Ի՞նչ կարող եմ անել
Այսպիսով Ձեր ԱՄՆ մուտքի վիզայի դիմումը մերժվել է։ Դուք համբերատար կանգնել եք հերթում եւ սպասել Ձեր հերթին, բերել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հարցազրույցի ժամանակ ճշտորեն պատասխանել հյուպատոսի բոլոր հարցերին։ Չնայած այս ամենին հյուպատոսըՙ մերժեց Ձեզ վիզա տալ։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Ինչպե՞ս կարող եք մեծացնել վիզա ստանալու հավանականությունը, եթե կրկին դիմեք վիզայի համար։
Մերժման մեկնաբանումը։
Հասկանալու համար Ձեր մերժման պատճառները, նախապես պետք է իմանալ, որ վիզա ստանալու համար հյուպատոսին համոզիչ փաստարկներ պետք է ներկայացվեն։ Համաձայն ԱՄՆ ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի 214 (b) հոդվածիՙ հյուպատոսը պարտավոր է յուրաքանչյուր վիզայի դիմորդի դիտել որպես ԱՄՆ ներգաղթելու կամ ԱՄՆ-ում աշխատանք փնտրելու ցանկություն ունեցող անձի։ Այս փաստը հաշվի առնելովՙ յուրաքանչյուր դիմորդ պետք է ցույց տա իր սոցիալ-տնտեսական եւ մասնագիտական ամուր կապերն իր հայրենիքի հետ։ Այլ կերպ ասածՙ եթե ցանկություն ունեք մեկնելու ԱՄՆ կարճատեւ գործնական կամ հանգստի նպատակով, պետք է հյուպատոսին համոզիչ փաստարկներ ներկայացնեքՙ ապացուցելու համար, որ դուք մտադրված չեք մշտապես բնակվել ԱՄՆ-ում։ Վերջնական որոշում կայացնելու համար հյուպատոսը հաշվի է առնում բազմաթիվ հանգամանքներ։
Առաջին, հյուպատոսը փորձում է տեսնել Ձեր կապը հայրենի երկրի հետ, ինչը կապահովի Ձեր վերադարձը։ Դրա բաղկացուցիչ մաս կարող են լինել ընտանիքը, Հայաստանում մշտական բնակության փաստը, կայուն աշխատանքը։ Որքան շատ այսպիսի փաստեր ներկայացնեք, այնքան լավ։ Երկրորդ, պետք է ապացուցեք հյուպատոսին, որ դուք ի վիճակի եք հոգալու Ձեր ԱՄՆ մեկնելու եւ վերադարձի բոլոր ծախսերը։ ԱՄՆ ճամփորդությունները բավականին թանկ են, եւ յուրաքանչյուր ոք պետք է վստահ լինի, որ ճամփորդության ժամանակ իր գումարը չի սպառվի, եւ որ Հայաստան վերադառնալուց հետո ինքը դեռեւս ի վիճակի կլինի հոգալ իր եւ իր հարազատների ծախսերը։ Երրորդ, հյուպատոսը պետք է հավաստիանա, որ դուք ԱՄՆ-ում գտնվելու եք նախապես հստակեցված ժամանակահատվածում։ Ասելով, թե ցանկանում եք այնտեղ մնալ ընդամենը մի քանի ամիս, հստակ ձեւակերպում չէ։ Հյուպատոսի համար ավելի պարզ կլինի պատկերացնել Ձեր վերադարձը Հայաստան, եթե դուք ասեք Ձեր ԱՄՆ-ում գտնվելու ճշգրիտ ժամանակահատվածը։
Ի՞նչ կարող եք անել մերժումից հետո։
Եթե դուք չեք կարողացել ապացուցել հյուպատոսին, որ դուք մտադրված չեք ներգաղթել ԱՄՆ, նա ստիպված պետք է մերժի Ձեր դիմումը։ Դա չի նշանակում, որ դուք մշտապես զրկվում եք ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից։ Դուք կարող եք կրկին դիմել վիզայի համար, երբ ցանկանում եք, սակայն, ամենայն հավանականությամբ, Ձեր դիմումը նորից կմերժվի, քանի դեռ չեք ներկայացնի նոր փաստեր, որոնք ցույց կտան, որ Դուք ցանկություն չունեք ներգաղթել ԱՄՆ, կամ Ձեր կյանքում տեղի չեն ունեցել զգալի փոփոխություններ (օրինակՙ նոր աշխատանքի եք անցել, նոր տուն եք գնել եւ այլն), որոնք կհավաստեն, որ Դուք ցանկություն չունեք ներգաղթել։
Ընդհանրապես, որքան շատ փաստեր ներկայացնեք, որ մտադրված չեք ներգաղթել ԱՄՆ, այնքան լավ։ Ձեր իրավունքն է ներկայացնել որոշակի փաստաթղթեր կամ ուղղակի բանավոր ներկայացնել իրավիճակը հարցազրույցի ժամանակ։ Ինքներդ պետք է որոշեք որ տարբերակն է առավելագույնս հիմնավորում Ձեր պահանջը։ Եթե չեք կարող ներկայացնել Ձեր իրավիճակը նկարագրող փաստեր (օրինակՙ գործազուրկ եք, ամուսնացած չեք, առկա չէ Հայաստանում մշտական բնակության փաստը), ավելի լավ է ուղղակի սպասել մինչեւ իրավիճակի փոփոխվելը։ Ոչ մի դեպքում պետք չէ արհեստական ճանապարհով ստեղծել նման փաստեր։ Ոչ ներգաղթային վիզայի բազմաթիվ դիմորդներ փորձում են կեղծ ամուսնությունների, աշխատանքի մասին կեղծ փաստաթղթերի միջոցով վիզաներ ստանալ։ Եթե դիմորդի խաբեությունը բացահայտվում է, ապա հնարավոր է, որ նա մշտապես զրկվի ԱՄՆ մուտքի հնարավորությունից։ Ավելինՙ նա վտանգում է իր ընտանիքի անդամների ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։
Եթե Ձեր մերժման կապակցությամբ կամ ԱՄՆ մեկնելու հարցեր ունեք, խնդրում ենք զանգահարել ամերիկյան դեսպանատան հյուպատոսական բաժին 52¬16¬11 կամ 52¬46¬61 (ներքինՙ 4665) հեռախոսահամարներով։