Մեկնարկեց չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը։ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ցածր տեղեր զբաղեցնող 20 երկրների չեմպիոնները սկսեցին իրենց մրցավեճը հաջորդ փուլի ուղեգրերի համար։ Առաջին հանդիպումներում գլխավոր անակնկալը մատուցեցին Մալթայի «Սլիեմա Ուոնդերերզ» թիմի ֆուտբոլիստները, որոնք սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեցին Ռիգայի «Սկոնտոյին»։ Այդ խաղում հաշիվը 63-րդ րոպեին բացեց Բոգդանովիչը, իսկ 5 րոպե անց Իսակովը խախտեց խաղի կանոնները, եւ մրցավարը 11 մ հարված նշանակեց «Սկոնտոյի» դարպասինՙ միաժամանակ հյուրերի ֆուտբոլիստին հեռացնելով խաղադաշտից։ Եվ Դոնչիչը կրկնապատկեց հաշիվը։ Սակայն, կարծում ենք, 2-0 հաշիվը դեռեւս Մալթայի չեմպիոնի համար հաջորդ փուլի ուղեգիր չի ապահովել։ Բացի «Սկոնտոյից», նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մյուս ակումբները հաջող մեկնարկեցին։ Թբիլիսիի «Դինամոն» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի չեմպիոն «Տիրանայի» դարպասը։ Վրաց ֆուտբոլիստներից աչքի ընկան Մելկաձեն, Անչաբաձեն եւ Դարասելիան, որն իրացրեց 11 մ հարվածը։ Բելառուսի ԲԱՏԷ-ն իռլանդական «Բոգեմիանսին» հաղթեց շնորհիվ Լոշանկովի խփած միակ գոլի։
Մոլդովայի «Շերիֆի» եւ Էստոնիայի «Ֆլորայի» մրցավեճի ելքն էլ վճռեց միակ գնդակը, որի հեղինակը դաշտի տերերի հարձակվող, ռումինացի լեգեոներ Տուդորն էր։ Ընդ որում, գոլը նա խփեց խաղավարտից 2 րոպե առաջ։ Լիտվայի «Կաունասը» 1-0 հաշվով հյուրընկալվելիս պարտության մատնեց Ֆարերների «Թորսհավնին»։ 74-րդ րոպեին աչքի ընկավ Օպիցը։ Ղազախստանի «Իրտիշը» Կիպրոսում ոչ-ոքի (0-0) խաղաց «Օմոնիայի» հետ եւ լավ հնարավորություն ստացավ սեփական հարկի տակ պայքարելու հաջորդ փուլի ուղեգրի համար։ Հաշիվը չբացվեց նաեւ «Գրեվենմախեր» Լյուքսեմբուրգ-«Լեոթար» Բոսնիա եւ «Գլենտորան» Հս. Իռլանդիա¬«Հելսինկի» Ֆինլանդիա հանդիպումներում։ Մակեդոնիայի «Վարդարը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության մատնեց Ուելսի «Բարի Թաունին»։ 2 գոլ խփեց Սանթոսը, մեկ անգամ աչքի ընկավ Ռիստովսկին։
Եվ այսպես, չեմպիոնների լիգայի նոր խաղարկության մեկնարկը տրված է։ Կայացել են առաջին հանդիպումները, եւ այժմ մրցակիցներին հարկ կլինի հուլիսի 23-ին անցկացնելու պատասխան խաղերը։ Այդ օրն էլ հայտնի կդառնա, թե արդյոք բավակա՞ն էր Երեւանում «Ռեյկյավիկի» դարպասը խփված միակ գնդակը հաջորդ փուլ դուրս գալու համար։ Հիշեցնենք, որ հաջողության դեպքում ՀՀ չեմպիոն «Փյունիկին» սպասում է Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը։