Դեռեւս ընթացքի մեջ գտնվող միջոցառումը քաղաքապետարանն այնքան էր կարեւորել, որ հարկային ու համայնքային մարմինների, լրագրողների մասնակցությամբ բազմամարդ սեմինար էր հրավիրել։ Բանն այն է, որ մշտապես աղքատիկ բյուջեից տրտնջացող համայնքները կարող են ֆինանսապես առույգանալ իրենց տարածքից գույքահարկի ու հողի հարկի հավաքումն անմիջապես իրենք իրականացնելու պարագայում։
Անմիջապես համայնքից հավաքողն ավելի լավատեղյակ է տարածքի անցուդարձին եւ, բնական է, ավելի արդյունավետ կիրականացնի հարկահավաքությունը սկզբում ֆիզիկական, մի քանի տարի անցՙ նաեւ իրավաբանական անձանցից։ Սեմինարին մասնակից մասնագետների խոստովանությամբ, հարկայինները մինչ այժմ այնքան էլ շահագրգռված չէին իրենց աշխատանքի այդ մասնաբաժնով։
Գույքահարկի, հողի հարկի վերաբերյալ համայնքային տվյալների բազան արդեն իսկ հանձնվել է Նոր Նորքի, Քանաքեռի, Զեյթունի, Ավանի, Արաբկիրի ու Կենտրոնի թաղապետարաններին։ Մնացած 7 համայնքներին տեղեկատվության փոխանցումը մինչեւ սեպտեմբեր կավարտվի։ Այսուհետեւ թաղապետարանները ոչ միայն իրենք կգանձեն, այլեւ իրենք կհաշվարկեն գույքահարկի կանխատեսվող եւ իրական չափերը։ Ըստ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, դրույքաչափերի փոփոխություն նախատեսված չէ։ Գույքահարկն առայժմ գնահատվելու է բալանսային արժեքով, ամեն տարի շենքի, շինության, ավտոտնակի ու ավտոմեքենայի հնարավոր մաշվածության ցուցանիշները հաշվարկելով։ Կենտրոն համայնքի գլխավոր մասնագետ ներկայացուցիչ Սամվել Միքայելյանի վկայությամբ, նման սկզբունքով հաշվարկներ անելու արդյունքում բարձրահարկ մի հսկա շենքի արժեքը «հասել» է 2 մլն դրամի։
Եկող տարվանից գույքահարկի գնահատումը կիրականացվի ըստ շուկայական արժեքի։ Այս իրողությունը ոչ միայն կբացառի անհեթեթությունները, այլեւ համայնքային բյուջեներ դրամական մեծ հոսքերի պատճառ կդառնա։ Քանի որ այս ամենը թաղապետարանների աշխատողների համար նորույթ է, առայժմ հարկային կառույցների մասնագետները տեսական ու գործնական օգնություն կցուցաբերեն նրանց։ Ամենադժվար փորձությունը, թերեւս, սպասվում է այն բնակիչներին, ովքեր բոլորովին անտեղյակ են, որ գույքի տուրք վճարելու պարտավորություն ունեն։ Կան մարդիկ, ովքեր նաեւ չգրանցված, այսինքնՙ չարժեքավորված գույք ունենՙ տուն, ավտոտնակ, ինքնակամ կառույցներ։ Այսինքնՙ յուրաքանչյուր համայնքում աշխատանքային նոր ճակատ է բացվելու։ Հատուկ խմբեր ստեղծելու անհրաժեշտություն կլինի, որոնք պիտի զբաղվեն թաքնված գույքատեսակների հայտնաբերումով ու գրանցումով։
Ասենք, որ հարկայիններն իրենց իրավասությունների այդ փոքրիկ պատառը հանձնել են համայնքներին միայն ֆիզիկական անձանց կտրվածքով։ Իրավաբանական անձանցից գույքահարկի հավաքման առաքելությունը համայնքներին կտրամադրվի միայն 2006 թ.։ Հիմա նրանք այդքան մեծ բեռ չեն կարող վերցնել ոչ օրենքով, ոչ էլ հնարավորությունների ծավալներով։
Տեղեկատվական բազայի փոխանցման եւ տվյալների մշակման գործընթացում ի՞նչ դժվարությունների են բախվում համայնքները։ Սամվել Միքայելյանը, օրինակ, նշում է, որ Կենտրոն համայնքում շատ է հանդիպում գույքի կրկնակի գրանցման փաստը։ Մի ցուցակի համաձայն, ասենք, քաղաքացին, իբր գույքի պարտք ունի 1000 դրամ, մեկ այլ ցուցակովՙ 5000։ Դա, իհարկե, մայր բազայում տիրող խառնաշփոթի արտահայտություն է, որ անփոփոխ հանձնվում է թաղապետարանին։ Վերջինս, եթե մտադիր է հստակ աշխատել, մուտքագրումների, զտումների տիտանական աշխատանք պիտի իրականացնի։ Կան նաեւ այլ խնդիրներ, երբ, ասենք, գույքը 1998 թ. գնահատվել է մի գնով, 2001 թ., որպես վերագնահատում, կադաստրն այլ արժեք է սահմանել։ Մի խոսքովՙ արդեն խորացած, բարդացած խնդիրներ են, որոնք եթե պիտի ճշտվեն, ապա միայն հարկայինների, կադաստրի, պետավտոտեսչության համատեղ աշխատանքով։
Ըստ Արմեն Ալավերդյանի, մինչ այժմ ֆիզիկական անձանցից գանձվող գույքահարկի գումարների 50-60 տոկոսը հավաքվել է փոխադրամիջոցներից։ Այսօր միայն Երեւանում 100 հազարից ավելի բենզինով ու գազով շահագործվող մեքենաներ կան։ Այստեղ էլ խնդիրների կուտակում կա, որոնք պիտի պարզաբանեն համայնքները, եթե ուզում են բյուջե գնացող գումարներից կորուստներ չունենալ։ Ասենք, մեքենան պապը հավաստագրով հանձնել է թոռանը, որն ապրում է այլ համայնքում։ Այսինքնՙ մի համայնքում գրանցված գույքի հարկը կարող է բաժին հասնել այլ համայնքի։
Փաստորեն, Երեւանի 12 համայնքներում տեղեկատվական 12 ինքնուրույն բազաներ են ստեղծվումՙ ամեն մեկն իր համար, միմյանցից անկախ։ Միասնական կենտրոն չկա, որը հավաքի, մշակի ու վերլուծի ընդհանուր տեղեկատվությունը։ Այն ձեռքի տակ ունենալով, ճշգրտումների գործընթացն ավելի արագ առաջ կգնա։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե իշխանության ո՞ր օղակում (քաղաքապետարան, հարկային ծառայություն, թե տարածքային կառավարում) կստեղծվի հարկային միասնական տեղեկատվությանը տիրապետող նոր կառույցը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ