ՛ ընթերցողներիս համար բոլորովին անհասկանալիորեն սույն որոշմանը հաջորդել է 2003 թ. հունվարի 9-ի վերոհիշյալ որոշումը, որը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 2003 թ. հունվարի 21-ին։ Այդ որոշման մասին հրատարակչությունը տեղեկացել է ընդամենը փետրվարի վերջերին շենքի նոր սեփականատեր դարձած «Ինեկոբանկ» ՓԲԸ աշխատակազմից։ Այս բանկը Թումանյան 17 շենքում հայտնվել էր դեռեւս 1995¬ինՙ շենքում տարածք վարձակալելով։ Ընդունված կարգով կնքվել են պայմանագրերՙ զբաղեցրած տարածքի եւ վարձավճարի չափի մասին։ Հանուն արդարության պիտի ասել, որ վարձակալության գումարն այդ ամբողջ ժամանակահատվածում նպաստել է խմբագրության գործունեության արդյունավետ կազմակերպմանը, որը ֆինանսավորման այլ աղբյուր, բացի պետպատվերից, չի ունեցել եւ չունի։ Մինչեւ 2003 թ. հիշյալ որոշումը, դեռեւս ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 28-ի թիվ 578 որոշմամբ Թումանյան 17 հասցեի այդ շենքը որպես հանրապետության ճարտարապետական, գործառնական, ինչպես նաեւ մշակութային կարեւոր նշանակության շենք հանձնվել էր ՀՀ պետական կառավարման մարմնին, որով խմբագրությունը փաստորեն զրկվել է վարձակալության գումարից։ Խմբագրության ղեկավարության համառությամբ կառավարության այդ որոշումը կատարվել է միայն 2002 թ. սկզբին։ Այսպիսով, 1971թ-ից ՀԿԿ կենտկոմի հատուկ որոշմամբ Թումանյան 17 հասցեում տեղակայված Հայկական հանրագիտարանի շենքային տարածքը (2401 քմ) վաճառվել է 147 մլն դրամովՙ շուրջ 250.000 դոլար։ Անակնկալի եկած հանրագիտարանի կոլեկտիվը 2003 թ. մարտի 28-ին գրություն է հղել հանրապետության նախագահին, որին ի պատասխան նախագահի աշխատակազմից շատ չանցած տեղեկացել է, որ նամակն ուղարկվել է ՀՀ կառավարություն եւ պատասխան պետք է սպասել այնտեղից։ Իսկ ապրիլի 25-ինՙ հակառակ տարրական տրամաբանության, պատասխան է ստացվել Պետական գույքի կառավարման վարչությունից (մարմին, որը նախապատրաստել է այդ շենքի վաճառքը), որում գրված էր ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 9-ի որոշմանՙ հանրագիտարանի հրատարակչությանը վերաբերող մասը։ Ստացվել է այնպես, որ շենքն ընդամենը մեկ տարվա ընթացքում ինչ-ինչ հանգամանքներում կորցրել է ազգային արժեք լինելու իր վերոնշյալ նշանակությունները եւ վաճառվել է «Ինեկոբանկին»ՙ նրան ճանաչելով որպես հայտնի նախօրոք գնորդի։
Ընդհանուր տեղեկություններՙ անցյալի եւ ներկայի
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը ձեւավորվել է 1965 թ.¬ին ՀԿԿ կենտկոմի եւ ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ, ստեղծված հայ գիտական մտավորականության (հայրենի եւ սփյուռքի) ջանքերովՙ իբրեւ համազգային նշանակության գործՙ ժամանակին համեմատվել է Արփա-Սեւան թունելի եւ ատոմակայանի հետ։
Դեռեւս 30-ականներին խորհրդային հանրապետությունների մեջ առաջինը Հայաստանում փորձ է արվել ստեղծել հանրագիտարանՙ ձեռնարկությամբ Դրաստամատ Տեր¬Սիմոնյանի, Ե. Չարենցի մասնակցությամբ, որը, սակայն, չի հաջողվել։ Խմբագրությունը հիմնադրվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ (1-ին գլխավոր խմբագիրն է եղել)։ Իրար հետեւից լույս տեսնող հատորները մշտապես ունենալով զանգվածայինՙ 100 հազարից ավելի տպաքանակ, անմիջապես սպառվում էր։ Յուրաքանչյուր ընտանիք պատիվ էր համարում եւ անհրաժեշտությունՙ իր տան գրադարանում ունենալ հանրագիտարանի հրատարակությունները։ Չնայած հանրագիտարանային գրականություն (տեղեկատու, բառարաններ եւ այլն) ստեղծելու մեր ժողովրդի հարուստ ավանդույթներին, Հայկական հանրագիտարանն առաջին անգամ ընթերցողին ներկայացավ իբրեւ համապարփակ, լրջորեն մշակված հայերեն գիտական տեղեկատու (անշուշտ, ինչ¬ինչ առումներով տեղի տալով ժամանակի գաղափարախոսությանը)։ Առաջին անգամ մեր պատմությունը հանրագիտական տեսքի բերվեց, համաշխարհային մշակույթը ներկայացվեց հայերեն, հայկական տերմինաբանություն մշակվեց հատուկ հանրագիտարանի համար։
1988 թ. «Հայկական սովետական հանրագիտարանի» հրատարակության ավարտից հետո սկսվել են «Հայկական համառոտ հանրագիտարանի» աշխատանքները։ Այս ընթացքում տպագրվել են «Հայկական հարց» հայերեն եւ ռուսերեն, «Ոսկեփորիկ» եռահատոր մանկական հանրագիտարանը (իսկ 2002 թ. Մոսկվայումՙ ռուսերենով), «Բժշկական հանրամատչելի հանրագիտարանը», «Տնային տնտեսության հանրագիտարանը», քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առիթովՙ «Քրիստոնյա Հայաստանը»։ Այս տարի ընթերցողին կներկայացվեն «Հայկական համառոտ հանրագիտարանի» վերջինՙ 4-րդ հատորը, մեկ հատորովՙ ռուսերենը, իր տեսակի մեջ եզակի «Հայ սփյուռք» եւ «Ղարաբաղյան պատերազմ 1988-94 թթ.» հանրագիտարանները։ Տպագրության է պատրաստվում նաեւ «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը։
Կատարվածի բարոյական գնահատականը, նոր ելքեր
Թվարկված գիտական հիմնարար աշխատությունների մի մասը ստեղծվել է մեր պետության համար ոչ այնքան դյուրին ժամանակներում, անցումային շրջանի ծանր սոցիալ¬տնտեսական պայմաններում, եւ ոչ այնքան հոգածու վերաբերմունքով դեպի սույն հաստատությունը։ Դառնալով պետական ոչ առեւտրային կազմակերպություն (մշակույթի նախարարության համակարգում), հանրագիտարանի աշխատակազմի համար դեռեւս չի նշանակված աշխատավարձի ֆոնդ, ուստի վարձակալության գումարից զրկվելը մեծ ֆինանսական հարված էր հանրագիտարանի համար։ Իհարկե, յուրաքանչյուր տարի պետպատվերային հրատարակությունների համար կառավարությունից տարեկան ընդհանուր հաշվով 20 մլն դրամ գումար է հատկացվել հրատարակչությանըՙ գրքերի ողջ տպաքանակը վերցնելու պայմանով։ Այդ գումարը, սակայն, տրվում է շատ անկանոն. անցյալ տարի 1 անգամ է տրվել, այն էլՙ դեկտեմբերի 29-ին, իսկ այս տարի դեռեւս ոչ մի դրամ չի ստացվել, չնայած վաղուց տարին կիսվել է։ «Հանրագիտարանի աշխատակիցները ցածր աշխատավարձերով եւ այսօր արդեն աշխատանքային անբավարար պայմաններում ստեղծում են ազգային մնայուն արժեքներ։ Սակայն այսօր պատշաճորեն հաշվի չեն առնվում նրանց շահերը, չեն գնահատվում հանրագիտարանի հետագա աշխատանքների շարունակման կարեւորությունը, կուտակված հսկայական փորձն ու տեղեկատվական պաշարը» (Հենրիկ Խաչատրյան)։
«Գնորդի ով լինելն այստեղ էական չէ, անբարոյականությունը վաճառքի մեջ է, բուն փաստի մեջ։ Ամեն ժողովուրդ եւ պետություն չէ, որ ունի հանրագիտարանՙ նման ավանդույթներով։ Այս որոշումը կամա թե ակամա նպաստում է հանրագիտարանի փլուզմանը։ Ապագայի իշխանությունները, եթե վերստեղծելու փորձ անեն, այն ժամանակ միայն կհասկանան, թե ինչ են կորցրել, դրանք վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն տասնամյակներ եւ հսկայական նյութական ու մարդկային ռեսուրսներ», այսպես խորհում է Արամ Սարգսյանը։
Իսկ մեր այն հարցին, թե այժմ իրավիճակը շտկելու ելքեր տեսնում ե՞ք, գլխավոր խմբագիր եւ տնօրեն Այվազյանը պատասխանեց.
«Իհարկե, լուծման եղանակ կա. ՀՀ կառավարության որոշումից հետեւում է, որ «Ինեկոբանկը» 2 տարվա ընթացքում պիտի վճարումները կատարի։ Կառավարությունը կարող է վերանայել իր որոշումը եւ հանրագիտարանի հրատարակչության զբաղեցրած մասը ամրագրի որպես մեզ հատկացվող անհատույց օգտագործման տարածքՙ սեփականության իրավունքով։
Եվ քանի դեռ բանկը չի կատարել մուծումներն ամբողջությամբ, վերահաշվարկ կատարել եւ գանձել համապատասխան չափով»։
Հ. Գ. Իմ զրույցի տպավորությամբ շենքի վաճառքը, որ իրականացվել է նախընթաց շրջանում կառավարության ընդունած որոշումների տրամաբանությամբ, այնուամենայնիվ, հանրագիտարանի աշխատակազմի համար անակնկալ եր։ Կառավարության վերջինՙ թիվ 6¬ն որոշումը ըստ էության նրանց մատնում է անորոշ ապագայի։ Ի՞նչ է սպասվում 3 տարվա ընթացքում կամ ի՞նչ կլինի դրանից հետո։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ