ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Ես քաղաքականությամբ զբաղվել եւ զբաղվելու եմ», երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության արդեն նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Ատենապետի պաշտոնից իր հրաժարականը պայմանավորում է ստեղծված իրողություններով. «Ելնելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից եւ զարգացման հեռանկարներից, շարունակել իմ գործունեությունը որպես ռամկավար-ազատական գաղափարախոսությունը կրող կուսակցության ատենապետ, համենայն դեպս այս պահին, ես գտնում եմ ոչ նպատակահարմար»։
«Արդյոք ներկուսակցական պառակտո՞ւմ էր տեղի ունեցածը, եւ Ռուբեն Միրզախանյանն ունի՞ իր համախոհները կուսակցության մեջ» հարցին ՀՌԱԿ նախկին ատենապետը նշում է, որ ներկուսակցական պառակտում չի եղել, իսկ «բաժանում» կատարել ինքը չի պատրաստվում։ Ինչ վերաբերում է կուսակցության նորընտիր համանախագահներից Հարություն Առաքելյանի այն հայտարարությանը, թե կուսակցության 95 տոկոսը կողմ էր Ռուբեն Միրզախանյանի հրաժարականին, քաղաքական գործիչը նշում է, որ ինքը նման հայտարարություն չի լսել, այդուհանդերձ, եթե եղել է, նրա համոզմամբ, չի կարող համապատասխանել իրականությանը։ «Լավ կլիներ, որ կուսակցության կառույցների 95 տոկոսը ներկայացուցչական կազմով ներկա լիներ այդ համագումարին», նշում է Ռուբեն Միրզախանյանը։
Ռուբեն Միրզախանյանը համոզված է, որ Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանում իր ծրագրերն այսուհետեւ եւս իրականացնելու է։ Սակայն կոնկրետ ում հետ կապված կլինի ծրագրերի իրականացումը, նա չի պատրաստվում նշելՙ ասելով, որ ժամանակը ցույց կտա, եւ կարեւորելով դրանց իրականացման փաստը, այլ ոչ թե այն, թե ում հետ կապված կլինի դրանց իրականացումը։
Լրագրողները փորձում էին ճշտել նաեւ այն լուրերը, թե կուսակցության մեջ այս փոփոխությունները մեկ ամիս առաջ էին պատրաստվում։ «Մենք լիբերալ-դեմոկրատական կուսակցություն ենք, գուցե այդպիսի խոսակցություններ եղել են, չգիտեմ։ Բայց պաշտոնական ժողովների ժամանակ նման խնդիր չի բարձրացվել»։
Քաղաքական գործչին նաեւ մի շարք հարցեր ուղղվեցին ներքաղաքական, հետընտրական խնդիրների վերաբերյալ։ Ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ կոալիցիայի գործունեությանը Ռուբեն Միրզախանյանը վերաբերվում է խիստ վերապահումով, այդուհանդերձ, մաղթում է կառավարությանը հաջող գործունեությունՙ դրանով պայմանավորելով երկրի հասարակ քաղաքացիների բարեկեցությունը։
Ռուբեն Միրզախանյանի համար երեկվա հանդիպումը լրագրողների հետ առաջինն էր որպես Թեքեյան մշակութային միության նախագահի պաշտոնակատար։ Ռուբեն Միրզախանյանը նշում է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը լայնածավալ աշխատանքներ ունի իրականացնելուՙ նշելով նաեւ, որ սերտ է լինելու համագործակցությունը ԹՄՄ սփյուռքյան կառույցների հետ։ «Երբեւէ չպետք է դիտարկել մշակույթն իբրեւ նեղ ոլորտ։ Մշակույթը մեր ամբողջ կյանքն է, այդ թվումՙ նաեւ քաղաքական»։