«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2003-07-19 | #138, 2003-07-22 | #139, 2003-07-23


ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ

Մոլորված կամ մոլորեցնող են բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց, մեր երկրում վերջերս ահագնացած սպանությունների ալիքը կապ չունի ընտրությունների հետ։ Թերեւս, այո, դրանց միջեւ կապն ուղղակի չէ, սակայն ապահովաբար դաժան հաշվեհարդարների սաստկացումը հետեւանք է ընտրություններում ստեղծված մթնոլորտի, հարաբերությունների։ Տարբեր մակարդակի չինովնիկներ, թաղային պաշտոնական եւ անպաշտոն հեղինակություններ ընտրություններում այնպես ներգրավվեցին տարբեր ատյաններից, մրցակից պաշտոնյաներից իջեցված կեղծարար ծրագրերին եւ ապօրինի առաջադրանքներին, եւ իրենց հերթին այնպես ներգրավեցին քրեականացած տարրերին այդ առաջադրանքների իրականացման գործում, որ մարդկային տականքը, ոճրային բնազդները բարձրացան վեր եւ այժմ անարգել տիրություն են անում մեր հրապարակներում ու փողոցներում։ Անպատժելիությունը, անձեռնմխելիության զգացողությունը, մատուցած ծառայության դիմաց համապատասխան վերաբերմունք ակնկալելու «իրավունքն» այդ տականքին այժմ մղում է անարգել հաշվեհարդար տեսնելու միմյանց ու բոլորովին անմեղ քաղաքացիների նկատմամբ։

Մյուս կողմից, ընտրությունների ընթացքում այնպիսի գումարներ են հրապարակ հանվել, այս կամ այն քրեական տարրի գրպանում այնքան փողեր են հայտնվել, որ այժմ կարիք է զգացվում դրանք վերաբաշխելու եւ իրարից խլելու։ Եվ այդ գործընթացում, բնականաբար, առաջացել են տարակարծություններ, որոնք նման մակարդակում միայն արյունոտ հաշվեհարդարներով կարող են լուծվել, սպառնալիքի տակ պահելով հասարակական անվտանգությունը, հետեւաբար երկրի՛ անվտանգությունը, հուսահատության մատնելով ժողովրդին։

Այս կացության դիմաց իսկապես անզոր են անվտանգության մեր ծառայությունները, դատախազությունը։ Քրեականացված վերնախավի դեմ անկարելի է պայքարել առանց պաշտոնը կամ գլուխը կորցնելու։ Հետեւաբար այդ ծառայություններին մնում է, իրենց հերթին, քրեականանալ։ Իսկ քրեականացած մարմիններից չի կարելի օրինականություն ակնկալել նույնիսկ եթե նրանք պայքարում են քրեական տարրերի դեմ։ Անօգուտ են նաեւ համակարգային մոտեցման պահանջները, որոնք վերջերս հնչում են այս եւ այն կողմից։ Քանզի համակարգված պայքարը քրեական տարրերի եւ մթնոլորտի դեմՙ պահանջում է ... համակարգ, որն, ավա՜ղ, մեր պարագայում, նույնպես քրեականացված է։

Ոչ ոք չի կարող պնդել, որ Էրեբունի համայնքում երեկ պատահած մահափորձն անմիջականորեն կապված է վերջին ընտրությունների հետ։ Սակայն այդ ընտրություններում ստեղծված մթնոլորտն ու փողային եւ անձնամիջյան հարաբերություններն, անշուշտ, կապված են այդ միջադեպի հետ։

Ո՞վ է կանգնեցնելու այս բոլորը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4