«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2003-07-19 | #138, 2003-07-22 | #139, 2003-07-23


ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՍԵՐԸ ՏԱՐՐԱԼՈՒԾՎՈՒՄ Է

Մտորումներ գեղանկարիչ Բորիս Մատինյանի նկարների մոտ

Ի վերջո ի՞նչ է աբստրակցիոնիզմը։ Ինչպե՞ս առաջացավ այս ուղղությունը, որը, դարասկզբին ցնցելով աշխարհը, այսօր էլ նույն համառությամբ շարունակում է իր արտասովոր ծուղակի մեջ պահել աշխարհի արվեստագետներին եւ մեծահարուստ կոլեկցիոներներին։ Ի՞նչն է այս արվեստի շարժիչ ուժը, ինչո՞ւ վերջինիս տարածման գործում նման աշխուժություն հանդես բերեցին աշխարհի հայտնի թանգարաններն ու պատկերասրահները, առաջիններիցՙ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը։

Ինչեւէ, կգա ժամանակը եւ այս հարցերի սպառիչ պատասխանը կտան արվեստաբանները։ Իսկ մենք մի բան կարող ենք փաստել միայն. աբստրակցիոնիզմն այսօր աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, նույնքան ընդունված եւ արդիական ուղղություն է, որքան իր ձեւավորման շրջանում, հետպատերազմյան Եվրոպայում։ Հայաստանում էլ այն համարվում է գեղանկարչության առաջատար ուղղություններից մեկը։ Ժամանակակից հայ գեղանկարիչներից շատերն իրենց համարում են այս ուղղության գեղագիտական սկզբունքների կրողը, ի դեպ, նրանց գործերն էժան գնով չեն վաճառվում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։

Երեւանցի գեղանկարիչ Բորիս Մատինյանն իրեն նույնպես համարում է աբստրակցիոնիստ։ Սակայն նա բացառիկ արվեստագետներից է, որն իր աշխատանքը չի դիտում որպես եկամտի աղբյուրի։ Նկարիչը դժվար է ապրում, սակայն թաքուն երջանկություն ունի ամբարած իր հոգում, այն էՙ ինքն օժտված է ստեղծագործելու շնորհքով, իսկ իր նկարները նվիրելով կարող է բարի գործ անել եւ ուրախություն պատճառել մարդկանց։ «Նվիրելիս ես երիցս երջանիկ եմ զգում ինձ», «արդարանում» է նկարիչը։

Կարեւոր չէ, թե ինչի վրա է նկարումՙ կտավի, ապակու թե փայտի։ Կարեւորը ստանդարտ մտածողության սահմաններից դուրս գալու մղումն է, որը Բորիս Մատինյանին ստիպում է դուրս գալ կանոնիկ ընդունված ձեւերից եւ գտնել նոր տեխնիկական լուծումներ։ Նրա նկարներում բացակայում են իրական կերպարներն ու հատկանիշները։ Նրանցում գերակայում են գույներով, լույսով եւ ստվերով կառուցված տրամադրությունները։ Նրա կերպարվեստում գեղարվեստական պատկերի տեղը գրավում են գուներանգային ինքնատիպ կոմպոզիցիաները, որոնք որքան տարասեռ, նույնքան ներդաշնակ են։ Անուշադիր դիտողին գուցե դրանք մտքի քմահաճ անցումներ են թվում, սակայն բավական է ուշադիր մի հայացք, եւ առաջին տպավորությունը ցրվում է։

Շատ ինքնատիպ է Բորիս Մատինյանի նկարների թեմատիկան, սակայն բոլորին միավորում է նույն հատկանիշը, հնարավոր չէ վերապատմել դրանք։ Նկարիչը խոստովանում է, որ անգամ մեծ ցանկության դեպքում ինքը չի կարողանում կրկնել իրեն։ Մատինյանին գրավում են աշխարհագրական եւ տիեզերական տեսիլքները։ Հաճախ նա խուսափում է վերնագրել նկարը, որպեսզի այդպիսով չկաշկանդի դիտողին։

Նվիրատվություններ անելը նկարիչը համարում է իր ստեղծագործական գործունեության կարեւորագույն գործոններից մեկը։ 400-ից ավելի նկարներ նա արդեն նվիրել է միջոցներ չունեցող կազմակերպություններին, ծերանոցներին, մանկատներին, գրադարաններին։ «Մինչեւ կյանքիս վերջը բոլորը կնվիրեմ, մինչեւ վերջինը։ Ես ուզում եմ լրիվ պարպված ու ձեռնունայն հեռանալ այս աշխարհից»։ Սա արդեն Բորիս Մատինյանի հայեցակարգն է։

Բորիս Մատինյանը սիրում է փոքր քաղաքները։ Գտնում է, որ մեծ քաղաքում սերը եւ մարդկային լավագույն հատկանիշները տարալուծվում են։ Փոքր քաղաքներում հակառակըՙ սիրո եւ բարության կուտակումներ կան։ Այդ է պատճառը, որ շատ հաճախ, ավելի ճիշտ կլինի ասելՙ հնարավորության դեպքում նկարիչը նախընտրում է իր անհատական ցուցահանդեսները կազմակերպել Երեւանից դուրսՙ մարզերի մյուս մեծ ու փոքր քաղաքներում։ Շատ հաճախ նման միջոցառումներից, բարեգործական ցուցահանդեսներից հետո իր աշխատանքներն ուղղակի նվիրում է քաղաքին։

Վերջերս Բորիս Մատինյանը նման մի ակցիա կատարեց Վանաձորում։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր հունիսի սկզբինՙ քաղաքի իշխանությունների օժանդակությամբ եւ, դատելով արձագանքներից, լավ ընդունելության արժանացավ վանաձորցիների կողմից։ Ցուցահանդեսին նկարիչը ներկայացել էր նաեւ իր կիրառական արվեստի գործերով։

Երազանքներ շատ ունի գեղանկարիչը, սակայն դրանցից իրականությանն ավելի մոտ է թվում մեկը. իր նախնիների ծննդավայրումՙ Աշտարակում, հիմնել ժամանակակից արվեստների թանգարան։

ԼԻԱՆԱ ՉԻՉԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4